Լրահոս
Օրվա լրահոսը

ՃՈ պետի նախկին տեղակալի հակամրցակցային գործունեության հետևանքով պետությանը 67 մլն դրամի վնաս է պատճառվել. չի վճարվել նաև 577 մլն դրամի հարկ 

Հունիս 29,2022 15:09

Ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու և հարկերը չվճարելու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության պաշտոնատար անձինք չարաշահել են պաշտոնեական լիազորությունները և հակամրցակցային գործունեությամբ սահմանափակել ոստիկանությանը տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշ (ՏՄՀՀ) մատակարարող երկու` եվրոպական և ռուսական ընկերությունների միջև մրցակցությունը և չարաշահել պաշտոնեական լիազորությունները, որի հետևանքով պետությանը պատճառվել է 67 163 790 ՀՀ դրամի վնաս: Միաժամանակ հիմնավորվել է, որ եվրոպական ընկերության մասնակցին փոխկապակցված և ՀՀ-ում գործող առևտրային երկու կազմակերպությունների ղեկավարը եղբոր օժանդակությամբ չեն վճարել առանձնապես խոշոր չափերի հարկերը:

Մասնավորապես, նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ոստիկանության ՃՈ ծառայության պետի տեղակալ Ա.Տ.-ն, տեղյակ լինելով, որ ոստիկանությանը ՏՄՀՀ մատակարարելու նպատակով ՀՀ շուկա է ցանկանում մուտք գործել ռուսական ընկերություն, նախապատվություն տալով 20 տարուց ավելի ՃՈ ծառայությանը ՏՄՀՀ մատակարարող եվրոպական ընկերությանը, վերջինիս հետ համաձայնեցված հակամրցակցային գործողություններով և ռուսական ընկերության նկատմամբ օրենքով չնախատեսված պահանջներ սահմանելով, կատարել է նպատակաուղղված գործողություններ ռուսական ընկերության մուտքը ՀՀ շուկա խոչընդոտելու ուղղությամբ՝ այդ կերպ ապահովելով եվրոպական ընկերության մենաշնորհային դիրքը ՀՀ շուկայում և նպաստելով վերջինիս կողմից սահմանված խտրական գները պահպանելուն:

Ա.Տ.-ն, ՀՀ-ում գնման օրենսդրության շրջանցմամբ, ՏՄՀՀ-ում դեռևս 2018թ.-ից փաստացի ներառել է եվրոպական ընկերության կողմից մշակված և վերջինիս տեխնիկական հնարավորություններին համապատասխանող նորամուծություն՝ «Անզեն աչքով ոչ տեսանելի պաշտպանական գծապատկեր» պաշտպանիչ տարր` նպատակ ունենալով տեխնիկական խոչընդոտներ ստեղծել ռուսական ընկերության համար: Այնուհետև, ռուսական ընկերության առջև նաև իրավական խոչընդոտներ ստեղծելու նպատակով, 2019թ.-ի ՏՄՀՀ գնման գործընթացի շրջանակներում ՏՄՀՀ տեխնիկական բնութագրում ապօրինաբար ավելացրել է հիշյալ պաշտպանիչ տարրը որպես պարտադիր պահանջ: Միաժամանակ Ա.Տ.-ն գնման գործընթացում անհիմն վարկաբեկել է մատակարարվելիք ապրանքը, իսկ ռուսական ընկերության ներկայացուցիչներին սպառնացել, որ մատակարարվելիք ՏՄՀՀ-ները ենթարկելու է փորձաքննության այն դեպքում, երբ եվրոպական ընկերության կողմից 20 տարուց ավելի մատակարարված ՏՄՀՀ-ները երբևէ փորձաքննության կամ փորձարկման չեն ենթարկվել: Այնուհետև, շարունակելով հակամրցակցային գործունեությունը` Ա.Տ.-ն պատրաստել է ՏՄՀՀ ազգային ստանդարտում փոփոխություններ կատարելու առաջարկ, որում ներառել է եվրոպական ընկերության կողմից մշակված պաշտպանիչ տարրը` նպատակ ունենալով հավելյալ իրավական և տեխնիկական խոչընդոտներ ստեղծել ռուսական ընկերության համար:

ՀՀ ոստիկանության տնտեսական վարչության պետի տեղակալ Ա.Կ.-ն էլ, իր հերթին, հանդիսանալով 2019 թվականի ՏՄՀՀ գնահատող հանձնաժողովի նախագահ, ՃՈ ղեկավարության դիրքորոշմանը չհակադրվելու, նրանց հետ ծառայողական և անձնական հարաբերությունները չփչացնելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, գնման ընթացակարգում ներառել է Ա.Տ.-ի և եվրոպական ընկերության կողմից գնման օրենսդրության պահանջների կոպիտ խախտմամբ կազմված և Ա.Տ.-ի կողմից ապօրինաբար շրջանառության մեջ դրված պաշտպանիչ տարրով գնման առարկայի բնութագիրը, որով խեղաթյուրվել է գնման գործընթացի էությունն ու օրենքով նախատեսված սկզբունքները:

Բացի այդ, ցանկանալով կոծկել ՃՈ պետի տեղակալի կողմից գնման գործընթացին ներկայացված և իր կողմից նշված գործընթացին գնման առարկայի անօրինական բնութագիրը ներառելու փաստը, խախտելով էլեկտրոնային աճուրդով գնման գործընթացը կարգավորող օրենսդրության պահանջները` 26.12.2018թ. սկսված գնման գործընթացն ավարտել է 2019թ.-ի առաջին եռամսյակից հետո՝ շուրջ երեքուկես ամիս անց, որի արդյունքում ՀՀ ոստիկանությունը, իրական հնարավորություն ունենալով տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշերը ռուսական ընկերությունից ձեռք բերել 3342 ՀՀ դրամով, դրանք առանց իրավական հիմքերի ու գործընթացի 2019 թվականի հունվարից մայիսի 5-ն ընկած ժամանակահատվածում ձեռք է բերել եվրոպական ընկերությունից 4380 ՀՀ դրամով, որի հետևանքով պետությունը կրել է առանձնապես խոշոր չափերի՝ 67 163 790 ՀՀ դրամի գույքային վնաս։

Նախաքննությամբ հիմնավորվել է նաև, որ վերոհիշյալ եվրոպական ընկերությանը փոխկապակցված, ՀՀ-ում գործող` հաշվապահական ծառայություններ մատուցող երկու ընկերությունների տնօրեն Ա.Վ.-ն, եղբոր օժանդակությամբ դեռևս 2010-2011 թվականներից իրագործել է փաստաթղթաշրջանառության այնպիսի սխեմա, որն ուղղված է եղել տևական ժամանակով հարկեր չվճարելուն, որի հետևանքով նշված երկու ընկերությունների մասով շահութահարկի և ավելացված արժեքի հարկի գծով ՀՀ պետական բյուջե չի վճարել առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 276 033 359 ՀՀ դրամ (տույժ-տուգանքներով՝ 577 364 104 ՀՀ դրամ):

Վերը նշված հանցավոր արարքների համար ՀՀ ոստիկանության ՃՈ ծառայության պետի նախկին տեղակալ Ա.Տ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով, ՀՀ ոստիկանության տնտեսական վարչության պետի նախկին տեղակալ Ա.Կ.-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ Ա.Վ.-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրանց վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործի նյութերը տրամադրվել են դատավարության կողմերին` ծանոթանալու համար:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հակակոռուպցիոն կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930