Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ստացվում է՝ ամեն տարի Սեւանից մեծածավալ ջրառ ենք անելու՝ սպասելով կաթիլային ոռոգման ընդլայնմա՞նը. «Հայաստանի Հանրապետություն»

Հունիս 29,2022 11:42
sevan

Ամեն տարի Սեւանա լճի էկոհամակարգերի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ծրագիր է հաստատվում։ Դա «Սեւանա լճի մասին» օրենքի պահանջներից է բխում։ Հիմա շրջանառվում է 2023 թ. տարեկան ծրագրի նախագիծը:

Երբ ուսումնասիրում ենք հաջորդ տարի ձեռնարկվելիք քայլերի ցանկը եւ համեմատում նախորդների հետ, առանձնապես էական փոփոխություն չենք նկատում։

Օրինակ՝ 2023 թ. միջոցառումների շարքում նշված է մի քայլ, որ վերաբերում է լճի շրջակայքում շինություններին, ավելի ստույգ՝ լճի շրջակայքում ջրածածկման ենթակա տարածքներում ջրի տակ մնացած շինությունների ու ենթակառուցվածքների ապամոնտաժմանն ու թափոնների մաքրմանը, 1901.5 մ բացարձակ նիշից ներքեւ գտնվող պետական եւ համայնքային նշանակության շենք-շինությունների ապամոնտաժմանը՝ համապատասխան ֆինանսավորման առկայության դեպքում։ Հարց է ծագում՝ ի՞նչ է նշանակում «համապատասխան ֆինանսավորման առկայության դեպքում»։ Որտեղի՞ց պետք է այդ ֆինանսավորումը լինի, չլինի՝ չի՞ ապամոնտաժվելու այդ շինությունը։ Ի վերջո, այդ շինությունների մեծ մասն ինքնակամ են, եւ դրանց ապամոնտաժման պարտադրանքը պետք է դրվի հենց շինությունների սեփականատերերի վրա։ Ըստ շրջակա միջավայրի նախարարության՝ հենց նրանց վրա էլ դրված է։ Այս պարագայում անհասկանալի է արդեն, թե ինչու է լիճը «շրջափակող» եւ լիճ կեղտաջրեր լցնող (հազիվ թե ինքնակամները մաքրման կայաններ կառուցած լինեն) շինությունների քանդման հարցը տարիներ շարունակ ձգձգվում։ Լավ, այս հարցը թողնենք, կան ինքնակամ շինություններ եւ դրանց սեփականատերեր, այսինքն՝ օբյեկտն ու գումարը, հետեւաբար, խնդիրը լուծելը բարդ չէ։

Բայց պարզվում է՝ կան նաեւ տիրազուրկ շինություններ, որոնց ապամոնտաժումն արդեն կարվի ՀՀ օրենքով չարգելված միջոցների հաշվին։ Տիրազուրկ է համարվում այն գույքը, որը չունի սեփականատեր, կամ որի սեփականատերն անհայտ է կամ հրաժարվել է դրա նկատմամբ սեփականության իրավունքից: Իրավական տեսանկյունից ամեն ինչ հստակ է։ Բայց կարելի է, չէ՞, դուրս գալ այս ձեւակերպումից եւ իրական կյանքում փնտրել խնդրի լուծումը։

Սեւանա լճի էկոհամակարգի պահպանման նպատակով նախատեսվող քայլերից են լճի առափնյա տարածքում գտնվող շուրջ 2400 հանգստի, սննդի (300 մշտական գործող) օբյեկտների կոյուղու եւ կենցաղային հոսքաջրերի կենսաբանական մաքրման կայանների կառուցումն ու շահագործումը։ Այս գործընթացն էլ է ձգձգվում, թեեւ 2006-ից համապատասխան որոշում կա։ Այս հարցի՝ տարիներ շարունակ չլուծվելն էլ անհասկանալի է, մանավանդ, երբ դա պետք է արվի օբյեկտները շահագործող տնտեսավարողների միջոցների հաշվին։ Մեզ մնում է պատկերացնել, թե ինչ ծավալի կեղտոտ հոսքաջրեր են լցվում լիճը։

Մեկ այլ խնդրի մասին. ասում ենք, որ կլիմայի փոփոխության հետեւանքով սակավաջրության, ջրային պաշարների արդյունավետ կառավարման նպատակով մարզերում, համայնքներում եւ Սեւանա լճի հարակից համայնքներում ջրախնայող տեխնոլոգիաների օգտագործումը (կաթիլային ոռոգման ցանցի ներդրմամբ) հնարավորություն կտա սակավ եւ սահմանափակ քանակությամբ ջրով ոռոգում անել՝ հնարավորինս նվազեցնելով Սեւանից ոռոգման նպատակով ջրի բացթողումը։ Անընդհատ ասում ենք, բայց պետք է, ի վերջո, հասկացած լինեինք, որ կաթիլային ոռոգման ցանցի ներդրման համար սկզբնական կապիտալ է պետք, ներդրումներ, ինչի հնարավորությունը գյուղացին չունի։ Այո, ունենք հաջողված օրինակներ, բայց դրանք ծավալ չեն ապահովում։ Ստացվում է՝ ամեն տարի Սեւանից մեծածավալ ջրառ ենք անելու՝ սպասելով կաթիլային ոռոգման ընդլայնմա՞նը։

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930