Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Լեյլա Աբդուլլաևան մեկնաբանել է Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի անձնակազմի կառավարման գլխավոր վարչության պետի տեղակալ, գնդապետ Սահակ Սահակյանի հայտարարությունն այն մասին, որ որոշում կա Լեռնային Ղարաբաղում միայն պայմանագրային զինծառայություն անցնելու մասին:
Աբդուլլաևան նշել է, որ նման հայտարարությունը հերթական ապացույցն է, որ Հայաստանի պաշտոնատար անձիք չեն ընդունում, որ «Ադրբեջանի տարածք անօրինական զինված խմբավորումներ են ուղարկում»:
«Այդ հայտարարությունը պաշտոնական Երևանի կողմից 2020թ. նոյեմբերի 9/10-ի եռակողմ հայտարարության կոպիտ խախտում է, որի դրույթներից մեկն էլ Ադրբեջանի տարածքից հայկական անօրինական զինված խմբավորումների դուրսբերումն էր»,- ասել է Աբդուլլաևան:
Նրա խոսքով՝ մինչ Ադրբեջանը քայլեր է ձեռնարկում հետպատերազմյան շրջանում կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ, Երևանի նման մոտեցումը «բացահայտ վկայում է այն մասին, որ այդ երկիրը շահագրգռված է ոչ թե խաղաղության, այլ տարածաշրջանում լարվածության մեջ»:
Կարդացեք նաև
«Այդ հայտարարությունը վկայում է այն մասին, որ հայկական կողմի հայտարարությունները խաղաղության մասին ոչ այլ ինչ են, քան երկերեսանիություն, ինչպես նաև Հայաստանի կողմից ագրեսիայի քաղաքականության վառ արտահայտում»:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ