Լրահոս
Օրվա լրահոսը

«Վզգո՜, մինչեւ վերջ ասա, դու քաշվում ես»․ ի՞նչ պատմեց վկան Հադրութում թշնամու հարձակումից

Հունիս 29,2022 19:00

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր դատավոր Ջոն Հայրապետյանի նախագահությամբ շարունակվեց զորամասերից մեկի գումարտակի հրամանատար, մայոր Իշխան Վահանյանի գործով հերթական դատական նիստը:

Ըստ մեղադրանքի՝ Իշխան Վահանյանը 44-օրյա պատերազմի օրերին վերցրել է կապի միակ միջոցը եւ լքել մարտադաշտը՝ դիրքում անպաշտպան թողնելով իր ենթակայության տակ գտնվող զինվորներին․ 16 զինծառայող զոհվել է, 7 զինվոր՝ գերեվարվել, 6-ը՝ վիրավորվել, 1-ը մինչ օրս անհետ կորած է համարվում, զինվորների մի մասին էլ 70 օր շրջափակման մեջ մնալուց հետո հրաշքով հաջողվել է փրկվել: Նա իրեն մեղավոր չի ճանաչում։

Ըստ մեղադրանքի՝ 2020-ի հոկտեմբերի 9-ից Իշխան Վահանյանը,  նշանակվելով ՊԲ N զորամասի 5-րդ հրաձգային գումարտակի հրամանատար, հրաման է ստացել իր ենթակայության ներքո գտնվող գումարտակի անձնակազմի հետ տեղափոխվել Արցախ՝ Հադրութ քաղաքի մոտակայքում գտնվող Խուռհատ սարի վրա։ Հոկտեմբերի 9-ին տեղափոխվել է նշված վայր եւ գումարտակի անձնակազմով դիրքավորվել։ Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ի սահմաններում, հակառակորդը անցել է հարձակման, Վահանյանը մարտի դաշտը լքել է: Հետո պարզվել է, որ աջ ազդոսկրի վերին երրորդականի կույր բեկորային թեթեւ մարմնական վնասվածքը որպես հիմք ներկայացնելով՝ դիմել է հիվանդանոց:

Այսօր որպես վկա հարցաքննվեց Վարդանյան Վազգենը, որը ծառայել է Իշխան Վահանյանի հետ, եղել վաշտի հրամանատար։ Նա դատարանին հայտնեց, որ Վահանյանին վերջին անգամ տեսել է Խուռհատ սարի վրա, երբ մասնակցելիս են եղել մարտական գործողությունների։ «Հարձակման ժամանակ նրան նկատել եմ «վա՜խ-վախ» անելով ճանապարհով գնալիս։ Այլ բան չեմ տեսել»,-հավելեց վկան։ Նա ընթացքում տեղեկացել է, որ զոհեր կան, դիրքային փոփոխություններ են եղել, վիրավորվել է նաեւ Իշխան Վահանյանը, իսկ թե ինչ հանգամանքներում՝ վկան չհիշեց, որ նման տեղեկություն է լսել։ «Ասել են՝ քամակից վիրավոր է, իջել է, որ բուժվի»,-ասաց Վազգեն Վարդանյանը։

Նա նաեւ պատմեց, որ դրվագներից մեկում Ադրբեջանը բարձունք է գրավել, իր դրոշը բարձրացրել, սակայն տղաներին հաջողվել է բարձունքը հետ նվաճել․ զոհեր եղան, ծնողներից մեկն էլ որդու դին խրամատում է տեսել։ Այս ընթացքում Իշխան Վահանյանին տեսնելու առիթ չի եղել, դիրքավորումները մի քանի անգամ փոխվել են․ «Ինձ ասել էին, որ նա վիրավոր իջել է։ Ամսի չորսի կամ հինգի առավոտն արդեն տեսել եմ իրեն։ Նորից մարտի մեջ էին մտել, այդ ժամանակ մեկ զոհ ունեցանք։ Ես իրենցից հեռու էի, շատ բանից տեղյակ չէի»։

Վկայի պատասխանները մեկընդմեջ վրդովվեցնում էին ծնողներին, որոնք տուժողի իրավահաջորդներ են ճանաչված։ «Վզգո՜, մինչեւ վերջ ասա, ինչի՞ չես ասում, դու քաշվում ես ամբաստանյալից»,-բղավում էին նրանք։ Ծնողները բարկացան  վկայի նաեւ այն որակումներից, որ զորքը բավարար պատրաստ ու ընդունակ չի եղել հակառակորդին դիմակայելու։ «Վազգենն ասում էր, որ ինքը մեղավոր չի, որ իրեն Վահանյան Իշխանն է հրաման տվել, Վարդերեսյանը։ Դե թող ասի անունները»,-ասում էր ծնողներից մեկը։  Լարված մթնոլորտում հայտարարվեց ընդմիջում։

Նիստը վերսկսելուց հետո Վազգեն Վարդանյանը պատմեց, որ Խուռհատ սարի վրա հակառակորդի հարձակումից հետո, երբ ստորաբաժանման հրամանատարը զոհվել է, առաջադրանքները կատարել է Իշխան Վահանյանը․ «Մենակ հիշում եմ, որ զորքն արդեն պետք է հետ բերեինք։ Ես եմ խոսել սպաների հետ, դիրքավորվել ենք, անձնակազմը դուրս է եկել։ Նահանջ էր, էլ անհնար էր մնալը։ Վերադաս հրամանատարությանը չէինք կարող զեկուցել նահանջի մասին, որովհետեւ կապի միջոց չկար»։

Դառնալով Իշխան Վահանյանի վիրավորում ստանալուն՝ վկան հայտնեց, որ իրեն չի տեսել որոշակի պահից հետո, միայն տեսել է, որ Վահանյանը վազել է ճանապարհի կողմը՝ բղավելով «վախ, վախ»․ «Մտածեցի, որ վիրավորվել է։ Մենակ էր այդ պահին։ Խառը պահ էր, ես մտածեցի, որ վիրավորվել է»։ Հարցին՝ տարօրինակ չէ՞, որ վիրավորում ստացած մարդը մենակ այդպես գնում է, Վազգենը պատասխանեց․ «Մտածեցի, որ թեթեւ վիրավորում է ստացել, գնում է»։

Վկայի խոսքով՝ Վահանյանը պետք է տեղակալ նշանակեր, կապի միջոց թողներ, նոր գնար, սակայն կապի միջոցի հանձնում չի եղել։ Այդ ընթացքում անձնակազմը, իր բնորոշմամբ, խուճապահար իջել է․ «Մարտի մեջ ենք եղել։ Վահանյանի հեռանալուց առաջ եւ հետո էլ է եղել։ Խուճապ ասելով նկատի ունեմ, որ անձնակազմն անկանոն ներքեւ էր իջնում։ Նահանջի հրաման չի եղել, անձնակազմ ինքն իրենով իջել է, մենք էլ պահել ենք, որ գոնե դուրս գան, մնացած զորքին հասնեն։ Դուրս գալուց հետո նոր շարժվել ենք»։

Իսկ թե ինչու է նահանջող անձնակազմը երկու խմբի բաժանվել, Վազգեն Վարդանյանը հայտնեց․ «Վիրավորների կամազները, որոնք անձնակազմ են տեղափոխել, ճանապարհին զասադի մեջ էին ընկել, կոտորվել են․․․այդ ճանապարհով՝ Վանքից մինչեւ Հադրութի մեջ, գնալն արդեն վտանգավոր էր։ Ոչ թե տեղեկացել եմ այդ մասին, այլ գլխի եմ ընկել, որովհետեւ կրակոցներն արդեն վերեւից լսում էինք։ Կապի խնդիր է եղել, հնարավոր չի եղել մեր զորքի մի մասին կանգնեցնել, որովհետեւ կապի խնդիր է եղել»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930