Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր դատավոր Ջոն Հայրապետյանի նախագահությամբ շարունակվեց զորամասերից մեկի գումարտակի հրամանատար, մայոր Իշխան Վահանյանի գործով հերթական դատական նիստը: Ըստ մեղադրանքի՝ Իշխան Վահանյանը 44-օրյա պատերազմի օրերին վերցրել է կապի միակ միջոցը եւ լքել մարտադաշտը՝ դիրքում անպաշտպան թողնելով իր ենթակայության տակ գտնվող զինվորներին․ 16 զինծառայող զոհվել է, 7 զինվոր գերեվարվել, 6-ը՝ վիրավորվել, 1-ը մինչ օրս անհետ կորած է համարվում, զինվորների մի մասին էլ 70 օր շրջափակման մեջ մնալուց հետո հրաշքով հաջողվել է փրկվել: Նա իրեն մեղավոր չի ճանաչում։
Գործով որպես վկա հարցաքննվեց Կրկիկյան Կարենը, որը եղել է Իշխան Վահանյանի ծառայակիցը, ստորաբաժանման կազմում պատասխանատու ղեկավար պաշտոն զբաղեցրել։ Նա դատարանին հայտնեց, որ մի անգամ Իշխան Վահանյանին հանդիպել է Հադրութի մոտակայքում՝ ճանապարհին․ «Ինքը ոտքով էր»։ Որոշ տվյալներ Կրկիկյանը լավ չէր հիշում, միայն ասաց, որ եւս մեկ անգամ Վահանյանին տեսել է Հադրութի դպրոցում, որտեղ տեղակայված են եղել նրան ենթակա զինվորները։ Դատավորը հետաքրքրվեց՝ մի հատ չհարցրի՞ք, Վահանյան, ճանապարհին մենակ ի՞նչ գործ ունես։ «Ասաց՝ անձնակազմին էր ման գալիս, չկան»,-պատասխանեց վկան։ Թե ում նկատի ուներ նա անձնակազմ ասելով, Կրկիկյանը հստակեցրեց՝ զինվորներին է նկատի ունեցել․ «Կրակում էին այդ պահին, երկար ժամանակ չկար նրան հարցեր տալու»։
Դատավորը հարցրեց՝ զինվորական բառապաշարում «անձնակազմին ման գալ» ի՞նչ է նշանակում։ Կրկիկյանը պատասխանեց․ «Եթե ման ես գալիս, ուրեմն փախել են»։ Դահլիճում ներկա՝ զոհված զինծառայողների ծնողները, որոնք այս գործով տուժողների իրավահաջորդներ են, վրդովվեցին այս խոսքերից եւ սպային կոչ արեցին ստեր չտարածել, որովհետեւ իրենց տղաները զոհվել են։
Կրկիկյան Կարենն այնուհետեւ հայտնեց, որ Վահանյանին տեսնելուց հետո էլ չի իմացել, թե իր հետ ինչ է եղել։ Անձնակազմի ճակատագրից չի հետաքրքրվել նաեւ այն ժամանակ, երբ Վահանյանին տեսել է Հադրութի դպրոցում․ «Իսկ հակառակորդի առաջխաղացման մասին ասվել է, երբ շատ են մոտիկացել։ Ասվել է նահանջել»։
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ ՊԲ զորամասի հրամանատար Արթուր Քարամյանից հոկտեմբերի 8-ին Վահանյանը հրաման է ստացել իր ենթակայության ներքո գտնվող գումարտակի անձնակազմի հետ տեղափոխվել Արցախ՝ Հադրութ քաղաքի մոտակայքում գտնվող Խուռհատ սարի վրա։ Հոկտեմբերի 9-ին տեղափոխվել է նշված վայր եւ գումարտակի անձնակազմով դիրքավորվել։ Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ի սահմաններում, հակառակորդը անցել է հարձակման, Վահանյանը մարտի դաշտը լքել է: Հետո պարզվել է, որ աջ ազդոսկրի վերին երրորդականի կույր բեկորային թեթեւ մարմնական վնասվածքը որպես հիմք ներկայացնելով՝ դիմել է հիվանդանոց:
Ըստ մեղադրանքի՝ Վահանյանը բեկորային վնասվածք ստանալը որպես պատրվակ օգտագործելով, վերցրել է վերադաս հրամանատարության հետ կայուն կապ հաստատելու համար նախատեսված միակ կապի միջոցը եւ պարտականությունների կատարումը տեղակալներից որեւէ մեկին չփոխանցելով՝ անձնակազմին թողել առանց պատշաճ ղեկավարման եւ ղեկավարման միջոցների, որից հետո, նստելով ավտոմեքենան՝ ինքնակամ լքել է մարտադաշտ հանդիսացող վերոնշյալ մարտական դիրքը: Քանի որ կապի միջոց չի եղել՝ զինծառայողները չեն իմացել, թե ինչպես է հակառակորդը ներթափանցել Հադրութ։
Դատավորը վկա Կրկիկյանից հետաքրքրվեց․
-Մարտական կանոնագրքին ծանո՞թ եք։
-Այո։
-Եթե, օրինակ, դուք վիրավորում ստանայիք, իրավունք կունենայի՞ք լքել ծառայության վայրը։
-Նայած ինչ վիրավորում։ Եթե ոչ պիտանի ես դառնում․․․
-Իսկ ո՞վ է որոշում՝ պիտանի՞ ես, թե՞ ոչ։
-Մի հատ բան ասեմ, պարոն դատավոր։ Եթե ձեռքդ կտրվի, պիտանի չես։
-Եթե վիրավորում չես ստացել, բայց ուղղակի ջերմո՞ւմ ես։
-Ոչ, թեթեւ հիվանդություն կարող է լինել պատերազմի ժամանակ։ Միանշանակ՝ ոչ։
-Դուք վիրավորում ստացե՞լ եք։
-Եղել է։ Բեկորային վնասվածք եմ ստացել թեւիս, նաեւ վթարի եմ ենթարկվել, հոսպիտալում եմ եղել։ Եղել են զինվորներ, որ վնասվածքներ են ստացել, զննվել են հոսպիտալում։
-Ձեզ դրա համար արձակուրդ տրամադրե՞լ են։
-Գրել են հինգ օր։
-Դուք շարունակե՞լ եք սակայն ծառայությունը։
-Այո։
Տուժողի իրավահաջորդ հանդիսացող ծնողներից մեկը՝ Ղազարյան ազգանունով, հետաքրքրվեց՝ պատերազմի ընթացքում Կրկիկյանը տեսե՞լ է զինվորների, որոնք վիրակապերով են եղել։ Կրկիկյանը պատասխանեց, որ այո, եւ ոչ մեկ անգամ։ Ծնողը վրդովված ասաց․ «Բա ո՞նց է եղել, որ կյանքին վտանգ չսպառնացող վնասվածքով հրամանատարը 17 օր խնամքի արձակուրդ է վերցրել ու պառկել, իսկ մյուսները վիրակապերով ըտեղ են եղել։ Ա՜յ քեզ բան»։
Կարեն Կրկիկյանի հարցաքննությունն այսքանով ավարտվեց։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ