Լրահոս
Օրվա լրահոսը

«Սեւազգեստ մայրերը կոնկրետ գործով դժգոհ էին, որովհետեւ իրենց համար ցանկալի լուծում չի եղել. իրականում, հանցագործության դեպք տակը չկա». Աննա Վարդապետյան

Հունիս 29,2022 13:53

2008 թվականից սկսած ոչ մարտական պայմաններում զոհված զինծառայողների դեպքերով 8 գործերից 4-ն արդեն լիարժեք ուսումնասիրված են: «Գործընթացները ցույց տվեցին, որ բոլոր գործերը վերադարձան ակտիվ նախաքննության փուլ»,-այսօր խորհրդարանում հայտարարեց իշխող ուժի կողմից գլխավոր դատախազի թեկնածու առաջադրված Աննա Վարդապետյանը՝ տարակուսելով, որ նախկինում, հեռուստացույցով լսելով այդ ծնողների ելույթները, միշտ զարմացել է, որ քրեական գործերը կարող են այդչափ իրավական բացթողումներ ունենալ։ Աննա Վարդապետյանի գնահատմամբ, երբ մարդիկ տարիներ շարունակ այս գործերի մասին խոսում էին քաղաքական հարթակներից, հնարավորություն ստեղծվեց, որ դրանք կրկին իրավական հարթակ վերադառնան եւ նախաքննությունը նոր աչքով նայի դրանց: Սա իրեն հույս է տվել, որ այլեւս չենք ունենա վերք, որը տարիներ շարունակ արնահոսում է եւ գործը չի գնա Ստրասբուրգի դատարան ու վերադառնա ֆինանսական պարտավորությամբ, որն էլի ՀՀ քաղաքացին է վճարում:

Թեկնածուն պատասխանում էր ուշացած արդարադատության մասին ՔՊ-ական պատգամավոր Գեւորգ Պապոյանի հարցին: Ուշացած արդարադատությունն, ի դեպ, Աննա Վարդապետյանի 7 առաջնահերթություններից է, որոնք նա իր ելույթում առանձնացրեց:

«Մենք ունենք քաղաքացիներ, որոնք կարծում են, որ անկախ իրավիճակից՝ իրենք ճիշտ են։ Այդտեղ արդեն իրավաբանությունն անզոր է: Այսինքն, մենք արդարադատության ամբողջ մեխանիզմը չենք կարող կիրառել, որպեսզի մարդուն համոզենք մի բանի մեջ, որն, ի վերջո, հնարավոր չէ»,- ուշացած արդարադատության մասին նաեւ այսպիսի կարծիք հայտնեց Աննա Վարդապետյանը։

Շարունակելով, այսպես կոչված, «սեւազգեստ մայրերի» գործի թեման, Աննա Վարդապետյանը հիշեց, որ վարչապետի մոտ իրավական հարցերով օգնականի պաշտոնը ստանձնելուց 6 օր անց ստացել է հանձնարարություն. «Պետք էր 2008 թվականից սկսած ոչ մարտական պայմաններում զոհված զինծառայողների դեպքերով, որոնք թվով 8-ն են, ուսումնասիրել գործերը եւ վարչապետին տալ իրավաբանորեն օբյեկտիվ կարծիք»: Խնդիրը հետեւյալն էր՝ ներկայացնել վարչապետին՝ արդյոք որդեկորույս ծնողների պահանջներն ունեցել են իրավաբանական հիմք, թե՞ կա արդարության պակասի էմոցիոնալ ընկալումը։

«Վարչապետի օգնականի համար, ի տարբերություն դատախազի, շատ դժվար է այս գործընթացներում գործել եւ որեւէ իրավական եւ էթիկական նորմ չխախտել»,- ասաց Աննա Վարդապետյանը:

Նա մանրամասն ներկայացրեց աշխատանքային խմբի կատարածը՝ նկատելով, որ գործը արդեն հասել է մի իրավիճակի, երբ օբյեկտիվ իրականությունը արդեն հնարավոր չէ պարզել, քանի որ գործի «մասնակիցներից» որոշները հանրապետությունում չեն, կամ մահացել են եւ այլն:

Ավելի ուշ, այս թեմայի շուրջ արդեն Լենա Նազարյանի հարցին պատասխանելով՝ Աննա Վարդապետյանն ասաց, որ «սեւազգեստ մայրերի» առանձին գործերով ՝ յուրաքանչյուր գործին մեկ քննչական խումբ, սկզբունքով նպատակահարմար չի գտնում աշխատանքի կազմակերպումը. նաեւ ռեսուրսի խնդիր կա: Յուրաքանչյուր գործի պարագայում, ըստ բանախոսի, նախաքննության մարմնի փոփոխությունն էլ բավարար է եւ նման պրակտիկա կա: Այդ գործերով այլ աշխատանքային խումբ ստեղծելու մասին՝ որեւէ կազմակերպաիրավական ձեւով, մտածել է. հետամուտ է լինելու, որպեսզի գործերը քննեն այնպիսի դատախազներ, ովքեր նոր հայացք կարող են գործին նետել: Աննա Վարդապետյանը հստակեցրեց՝ խոսքը ցանկալի հայացքի մասին չէ, այլ նոր հայացքի: Նա տեղին չի համարում մայրերի այն համոզմունքը, որ քննիչներն անարդյունավետ կամ անարդար են աշխատել, քանի որ տարիներ շարունակ աշխատանքի արդյունքում է նաեւ, որ քննիչի մոտ օբյեկտիվ կարծիք է ձեւավորվում. «Ի վերջո, գալիս ենք նաեւ այն եզրակացության, որ ճիշտ էր նախաքննությունը: Սեւազգեստ մայրերը դժգոհ էին, կամ կոնկրետ գործով դժգոհ էին, որովհետեւ իրենց համար ցանկալի լուծում չի եղել, բայց, իրականում, հանցագործության դեպք տակը չկա: Օրինակ, գործերից մեկով Եվրոպական դատարանը, հայցը վարույթ ընդունելը մերժեց, որովհետեւ քրեադատավարական խախտում չտեսավ»:

Թեմային՝ արդեն աշխատանքային գործիքների արդիականացման համատեքստում անդրադարձավ ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը՝ նկատելով, որ եթե ժամանակին տեսագրված լինեին բոլոր այդ գործերով կամ առհասարակ, բոլոր քննությունները, ապա այժմ առավել դյուրին կլիներ հասկանալ՝ թե որտե՞ղ ենք թերացել կամ սխալվել: Աննա Վարդապետյանը համաձայնեց, որ քրեադատավարական համակարգում արդիականացման մեխանիզմները պետք է ներդնել, ինքը այդ ուղղությամբ աշխատանք տարել է, այսուհետ էլ կշարունակի:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930