Դատախազությունն ուսումնասիրել է եւ պարզել, որ 2020 թվականից հետո մանկատան նախկին սաներին պետական ծրագրով բնակարան ապահովելու ընթացքում եղել են չարաշահումներ։
Պարզվել է, որ ցուցակում ներառված անձանցից 1-ը մահացել է 2018 թվականին, 27 հոգի գտնվել են ՀՀ-ից դուրս, 47-ի բնակվելու փաստը կասկածի տակ է, 6 շահառու ունեն սեփականության իրավունքով գրանցված գույք եւ այլն:
Նշված խախտումների համար նախարարության ստորաբաժանումներից պատասխանատու է սոցիալական աջակցության վարչությունը, եւ այս մասին դատախազությունը հատուկ նշել է իր տարածած նյութում։
Իսկ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են, որ 2020 թվականին չարաշահումների համար «պատասխանատու» վարչության պետերը երկուսն են եղել՝ Սասուն Համբարձումյանը, որն աշխատել է 16.07.20-ից մինչեւ 16.03.21-ը եւ հեռացել է սեփական դիմումի համաձայն, եւ Աստղիկ Մինասյանը։ Նա այսօր էլ Ժողովրդագրության եւ ընտանիքի սոցիալական երաշխիքների վարչության պետն է (սա վարչության լիարժեք անվանումն է)։
Կարդացեք նաև
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Զարուհի Բաթոյանն էլ իր ՖԲ էջում այնպես է արդարացել, կարծես թե կատարվածն իրեն չի վերաբերում, եւ ինքն ուղղակի զբոսանքի էր դուրս եկել։
«Շուրջ 20 տարի պետության կողմից չկատարված, բայց խոստացված ծրագիրը կյանքի կոչելու հնարավորությունից, ցավոք, օգտվել են նաեւ նրանք, ում համար չարաշահման ոչ միայն իրավական, այլեւ բարոյական սահման չկա: …. Սոցիալական ծրագրերի հաշվին չարաշահումների գնացողները պետք է նաեւ հանրային պարսավանքի ենթարկվեն»,- մասնավորապես գրել է պատգամավորը։
Չարաշահումներ, իհարկե, միշտ են եղել։ Մանկատների նախկին սաները հաճախ բողոքել են եւ այսօր էլ բողոքում են այն բանից, որ իրենց վատ պայմաններում են բնակեցնում, կիսաքանդ բնակարաններ են տալիս, որ շատերը բնակարանները վաճառում են ու կրկին մնում փողոցում։ Բայց չարաշահումներ կամ անփութություն, կամ աշխատելու անկարողություն ցույց տված ոչ մի նախարար տարիներ հետո հաթաթա չի տվել, թե կպատժի մեղավորներին` իր աշխատած շրջանում կատարված չարաշահումների համար։
Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: