Ինչպես հայտնել էինք, 2020թ․-ի պատերազմից հետո Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների ծնողներն ու հարազատներն այսօր ՀՀ-ում ՌԴ դեսպանատան առաջ էին ու պահանջում էին ՌԴ դեսպանի հետ հանդիպում։ Լրագրողների հետ զրույցներում ծնողները հայտնեցին, որ 1,5 տարում քանիցս նամակներ են հղել դեսպանատուն, բայց արդյունք չկա․ հիմա Ռուսաստանից են պահանջում իրենց որդիներին, որովհետեւ ռուս խաղաղապահներն են պատասխանատու։
Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանն առցանց մամուլի ասուլիսի ընթացքում պատասխանատվությունը վերագրեց ՌԴ խաղաղապահ առաքելությանը՝ ասելով, որ «հաստատված գերեվարված անձանց 90 եւ ավելի տոկոսը գերեվարվել են ռուս խաղաղապահների տեղակայումից հետո եւ նրանց պատասխանատվության գոտում», ինչից հետո գերիների հարազատները բողոքի գործողություններ սկսեցին Գյումրիում ՌԴ հյուպատոսության առաջ։
«Եթե չինացի կամ ֆրանսիացի լիներ, կգնայինք իրենցից կպահանջեինք։ Քանի որ ռուսն է իր խաղաղապահներով մեր պաշտպանը, եկել ենք այստեղ։ Մեր երեխաներին ենք ուզում, ուրիշ բան չենք ուզում»,-ասաց ռազմագերու հայրը։
«Ելել են դիրքեր, հետ գալուց ռուսներն էլ այդտեղ չեն եղել, ու մեր տղաներին տարել են գերի։ Իրենք են «գարանտ» եղել»,-հավելեց մեկ այլ ծնող՝ նկատի ունենալով Խծաբերդում հայ զինծառայողների գերեվարման դեպքը։ Մեկ այլ ծնող էլ առաջարկեց լրտեսներին փոխանակել մեր գերիների հետ, ոչ թե պահել ՀՀ-ում։
Կարդացեք նաև
Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանն ասել էր նաեւ, որ 50-ից ավելի զինծառայող մեղադրվում է լրտեսական գործունեության մեջ։
Հավելենք, որ դեսպանատան առաջ բողոքի ցույցի արդյունքում ծնողներին ընդունող այդպես էլ չեղավ։
Նրանք այնուհետեւ հավաքվեցին կառավարության դիմաց։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ