Լրահոս
Օրվա լրահոսը

«Հին վերքը քչփորել է, արյուն բերել ու փախել»․ վկան պատմեց՝ ինչպես են զինվորները մնացել մենակ, հայերեն խոսող թուրքերով շրջապատված

Հունիս 29,2022 16:38

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր դատավոր Ջոն Հայրապետյանի նախագահությամբ շարունակվեց զորամասերից մեկի գումարտակի հրամանատար, մայոր Իշխան Վահանյանի գործով հերթական դատական նիստը:

Ըստ մեղադրանքի՝ Իշխան Վահանյանը 44-օրյա պատերազմի օրերին վերցրել է կապի միակ միջոցը եւ լքել մարտադաշտը՝ դիրքում անպաշտպան թողնելով իր ենթակայության տակ գտնվող զինվորներին․ 16 զինծառայող զոհվել է, 7 զինվոր գերեվարվել, 6-ը՝ վիրավորվել, 1-ը մինչ օրս անհետ կորած է համարվում, զինվորների մի մասին էլ 70 օր շրջափակման մեջ մնալուց հետո հրաշքով հաջողվել է փրկվել: Նա իրեն մեղավոր չի ճանաչում։

Այսօր որպես վկա հարցաքննվեց Արսեն Ղուկասյանը։ Նա, hիշեցնենք, պատերազմում կորցրել է հարազատներից մեկին, մյուսն էլ անհետ կորած է։ Ստեփանակերտում պատերազմից հետո նա մասնակցում էր նաեւ զոհված զինծառայողների մարմինների որոնողական աշխատանքներին։

Դատարանին նա հայտնեց, որ մեղադրյալ Իշխան Վահանյանին անձամբ չի ճանաչել, բայց տեղեկություններ է իմացել պատերազմից հետո։ «Հոկտեմբերի տասին եղբորս որդին, որը մինչեւ հիմա անհետ կորած է, եղել է Վահանյանի զինվորը, զանգել է ինձ ու ասել, որ շրջափակման մեջ են։ Ես այս խոսակցությունը տվել եմ քրեական գործի համար։ Դրանում ամեն ինչ կա, թե հրամանատարն ինչ է ասել ու արել։ Երեխեքն անելանելի վիճակում են եղել, կապի միջոց չեն ունեցել, այլապես կկապվեին ԱԱԾ զորքերի հետ եւ կասեին իրենց տեղը։ Միակ կապի միջոցը հեռախոսն էր, որով կապվել էին հետս։ Գիտեին, որ մոտակայքում եմ եւ կփորձեմ ինչ-որ կերպ օգնել։ Ցավոք, ոչ մի բան էլ չստացվեց, որովհետեւ առանց վերադասի են եղել։ Եղբորս որդու հետ եղել է իրենց դասակի հրամանատարը, որին այդ հեռախոսազրույցից կես ժամ հետո դիպուկահարը խփել է։ Երեխեքը՝ նորակոչիկներ, մնացել են առանց սպա»,-նախ պատմեց Արսեն Ղուկասյանը։

Նա նշեց, որ ծնողներն են զբաղվել որոնողական աշխատանքներով, տեղեկություններ հավաքագրել․ «Այդ աշխատանքների ժամանակ հանդիպեցինք Վահանյանին։ Փախել՝ փախել է, գոնե գնար օգներ երեխեքի դիակները հանեինք։ Արցախի ԱԻ փրկարարների հետ գնացել է որոնելու, հետո երեկոյան վերադարձել։ Փրկարարներին հարցրել եմ՝ ի՞նչ արեցիք։ Պատասխանեցին, որ Վահանյանն անգամ մեքենայից չի իջել՝ երեխեքի մարմինները գտնելու։ Բոլորին էլ պարզ է, թե ինքն ով է»։

Դատավորը նկատեց՝ իրենց ավելի հետաքրքրում է, թե հենց պատերազմի ընթացքում ինչ է եղել։ «Երեխեքին թողել է ու փախել՝ իմ տվյալներով։ Հոկտեմբերի յոթին, երբ ես եղել եմ Հադրութում, ինքը նստած էր դպրոցի միջանցքում՝ մի նստատեղի վրա, թեքված․ այդ ժամանակ արդեն իմացել ենք, որ ինքը վիրավորում է ստացած եղել ոտքին»։

Նշենք, որ 2020-ի հոկտեմբերի 9-ից Իշխան Վահանյանը ՊԲ զորամասի հրամանատար Արթուր Քարամյանից հոկտեմբերի 8-ին հրաման է ստացել իր ենթակայության ներքո գտնվող գումարտակի անձնակազմի հետ տեղափոխվել Արցախ՝ Հադրութ քաղաքի մոտակայքում գտնվող Խուռհատ սարի վրա։ Հոկտեմբերի 9-ին տեղափոխվել է նշված վայր եւ գումարտակի անձնակազմով դիրքավորվել։ Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ի սահմաններում, հակառակորդը անցել է հարձակման, Վահանյանը մարտի դաշտը լքել է: Հետո պարզվել է, որ աջ ազդոսկրի վերին երրորդականի կույր բեկորային թեթեւ մարմնական վնասվածքը որպես հիմք ներկայացնելով՝ դիմել է հիվանդանոց:

Ըստ մեղադրանքի՝ նա, բեկորային վնասվածք ստանալը որպես պատրվակ օգտագործելով, վերցրել է վերադաս հրամանատարության հետ կայուն կապ հաստատելու համար նախատեսված միակ կապի միջոցը եւ պարտականությունների կատարումը տեղակալներից որեւէ մեկին չփոխանցելով՝ անձնակազմին թողել է առանց պատշաճ ղեկավարման եւ ղեկավարման միջոցների, որից հետո, նստելով ավտոմեքենան՝ ինքնակամ լքել է մարտադաշտ հանդիսացող վերոնշյալ մարտական դիրքը: Քանի որ կապի միջոց չի եղել, զինծառայողները չեն իմացել, թե ինչպես է հակառակորդը ներթափանցել Հադրութ։

Վկա Արսեն Ղուկասյանը չհամաձայնեց Վահանյանի պնդմանը, թե ինքը հոկտեմբերի տասին է վիրավորվել․ «Ոչ, ավելի շուտ է վիրավորված եղել։ Ամսի տասին հին վերքը քչփորել է, արյուն բերել ու վիրավորվելու պատրվակով թողել-փախել։ Կասկած չունեմ դրանում։ Մեկ հոգի չի, որ ասել է, շատ զինվորների հետ եմ անմիջապես հանդիպել-խոսել։ Բոլորը նույն բանն են ասել»։

Ապա վկա Արսեն Ղուկասյանը պատասխանեց կողմերի հարցերին․

-Ումի՞ց եք տեղեկություններ իմացել Իշխան Վահանյանի վիրավորվելու մասին։

-Գումարտակի նախկին հրամանատարից, որին հանելուց հետո իրեն են նշանակել։ Ըստ նրա՝ ամսի երկուսին է եղել վիրավորումը։

-Ո՞ր ոտքի վրա էր նա նստած, ո՞րն էր վիրավոր։

-Չեմ հիշում, բայց մոտս ֆոտո կա, որ նայեմ՝ կերեւա։

-Ունե՞ք տեղեկություններ, թե ձեր եղբորորդին եւ նրա ծառայակիցները, նրանց վերադաս սպան ինչպե՞ս են հայտնվել շրջափակման մեջ։

-Տղան զանգեց ու ասաց, որ շրջափակման մեջ են։ Ամսի իննին իրենց հանել են դիրքեր, հաջորդ օրը դիվերսիոն խմբի ներթափանցում է եղել։ Երբ Վահանյանը տեսել է, որ վիճակն անելանելի է, փախել է։ Սրանք զինվորների խոսքերն են։ Ինքն այդ պահին չի վիրավորվել, այլ հին վերքն է քչփորել։

-Ի՞նչ եք ձեռնարկել ձեր եղբորորդու հետ հեռախոսազրույցից հետո։

-Զանգել եմ Գորիսի ռազմական ոստիկանություն, ասել իրավիճակը։ Ասացին, որ հաղորդում են տվել նախարարություն, ամեն ինչ կանեն։ Հետո զանգել եմ իմ հորեղբորս որդուն, որը ծառայում է ԱԱԾ սահմանապահ զորքերում, ասել, որ երեխեքը շրջափակման մեջ են։ Նա էլ է կապվել երեխեքի հետ, ասել, որ մի ուղղությամբ փորձեն դուրս գալ, քանի որ մյուս ուղղություններով թուրքեր են։ ԱԱԾ սահմանապահներ էլ են եղել երեխեքի մեջ։ Ասել է, որ շրջափակումը մի ուղղությամբ ճեղքեն ու դուրս գան, այլ ճանապարհ չկա։ Թե հետո ինչ է եղել․․․

-Ո՞ր ուղղության մասին է խոսքը։

-Վանք գյուղից գնացել են Հադրութի ուղղությամբ։ Զինվորներից մեկը քննիչին կետով ցույց է տվել, թե որտեղ է եղել՝ Հադրութի ամենաներքեւի հատվածը։ Իրենց բան չէր մնացել՝ այդտեղից դուրս գալու։ Հակառակորդն այդ ժամանակ ամենուր է եղել։ Տվյալներ ենք ունեցել, որ հայերի համազգեստ են հագել, խոսել հայերեն։ Տղաներից Գեւորգը ասել է՝ հայ են, մի խփեք։ Պարզ չի եղել՝ հա՞յ է խփողը, թե՞ թուրք։ Գեւորգին խփել են։ Իմ տվյալներով՝ թուրքերի դիվերսիոն խումբ է եղել։

-Դուք ի՞նչ նպատակով էիք գնացել Արցախ։

-Պատերազմը սկսվելուն պես եղբայրս մեկնեց ռազմաճակատ։ Որդին ժամկետային զինծառայող էր Ջրականում, նորակոչիկ։ Ամսի երեքից հետո եղբորս հետ կապը կտրվեց, հասկացա, որ մի բան այն չի։ Ամսի վեցին մեկնել եմ՝ եղբորս փնտրելու։ Գնում էի Ջրական։ Հադրութում ինձ դիմավորեց Մկրտչյան Աշոտը՝ զորամասի «զամպալիտը», որովհետեւ նրա հայրն ու հորեղբոր տղան ինձ հետ գալիս էին Հադրութ նույն մեքենայով։ Եղբորս մեքենան էի քշում։ Հադրութում իմացանք, որ Ջրականի զորքը Հադրութի դպրոցում է, որ Ջրական էլ չկա, մերոնք նահանջել են։ Չգտա եղբորս տղային։ Մի պահ ասացին, որ վիրավոր է։ Գնացի հոսպիտալ, պարզվեց՝ ինքը չի։ Վերադարձա, երեխու նկարը զինվորներին ցույց տալով՝ գտա, ողջ էր։ Ամսի յոթին զանգեց ոմն Անդո, ասեց, որ Սոնասարում եղբորս տեսել է։ Թողեցի երեխուն, գնացի․․․։

-Այս պահին ձեր եղբոր որդուց որեւէ տեղեկություն ունե՞ք։

-Ոչ մի։

-Գերի՞․․․

-Ոչ գերիների մեջ կա, ոչ ԴՆԹ պատասխան, ոչ մի բան։

-Ձեր բոլոր տեղեկությունները ձեր անձնական այսպես ասած «հետաքննության» արդյո՞ւնքն են, այլ ոչ թե, ասենք, քննիչի պատմածը։

-Այո, պատերազմից հետո ծնողների մի խմբով ամիսներ շարունակ զբաղվել ենք երեխեքի որոնողական աշխատանքներով, անգամ այն ժամանակ, երբ նոյեմբերին-դեկտեմբերին անտառներում ողջ զինվորներ կային։ Եղբայրս զոհվեց հոկտեմբերին, մարմինը գտանք դեկտեմբերին։ Ողջ ընթացքում մարմիններ եմ փնտրել։

-Երբ ասացիք, որ Իշխան Վահանյանը վերքը քչփորել է, դա ձեր ենթադրությո՞ւնն է։ Ձեզ որեւէ մեկն ասե՞լ է, որ նա վերքի հետ նման բան է արել։

-Որեւէ մեկը չի ասել։

-Ասել են, որ նախապե՞ս է վիրավորված եղել։

-Այո։ Վարդերեսյանն է ասել ու մի քանի զինվորներ, որոնց հետ շփվել եմ։ Բոլորն էլ ասել են, որ վիրավորված է եղել մինչեւ այդ։

 

Մեղադրյալ Իշխան Վահանյանն ու նրա պաշտպանը վկային հարցեր չուղղեցին։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930