Ականավոր դուդուկահար Ջիվան Գասպարյանի մահվան առաջին տարելիցին՝ հուլիսի 6-ին Կոմիտասի անվան պանթեոնում, որտեղ ամփոփվել է երաժշտի մարմինը, կբացվի դուդուկահարի կիսանդրին: Քանդակի հեղինակը քանդակագործ Ալեքսան Բաբայանն է:
Տարիներ շարունակ ծիրանափողի մեղեդիները տարածել է աշխարհով մեկ՝ հանրահռչակելով դուդուկն ու հայկական երաժշտությունը: Գասպարյանը, որը համերգային շրջագայություններով եղել է աշխարհի բազմաթիվ երկրներում, նվագել հեղինակավոր բեմերում, մահկանացուն կնքել է հուլիսի 6-ին ԱՄՆ-ում:
Ջիվան Գասպարյանի թոռը՝ դուդուկահար Ջիվան Գասպարյան կրտսերը, չի բացառվում, որ նվագի կիսանդրու բացմանը՝ փորձելով շնորհակալություն հայտնել իր պապին:
Կարդացեք նաև
«Պապս ասում էր, որ կարևոր է, թե ինչպես մարդ կհեռանա կյանքից: Ուրախ եմ, որ նա վերջին հանգրվանը գտավ պանթեոնում, որտեղ շատ մեծեր են թաղված»,-նշում է նա:
Ջիվան Գասպարյանին նվիրված մի շարք միջոցառումներ, համերգային ծրագրեր և այլ նախաձեռնություններ կանցկացվեն ոչ միայն Հայաստանում, այլև Ռուսաստանում: Սեպտեմբերին Ջիվան Գասպարյան կրտսերը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ, որի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորը Սերգեյ Սմբատյանն է, համերգային ծրագրով կներկայանա Երևանում:
Երիտասարդ դուդուկահարը հորը կորցրել է տասը տարի առաջ: Ասում է՝ պապու կորուստը նման էր երկրորդ անգամ հայր կորցնելուն: «Քսան տարի Ջիվան Գասպարյանի հետ շրջագայել եմ աշխարհում: Նա ասում էր, որ ինձ մարդկանց ներկայանալու հնարավորություն է ընձեռում և վստահ է, որ կարող եմ ըստ արժանվույն հանդես գալ, հակառակ դեպքում չէր բարդացնի իմ կյանքը: Ասում էր՝ պետք է կամ լավը լինել, կամ չնվագել առհասարակ: Դա ինձ համար մեծ պատասխանատվություն էր: Նրա վստահությունն ինձ ոգևորում էր, թևեր էր տալիս»,-ասում է Ջիվան Գասպարյան կրտսերը:
Ջիվան Գասպարյանը ոչ միայն կարևորել է բարձրակարգ երաժիշտ լինելը, այլև մարդկային բարձր հատկանիշներն ու արժեքները, որոնց շնորհիվ նա մեծ հարգանք է վայելել միջավայրում:
Ջիվան Գասպարյան կրտսերին հաճախ են հարցնում, թե պապու անունն իրեն չի՞ խանգարում: Զարմանում է, թե ինչու այն պետք է խանգարի: Նրա խոսքով՝ Ջիվան Գասպարյանի անունն ու ազգանունն իր համար դռներ են բացում, ձեռքերի վրա են ընդունում իրեն, քանի որ պապը ոչ միայն հրաշալի երաժիշտ էր, այլև հրաշալի մարդ:
«Ջիվան Գասպարյանի կատարումներն ու երաժշտությունը բոլորին տակնուվրա էին անում: Ջիվան Գասպարյանի հետ նվագել եմ բազմաթիվ փառատոնների ընթացքում, Անգլիայի թագուհու, Նելսոն Մանդելայի համար: Երեք անգամ Ստամբուլում ենք ելույթ ունեցել: Թուրքերը մոտենում ու նրա տարազն էին համբուրում, սակայն նա չէր բարձրաձայնում այդ մասին: Նա երաժիշտ էր, որը հուզում էր մի նոտայով»,-ասում է դուդուկահարն ու հավելում՝ դուդուկը շատ գաղտնիքներ ունի, որոնք պետք է բացահայտել: Ըստ նրա՝ եթե Ջիվան Գասպարյանը ժամանակին ներկայացներ այն, ինչը լսել էր, հաջողություն չէր ունենա:
«Նա այդ օրվա խոսքն է ասել ու զարգացրել է այն: Մենք էլ պետք է մեր խոսքն ասենք»,-հավաստիացնում է կրտսեր Ջիվանը:
Նա իր ընկերոջ՝ դաշնակահար Սաշա Շլեյնի հետ ալբոմ է թողարկել՝ նվիրված Ջիվան Գասպարյանին: Այն կոչվում է “Devotion” (Նվիրվածություն): Երաժիշտները հետաքրքիր գործիքավորմամբ են ներկայացրել հայկական ստեղծագործությունները: «Շատ բան պետք է անել և կարող եմ անել, որովհետև դա իմ առաքելությունն եմ համարում»,-եզրափակում է Ջիվան Գասպարյան կրտսերը:
Դավիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ