Լրահոս
Օրվա լրահոսը

«Մի արեք, դուք ուսապարկեր չեք»․ Ռուբիկ Հակոբյանի խորհուրդը՝ Դիմադրության շարժման ղեկավարներին

Հունիս 29,2022 13:25

«Ի սկզբանե ողջունել եմ շարժումը, այն իսկապես ժողովրդական շարժում էր։ Ցավոք, նախատեսվածը չեղավ։ Վերջերս նկատել եմ, որ երբ որեւէ մեկը քննադատական խոսք է ասում շարժմանը, վերջինիս ներկայացուցիչների կողմից հարձակում է լինում։ Մի արեք․ դուք ուսապարկեր չեք»,-«Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսօր անդրադառնալով Դիմադրության շարժմանը՝ հայտարարեց քաղաքական վերլուծությունների «Ակունք» կենտրոնի տնօրեն, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը։

Նա նշեց․ «Եթե չենք հասկացել, թե 40-50 000-ոց հավաքն ինչպես հասավ 4-5000-ի, ուրեմն մենք բարոյական-քաղաքական իրավունք չունենք քաղաքականությամբ զբաղվելու։ Ի սկզբանե մարդկանց մոտ հույս առաջացավ այդ շարժմամբ, աշխարհի կենտրոններին բացատրվեց, որ «ժողովրդավարության բարձրագույն լիգան» սուտ է։ Սա դրականն է, որը, ցավոք, շարունակություն չունեցավ։ Այսօր այն խնդիրները, որոնք պետք է լուծեր շարժումը, չլուծվեցին։ Վստահ եմ, որ եթե ռեստարտ տանք շարժմանը, հասկանանք, թե ինչ է պետք, որ շարժումը դառնա համաժողովրդական, ապա իշխանությունն էլ չի պայքարի մեր դեմ»։

Հակոբյանը շեշտեց, որ հարթակներ, հավաքներ ղեկավարելն արվեստ է, եւ ժողովրդին պետք է հարթակ տալ․ «Հարթակից մեկ ժամ շարունակ գրավոր տեքստեր պետք չի կարդալ։ Պատահական չի, որ ժողովուրդը չի լսում։ Երթերին մասնակցում է, բայց հրապարակ չի վերադառնում։ Անկեղծ եմ ասում՝ Իշխան Սաղաթելյանն առավելագույնն արեց, ինչ կարող էր, բայց ճիշտ չի ողջ պատասխանատվությունն իր վրա դնել։ Շարժումը պետք է հստակ ղեկավար կազմ ունենա, այն պետք է երեւա։ Վերջին հավաքի ժամանակ զգացվեց, որ կուսակցական քվոտաներ կան, մինչդեռ ժողովրդական շարժումն ունի իր չափորոշիչները։ Պետք է կարողանալ ժողովրդին բերել։ Այն քաղաքական գործիչը, որը սկսում է մեղադրել ժողովրդին, նա այլեւս չպետք է գործ ունենա քաղաքականությունում։ Խնդիրը ժողովրդի մեջ չի, այլ էլիտայի, որը պետք է կազմակերպի ժողովրդին, ինչպես եղավ 1988թ․-ին»։

Ռուբիկ Հակոբյանը մատնանշեց դեպքը, երբ «Հայաստան» խմբակցության երեք պատգամավորներ մտել էին առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի աշխատասենյակ․ ասաց՝ ով որ մտածել էր այդ գործողությունը, պետք է հեռու մնա քաղաքականությունից։ «Ի՞նչ տվեց դա շարժմանը։ Բա որ նախարարը մի քիչ խելք ունենար ու ասեր՝ եկեք առողջապահության ոլորտի խնդիրները քննարկենք, ի՞նչ էին անելու։ Կամ, գիշերով դատախազության դիմաց հավաքվելն ի՞նչ է տալիս։ Կամ, Գագիկ Ջհանգիրյանի հրաժարականը պահանջելը․ նա ո՞վ է, որ գնան գիշերով հրաժարական պահանջեն։ Մեկի վզին չդնեն, կդնեն մեկ ուրիշի վզին։ Միայն ուղիղ հրաժարական պետք է պահանջել Նիկոլ Փաշինյանից»,-հարցադրումներ արեց նախկին պատգամավորը։

Ռուբիկ Հակոբյանը Դիմադրության շարժման առաջնորդներին կոչ արեց միասին հավաքվել ու մտածել մեխանիզմներ, թե ինչպես ժողովրդին համոզել ու համախմբել։ Նա առաջարկեց նաեւ միասին ներողություն խնդրել ժողովրդից, որ նպաստել են «Նիկոլ Փաշինյան դահիճի» իշխանության գալուն, որովհետեւ այդ ներողությամբ ժողովուրդը համոզիչ խոսք կլսի։ «Եվ որեւէ մեկն իրավունք չունի սեփականաշնորհել Դիմադրության շարժումը»,-եզրափակեց Հակոբյանը։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930