Այս տարվա մայիսին տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա մայիսի նկատմամբ կազմել է 13%, իսկ հունվար-մայիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ՏԱՑ-ը կազմել է 10.2%։
Վիճակագրական կոմիտեն երեկ հրապարակել է մակրոտնտեսական ցուցանիշները, ըստ այդմ, տնտեսության բոլոր ճյուղերում աճ է արձանագրվել։
Այս տարվա մայիսին նախորդ մայիսի նկատմամբ, ըստ ՎԿ-ի, արդյունաբերական արտադրանքի ծավալի աճը կազմել է 2%, իսկ հունվար-մայիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ 2.7%:
Զգալի աճ է գրանցվել ծառայությունների ոլորտում, դրա վրա մեծ ազդեցություն է թողել մեր երկիր միջազգային այցելուների բավականին մեծ հոսքը։ Ծառայությունների ոլորտում մայիսին նախորդ մայիսի նկատմամբ գրանցվել է 30% աճ, իսկ հունվար-մայիսին՝ 24.9%՝ նախորդ տարվա հունվար-մայիսի նկատմամբ։
Կարդացեք նաև
Արտաքին առեւտրաշրջանառության աճը այս տարվա մայիսին նախորդ տարվա մայիսի նկատմամբ աճել է 45.5%-ով, իսկ այս տարվա հունվար-մայիսին 2021 թվականի հունվար-մայիսի համեմատ՝ 36.6%:
Արտահանման աճը մայիսը մայիսի նկատմամբ կազմել է 33.7%, իսկ հունվար-մայիսին 2021 թվականի հունվար-մայիսի նկատմամբ արտահանման աճը կազմել է 27.5 %:
Ներմուծման ծավալների աճը գերազանցել է արտահանման ծավալների աճին։ Ըստ ՎԿ-ի, այս տարվա մայիսին նախորդ տարվա մայիսի նկատմամբ ներմուծման աճը կազմել է 52.8%, իսկ հունվար-մայիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ 42.2%:
Առեւտրի աճը մայիսին նախորդ մայիսի նկատմամբ կազմել է 12.4%, իսկ հունվար-մայիսին՝ 8.9%։
Շինարարության աճն այս տարվա մայիսին նախորդ մայիսի նկատմամբ կազմել է 18.1%, հունվար-մայիսին նախորդ տարվա հունվար-մայիսի նկատմամբ՝ 11.4%: Ըստ վիճակագրական կոմիտեի, գնաճն այս տարվա մայիսին նախորդ տարվա մայիսի նկատմամբ կազմել է 9%, հունվար-մայիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ գնաճը կազմել է 7.7%:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
28.06.2022