Լրահոս
Օրվա լրահոսը

Խորհրդարանում կայուն մեծամասնությունը իշխող ուժին հնարավորություն է տալիս միանձնյա կայացնել պետության համար էական նշանակություն ունեցող որոշումներ

Հունիս 29,2022 14:38

«Սահմանադրական բարեփոխումներ» թեմայով քննարկմանը վեր հանվեցին կառավարման ներկայիս կարգի հետ կապված խնդիրներ:

Անկախության ձեռքբերումից ի վեր` Հայաստանն անցել է սահմանադրության փոփոխությունների մի ամբողջ շղթա եւ կառավարման տարբեր ձեւերը՝ նախագահական, կիսանախագահական, ներկայումս՝ խորհրդարանական, Հայաստանում ինչ-որ ժամանակ գործել են:

Քննարկման մասնակիցներն, ըստ էության, համակարծիք էին, որ 2013 թվականին, երբ նախագահի հրամանագրով ստեղծվում էր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը, նպատակը մեկն էր. համապատասխանեցնել իշխանության բոլոր ճյուղերի, կամ առնվազն, երկուսի գործունեությունը: Նոր սահմանադրությունը պետք է լուծում տար այն խնդրին, ըստ որի, եթե նախագահը եւ խորհրդարանը նույն քաղաքական ուժից չեն եւ նույն մոտեցումները չունեն, դա կարող է առաջացնել ճգնաժամեր: Հենց այս նպատակով որդեգրվեց խորհրդարանական կառավարման կարգը: Սակայն սահմանադրագետ փորձագետները նշում էին, որ սա լինելու է ոչ թե բառի բուն իմաստով խորհրդարանական, այլ միակուսակցական կառավարման համակարգ, ինչը խնդրահարույց է, եւ մենք այսօր դա տեսնում ենք: Սահմանադրության համապատասխան հոդվածով առաջին անգամ պառլամենտական մեծամասնություն նախատեսվեց, այդ թվում նաեւ բոնուսի տեսքով, ինչը նշանակում է, որ մեկ քաղաքական կուսակցություն կամ կուսակցությունների դաշինք խորհրդարանում միակ եւ որոշիչ դերակատարություն է ունենում: Այս հանգամանքը շատ ակներեւ երեւաց 2021 թվականի խորհրդարանական ընտրություններում:

Արդյունքում այսօր խորհրդարանում կա կայուն մեծամասնություն, ինչը կառավարող ուժին հնարավորություն է տալիս միանձնյա կայացնել պետության համար էական նշանակություն ունեցող որոշումներ: Այդ թվում միաձայն ընտրել պետության համար կարեւորագույն պաշտոններում անձանց, ինչպես, օրինակ, ԿԸՀ-ում, ԲԴԽ-ում, Վճռաբեկ, Սահմանադրական դատարաններում: Շուտով կլինի նաեւ գլխավոր դատախազի ընտրություն և, ըստ էության, թեկնածուն կընտրվի միաձայն:

Սա զսպումների եւ հակակշիռների համատեքստում խնդիր է: Խնդիր է, որ իշխող ուժը ստանում է միաձայն որոշումներ կայացնելու հնարավորություն, որ նաեւ ունենք պառլամենտից սերած կառավարություն, որի ղեկավարը, ըստ սահմանադրության, ունի բավականին մեծ, իսկ նախագահը, որը երկրի գլուխն է, սահմանափակ եւ ձեւական լիազորություններ :

Քաղաքական կայուն մեծամասնությամբ խորհրդարան-կառավարություն սերտաճումը չեզոքացնում է խորհրդարանական վերահսկողության գործառույթը, քանի որ վերահսկիչ մեխանիզմները պատշաճ չեն գործում : Կառավարության ցանկացած օրենք, ծրագիր, իշխող խմբակցության առանձին անդամների օրենսդրական նախաձեռնություններ, որպես կանոն, առանց լուրջ քննարկման միանգամից ընդունվում են: Խորհրդարանական այսպիսի կառավարման միակ հակաուժը խորհրդարանական ընդդիմությունն է, որը սակայն այս գործընթացների վրա ազդելու համապատասխան լծակներ չունի, ինչի վառ ապացույցները մենք այսօր տեսնում ենք:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930