Լրահոս
Օրվա լրահոսը

Քարվաճառի հանձնումից մոտ 1,5 տարի է անցել, իսկ քաղաքացիների ահազանգերին լուծում չկա. Թագուհի Թովմասյան

Հունիս 29,2022 16:43

Դեռ 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ առանց փամփուշտի Քարվաճառի հանձնումից շատ չանցած՝ նախանշվեցին Վարդենիս-Քարվաճառ հատվածում գտնվող օբյեկտների (հյուրանոցներ, հյուրատներ, սննդի կետեր, բենզալցակայաններ, գազալցակայաններ, խանութներ և այլն) առաջիկա ֆինանսական լրջագույն խնդիրները։ Նախկինում Վարդենիս-Քարվաճառ գործող ցամաքային կապի պայմաններում նշված օբյեկտներն ուղղակիորեն կրում էին այս ռազմավարական երթուղու դրական ներգործությունը․ Հայաստանը ցամաքային այս ճանապարհով կապվում էր Արցախին, ուստի զարգանում էր բիզնեսը, մարդկանց կենսամակարդակն էր բարելավվում ՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։

Քարվաճառը հանձնվեց, և չնայած նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետի համաձայն՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակվում են, առ այսօր Արցախը շարունակում է մնալ շրջափակված, քանզի Վարդենիս-Քարվաճառ ճանապարհը փակ է, և տեղի մեր քաղաքացիներն իրենց կամքից անկախ ծանրագույն ֆինանսական խնդիրների առաջ են հայտնվել։

Դեռ 2020թ․ նոյեմբերին հրատապ նամակ ուղարկեցի ՀՀ վարչապետին՝ առաջարկելով քննարկել նշված խմբի մեր հայրենակիցներին որևէ տարբերակով օժանդակելու հարցը։ Մարդիկ չէին կարողանում վարկերի ամսական գումարները մարել, ընտանիքի ամենաանհրաժեշտ կարիքները հոգալ։

Կառավարությունը մոտ 100 օր լռեց։ Վերջապես 2021թ․ գարնանը ստացա պատասխան ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից, համաձայն որի նախնական գնահատականով՝ ուսումնասիրության արդյունքների հիման վրա Վարդենիս-Քարվաճառ հատվածում գործող տնտեսվարող սուբյեկտների շրջանառությունը կրճատվել է 80 տոկոսով։ Միաժամանակ նախարարությունից հայտնեցին, որ աջակցության գործիքակազմի ձևավորման վերաբերյալ առաջարկ հնարավոր կլինի ներկայացնել միայն ամբողջ ծավալով ուսումնասիրության և գնահատման արդյունքում։

Թերևս կարելի է ենթադրել, որ նախարարությունը ավելի, քան 1 տարի է՝ քննարկում է այս հարցը, քանի որ կրկին ստանում եմ ահազանգեր մեր շահագրգիռ քաղաքացիներից, որ Քարվաճառը հանձնեցին, լրջագույն ֆինանսական խնդիրներ առաջացրին իրենց համար և միաժամանակ իրենց միայնակ թողեցին այդ ծանր վիճակում։

Տեսնելով, որ քաղաքացիների բարձրացրած խնդրի լուծման ուղղությամբ կոնկրետ քայլեր չեն իրականացվում, Ազգային ժողովի նիստի ժամանակ՝ 2021թ․ մայիսին, համապատասխան հարց ուղղեցի ՀՀ վարչապետի թեկնածու Ն․ Փաշինյանին՝ շեշտադրելով, որ այդ օբյեկտների մի մասը վարկային միջոցներով է ձեռք բերվել, և մարդիկ այս վիճակում երկար մնալ չեն կարող։ Ն․ Փաշինյանը հայտնեց, որ սկսել են ծրագիր, որը վերաբերում է Սևանա լճի շուրջ ճանապարհային օղակի վերականգնմանը և, իր հիշելով, այդ աշխատանքը 2021-ին կավարտվի։ Միաժամանակ Ն․ Փաշինյանը համոզմունք հայտնեց, որ զբոսաշրջային հոսքեր կլինեն այդտեղ, և շրջանառությունները ոչ միայն կվերականգնվեն, այլև կավելանան։

Քաղաքացիները Ն․ Փաշինյանի համոզմունքը լսեցին, և չնայած թերահավատ էին՝ ընդունեցին ի գիտություն, բայց, ինչպես ժամանակը ցույց տվեց, դրանք մնացին զուտ համոզմունքներ։ Իսկ իրականության մեջ մեր այս հայրենակիցները բավականին ծանր վիճակում են արդեն շուրջ 1,5 տարի։

Ի տարբերության ՀՀ կառավարության՝ բանկերը մեր քաղաքացիների կողքին կանգնեցին և շատ դեպքերում բավարարեցին նրանց աջակցելու իմ մի շարք խնդրանքները։ Եղան որոշ ժամանակավոր լուծումներ, բայց պետք է ընդունել, որ մասնավոր սեկտորը միայնակ ի վիճակի չէ մշտապես իր վրա կրել Քարվաճառի հանձնման հետևանքով առաջացած այս ծանր բեռը։

Պետական մակարդակով գործուն քայլերի անհրաժեշտություն կա։ Հերթական գրությունն եմ պատրաստում ՀՀ վարչապետին։

Հիշե՛ք, Վարդենիսը թուրքից 2-3 կմ հեռավորության վրա է հայտնվել, պետք է օժանդակել այդ ծանր վիճակում բիզնես իրականացնող մեր հայրենակիցներին։ Հետևողական եմ լինելու։

Ստորև ներկայացնում եմ 2021թ․ մայիսին Ն․ Փաշինյանի հետ հարցուպատասխանը։

Հ․Գ․ Նշված փաստաթղթերը չեմ կցում, քանի որ դրանք մի մեծ տրցակ են, իսկ լուծումը, ցավոք, բացակայում է։

Թագուհի ԹՈՎՄԱՍՅԱՆ

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930