Լրահոս
Օրվա լրահոսը

Քաշքշուկ գերիների ծնողների եւ ոստիկանների միջեւ․ ծնողները պահանջում են ՌԴ դեսպանին տեսնել

Հունիս 29,2022 12:24

2020թ․ պատերազմից հետո Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարազատներն այսօր ՀՀ-ում ՌԴ դեսպանատան առաջ են եւ պահանջում են ՌԴ դեսպանի հետ հանդիպում։

Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանն առցանց մամուլի ասուլիսի ընթացքում պատասխանատվությունը վերագրեց ՌԴ խաղաղապահ առաքելությանը՝ ասելով, որ «հաստատված գերեվարված անձանց 90 եւ ավելի տոկոսը գերեվարվել են ռուս խաղաղապահների տեղակայումից հետո եւ նրանց պատասխանատվության գոտում», ինչից հետո գերիների հարազատները բողոքի գործողություններ սկսեցին Գյումրիում ՌԴ հյուպատոսության առաջ։

Մոտ մեկ ժամ սպասելուց հետո դեսպանատունը հսկող ոստիկանների եւ հարազատների միջեւ լարվածություն առաջացավ․ պարզ չէր՝ դեսպանատանը կարո՞ղ են ընդունել հարազատներին, թե՞ ոչ, դեսպանը տեղո՞ւմ է, թե՞ ոչ։

«Ինչպե՞ս եք վերաբերվում հայ մայրերին, մեր երեխաները երեխա չէի՞ն, իրենք աշխատում են, մենք էլ պարա՞պ էինք»,-բղավեցին վրդովված ծնողները։

«Զանգեք, թող գան»,-բղավում էր հայրերից մեկը։

«Խնդրում եմ ավելորդ լարվածություն չստեղծել»,-ասաց ոստիկաններից մեկը, ինչից մթնոլորտն ավելի բորբոքվեց։ «Չփորձե՜ս ինձ վախեցնել»,-բղավեց ոստիկաններից մեկը։ «Չեն կարո՞ղ 15 րոպեով ընդունել։ Հլը իրենց երեխաները գերի լինեին, տեսնեինք նույն ձեւ էին լինելո՞ւ, ի՞նչ էին անելու»,-հարցադրումներ էին անում բարկացած ծնողները։ «Քեզ ո՞վ է ասել, թե մենք ձեզ չենք հասկանում․․․սխալ ես հասկանում»,-իր հերթին ասում էր ոստիկանը եւ խնդրում, որ իրենց չմեղադրեն։ «Մեր չափ կյանքում չես կարող ցավալ»,-հակադարձում էր ռազմագերու հայրը։

Ուշագրավ է, որ ոստիկաններից մեկը, ձեռքով ցույց տալով դեսպանատունը, ասաց․ «Էս մարդիկ ընդհանրապես մեղք չունեն»։

Որոշ ժամանակ անց գերիների ծնողների, հարազատների եւ ոստիկանների միջեւ քաշքշուկ, վիճաբանություն եղավ։ Ծնողները ցանկանում էին դեսպանատուն մտնել։ Մայրերից մեկի ինքնազգացողությունը վատացավ։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930