«Տիկին Վարդապետյան, ինչպես եք վերաբերվում այն դատախազներին, ովքեր անձնական ամբիցիաներից ելնելով՝ խաղում են մարդկային ճակատագրերի հետ՝ տանելով անձնական դաշտ: Եվ երկրորդը, ինչպե՞ս եք վերաբերվում այն դատախազներին, ովքեր խառնվելով քաղաքականությանը, քաղաքական մոտիվներով կատարում են կողմնակալ որոշումներ»,- այսօր խորհրդարանում այս հարցերը ՔՊ-ական գլխավոր դատախազի թեկնածու Աննա Վարդապետյանին տվեց իշխող ուժը ներկայացնող գեղարքունիքցի պատգամավոր Նարեկ Սարգսյանը:
«Բացասաբար»,- արձագանքեց Աննա Վարդապետյանը՝ հավելելով. «Կարևոր հարցադրում եք անում, այդ հարցն ինձ շատ են տալիս, արդյոք պրոֆեսիոնալ վարքագիծը թույլ է տալիս նման գործողություն: Տրիվիալ ճշմարտություններ չասեմ, որ դատախազն ապաքաղաքական մարմին է, իրավունք չունի գործընթացներին խառնվի և այլն, և այլն, բայց այստեղ շատ նուրբ բարոյական ներքին սահման կա: Ցանկացած պաշտոն, դատախազի պաշտոնն այդ թվում, ենթադրում է կարմիր գծեր, որոնք պայմանավորված են քո՝ ֆունկցիա լինելով: Ես շատ հաճախ ասում եմ, որ պաշտոններում մենք այլևս մենք չենք, մենք ֆունկցիա ենք: Ինձ քննադատում են դրա համար շատ և տարբեր կերպ են մեկնաբանում իմ ասածը, բայց ես կարծում եմ, որ ցանկացած դեպքում, եթե դու օգտագործում ես քո դիրքը քեզ համար ցանկալի որոշումներ կայացնելու համար, դա առնվազն անազնիվ է քո ընտրած մասնագիտության նկատմամբ: Ես մինչ օրս աշխատել եմ ինձ նման դիլեմաներից զերծ պահել, կյանքում ես Աննա Վարդապետյանն եմ, իմ ընկերների հետ շփվելիս ես Աննա Վարդապետյանն եմ, բայց ցանկացած պաշտոնում ես գործառույթ եմ, ես անում եմ այն, ինչ կա իմ պաշտոնի անձնագրով և իմ ներքին սանդղակն էլ հիմնված է օրենքի գերակայության վրա, մարդու իրավունքների վրա: Գուցե սա իդեալական է հնչում և դժվար է ապահովել, քանի որ կյանքում անընդհատ քեզնից նեղացած մարդիկ են հայտնվում, բայց դատախազը հենց արդարություն պահանջող մարմինն է»:
Ես ինքս Գեղարքունիքի մարզից եմ, արձագանքեց պատգամավորը՝ հավելելով, որ վստահ է, որ Աննա Վարդապետյանի ընտրվելու դեպքում Գեղարքունիքի մարզում «կփոփոխվի դատախազության գործառույթները, որովհետև իրականում շատ վատ ու տխուր վիճակում ա էս պահին»:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ