Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի ներքաղաքական գործընթացների հիմքում ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքն է. Հայկ Կոնջորյան

Հունիս 29,2022 16:53

«Մենք այս առաջադրումը կատարել ենք հիմնավոր համոզմամբ եւ վստահությամբ, տիկին Վարդապետյանի, ինչպես մասնագիտական որակների ու պրոֆեսիոնալիզմի, այնպես էլ մարդկային արժեքների եւ առաքինության հանդեպ: Այս քննարկումը ևս վերահաստատում է մեր այդ համոզմունքը»,- այսօր խորհրդարանում գլխավոր դատախազի պաշտոնում ՔՊ-ի կողմից առաջադրված Աննա Վարդապետյանի թեկնածության քննարկման ժամանակ ասաց խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:

Ըստ բանախոսի, 2018-ին հեղափոխության գլխավոր ակնկալիքը հասարակության կողմից կապված է արդարության եւ արդարադատության հաստատման հետ: Նրա գնահատմամբ, վերջին շաբաթը Հայաստանում դատաիրավական բարեփոխումների ամենակարեւոր շաբաթն է եւ ցավոք, պատմական այդ շրջափուլը անցնում ենք խորհրդարանում ընդդիմության դատարկ աթոռներով: Հայկ Կոնջորյանի գնահատմամբ, դատաիրավական բարեփոխումները ընդդիմության համար լավագույն հնարավորությունն են խորհրդարանում ինքնադրսեւորվելու, սեփական քննադատությունն ու դիտարկումները ներկայացնելու համար:

Նա ընդգծեց, որ իրենց քաղաքական ուժի հավատամքն է դատաիրավական համակարգի անաչառությունը եւ իրենք գնալու են այդ ճանապարհով: Իբրեւ քաղաքական մեծամասնություն եւ «ժողովրդի ամուր մանդատի կրողներ», իրենք անելու են ամեն բան, որ այդ հավատամքն իրագործվի:

Իշխող ուժի պատգամավորը նկատեց նաեւ, որ իշխանության թեւերի միջեւ զսպումներն ու հակակշռումները հաճախ ընկալվում են իբրեւ այդ թեւերի միջեւ հակամարտություն եւ վերջին տարիներին, մասնավորապես, «դատաիրավական ոլորտի մի շարք ներկայացուցիչների կողմից ակնհայտ քաղաքականացումը բերել է այդ հակամարտության հրապարակային ու ցավոտ դրսեւորումների»: Հայկ Կոնջորյանը վստահեցնում է՝ իբրեւ պետություն եւ հասարակություն, պետք է հաղթահարենք այդ հակամարտությունները եւ ցույց տանք, որ իշխանության տարբեր թեւերի աղբյուրը նույնն է՝ ժողովուրդը, եւ իշխանության տարբեր թեւեր պետք է միասին համագործակցեն՝ հանուն ընդհանուր բարիքի, ոչ թե մասնավոր բարիքի, որը չարիք է ծնում:

Նա բնավ պատահական չի համարում, որ ամենաքննարկվող հարցերից մեկը մասնավոր բարիք եւ համընդհանուր չարիք ստեղծելու մասին նախագիծն է՝ ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքը, որն իր կարծիքով, ուղղակիորեն կապ ունի այն հանգամանքի հետ, որ դահլիճի ընդդիմադիրների հատվածը դատարկ է: Ըստ բանախոսի, Հայաստանի ներքաղաքական գործընթացների հիմքում էլ այդ օրենքի կիրարկումն է ու պատահական չէ, որ թեկնածուին էլ տրվեցին այդ հարցերը:

Հայկ Կոնջորյանը վերահաստատեց, որ իշխող ուժը նպատակաուղղված իրագործելու է իր իսկ կողմից ընդունված օրենքների վերահսկողությունը եւ Հայաստանում արդարության հաստատումը՝ ապօրինի գույքի բռնագանձման օրենքի պատշաճ կիրարկմամբ, Աննա Վարդապետյանն էլ՝ ընտրվելով, հավատարիմ է մնալու օրենքի սահմանած առաքելության կիրարկմանը:

«Դատաիրավական համակարգը Հայաստանում ժողովրդավարության պաշտպանության ամենակարեւոր օղակներից մեկն է, իսկ այս դահլիճը, իմ համոզմամբ, ժողովրդավարության միջնաբերդն է, որովհետեւ այստեղ է ամփոփված ՀՀ ժողովրդի կամքը»,- ասաց Հայկ Կոնջորյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930