Լրահոս
Օրվա լրահոսը

Մարզական փառատոն Գյումրիում՝ հաշմանդամություն ունեցող զինվորների հուզիչ պարով (Տեսանյութ, ֆոտոշարք)

Հունիս 29,2022 17:52

Հաշմանդամություն ունեցող անձանց հանրապետական մարզական փառատոնն այս տարի անցկացվում է Գյումրիում։ Ի դեպ, հանրապետության երկրորդ քաղաքում անցկացվում է առաջին անգամ։ Այն 19-րդ փառատոնն է, եռօրյա է։

Այսօր տեղի ունեցավ հանդիսավոր բացումը։

Պաշտոնական բացումը մեկնարկեց «Զինվորի տան» պարի խմբի հուզիչ կատարմամբ, որից հետո երկար ժամանակ բուռն ծափահարություններ էին հնչում։

Շիրակի մարզպետարանի մշակույթի և սպորտի բաժնի պետ Վաչագան Վարդանյանն Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ փառատոնին մասնակցում են 80-ից ավելի հաշմանդամություն ունեցող մարզիկներ՝ հանրապետության բոլոր մարզերից ու Երևանից։ Նրանք մրցելու են 7 մարզաձևերում։

Այսօր լողի, շախմատի, անվասայլակներով բասկետբոլի մրցումներն են։

Ի դեպ, «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքում 100 մետր տարածք են առանձնացրել՝ անվասալյակների վազք անցկացնելու համար։ Սա ևս նորույթ է։

Մեր հարցին՝ արդյոք Գյումրին ունի՞ պայմաններ 80-ից ավելի հաշմանդամություն ունեցող անձանց հյուրընկալելու, Վաչագան Վարդանյանը պատասխանեց, որ Գյումրու Տեքստիլագործների թաղամասում գտնվող հյուրանոցներից մեկը հարմարեցված է հաշմանդամություն ունեցող անձանց։

ՀՀ պարալիմպիկ կոմիտեի նախագահ Հակոբ Աբրահամյանն էլ մեր զրույցում կարևորեց պետության հետևողական մոտեցումը հաշմանդամություն ունեցող անձանց սպորտաձևերում ներգրավելու համար։

Նա թվարկեց խնդիրներն՝ ասելով․ «Ինչքան էլ մենք գումար ծախսենք, չի հերիքի, պետք է պետությունը մի պահ որոշի, որ ամբողջ մարզադահլիճները պետք է մատչելի լինեն, որ հաշմանդամություն ունեցող փոքր երեխաները գնան այնտեղ, մարզումներ անցկացնեն և մարզիկներ դառնան։

Մարզադպրոցներում պետք է լինեն պրոֆեսիոնալ մարզիչներ, որոնք համապատասխան վերապատրաստում անցած կլինեն, որպեսզի կարողանան հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների հետ համապատասխան սպորտաձևով զբաղվել։ Պետք է ՏԻՄ-երի ուշադրությունը պահել այդ խնդրի վրա, որովհետև ամբողջ աշխարհը գիտի, որ հաշմանդամության վերականգման լավագույն ձևը դա ակտիվ կյանքն է, սպորտն է, պետք է հետևել, որ շենք- շինությունները մատչելի լինեն։

Մենք այս պահին հնարավորություն ունենք միջազգային մրցումներն անցկացնել Հայաստանում, բայց երկրի ենթակառուցվածքները թույլ չեն տալիս, որպեսզի դա անենք։ Հյուրանոցները թերի մատչելի են, մարզակառույցները թերի մատչելի են, լավագույն դեպքում թերի մատչելի, որոշների մոտ ընդհանրապես բացակայում է մատչելիությունը։

Չունենք տրանսպորտային միջոցներ, որտեղ կկարողանանք սպասարկել մեծ քանակությամբ սայլակ օգտագործողների։ Եթե հիմա մենք որոշենք ծանրամարտի Եվրոպայի առաջնությունն անցկացնել Հայաստանում, խոսքը պարածանրամարտի մասին է, մոտ 300 սայլակ օգտագործող կգան, և մենք չենք կարողանա նրանց տեղավորել հյուրանոցներում և տրանսպորտով ապահովել։ Այսինքն՝ երկրի զարգացման ֆակտոր է սա, որի վրա պետք է հատուկ ուշադրություն դարձնել»։

Բժիշկ Հրանտ Աշճյանն ևս կարևորեց պետական հովանավորչությունը, ըստ նրա, մինչև հիմա, ինչ կատարվում է , կատարվում է կամավոր հիմունքներով, մինչդեռ անհրաժեշտ է ավելի լուրջ, պրոֆեսիոնալ մոտեցում, պրոֆեսիոնալ անձնակազմ։ Մանավանդ պատերազմից հետո, ըստ նրա, մեծ թվով հաշմանդամություն ունեցողներ կան, որոնց պիտի փորձեն ներգրավել սպորտաձևերում։

Նա կարևորեց նաև հաշմանդամություն ունեցող մարզիկների դասակարգումը, որպեսզի ապահովվի արդար խաղի կանոնակարգը, մրցակցեն նմանատիպ ուժ և հնարավորություններ ունեցող մարզիկներ։ Ըստ նրա, նախ Հայաստանում պիտի դասակարգում կատարեն, այնուհետ միջազգային ասպարեզում։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930