Լրահոս
Օրվա լրահոսը

Աղավնոյի գյուղապետ․ «Մեր հայրենիքը մետր քառակուսիով չենք չափում, որ ասենք` մեր տները կփոխանակենք ուրիշ տներով»․ «Հրապարակ»

Հունիս 29,2022 10:57

Նիկոլ Փաշինյանը նախօրեին իր ասուլիսում հայտարարեց Արցախի Բերձորի շրջանը եւ Աղավնո գյուղն առաջիկայում Ադրբեջանին հանձնելու մասին։  Փաշինյանի խոսքով՝ Լաչինի այլընտրանքային ճանապարհի կառուցման, ասել է թե՝ «երթուղու փոփոխության դեպքում», այն տարածքները, «որոնք չեն գտնվում նախկին ԼՂԻՄ տարածքում, անցնելու են Ադրբեջանի վերահսկողության տակ»։

Տեւական ժամանակ է` լուրեր կային Աղավնոյին սպասվող դժբախտ ու դժգույն ճակատագրի մասին, Ադրբեջանի նախագահն էր պարբերաբար հայտարարում, որ Աղավնոն շուտով իրենցն է լինելու, եւ հուլիսի 1-ին գյուղում պետք է ծածանվի ադրբեջանական դրոշը։

Հայաստանի ու Արցախի ղեկավարության լռությունը նախօրեին խախտեց Փաշինյանը՝ ըստ էության, հաստատելով Ալիեւի  խոսքերը, մեկ վերապահումով, որ ոչ թե հուլիսի 1-ին է գյուղը հանձնվելու, այլ այլընտրանքային ճանապարհի կառուցումից հետո։ Ի դեպ, ավելի վաղ գրել էինք, որ Արցախի նախագահը մեկնել է Մոսկվա եւ ընթացիկ հարցերից բացի Աղավնոյի խնդիրն էլ է քննարկել՝ փորձելով ռուսական կողմի միջնորդությամբ պահպանել գյուղը։ Մեր աղբյուրներն ասում են, որ Հարությունյանը ձեռնունայն է վերադարձել, եւ հիմա քննարկում են Աղավնոյի՝ մոտ ապագայում տեղահանվող բնակչության տեղավորման հարցերը։

Աղավնոյի համայնքապետ Անդրանիկ Չավուշյանը լուրջ չի ընդունել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, ասում է՝ ինքն ո՞վ է, որ հայրենի հող հանձնի, թող իր սեփականությունը հանձնի, բայց Աղավնոն հանձնելու իրավունք չունի, եռակողմ հայտարարության մեջ էլ չկա նման կետ։

Աղավնոյի գյուղապետն ասում է. «Որեւէ մեկն իրեն մանդատ չի տվել, որ ինքը հանձնի հողեր։ Փաշինյանի ցանկությունները կամ, ավելի ճիշտ՝ Ալիեւի ցանկությունները մեզ չեն հուզում։ Թող բերեն, մեզ մի փաստաթուղթ ցույց տան, որ կարողանանք իրենց դատի տանք։ Ինքը չի կարող որոշել։ Նա ասում է՝ Աղավնոյի բնակիչների հարցն Արցախի կառավարությունը․․․ այսինքն՝ դու պիտի նստես բանակցության, սխալ որոշումներ կայացնես, քո վրայից ցրես ու Արցախի իշխանությունների վրա՞ գցես։ Ես չեմ լքելու, եւ ավելին՝ ավելի լուրջ քայլերի ենք պատրաստվելու»։ Հարցրինք՝ գյուղի բնակիչներից քանի՞սն են իր պես վճռական տրամադրված։ «Շատերը, շատ-շատերը, նախորդ պատերազմից շատ են։ Բնակիչների տրամադրվածությունը մնալուն է ուղղված: Ես չեմ հասկանում՝ ինչի՞ խոսենք մեր տնից հեռանալու մասին, չի՞ կարող մի պարապ թումբ զիջել, ասի, որ սա բնակեցված համայնք է, թող մնա։ Ինչ է` մենք պիտի արագ հելնենք ու գնա՞նք։ Հա, կարող են Փառուխի նման փորձեր անել, բայց մենք ամեն ինչին պատրաստ ենք։ Կրկնում եմ՝ ով Աղավնոն հանձնի, իրեն հողին կհանձնենք, կարող է ես չհանձնեմ, բայց շարունակողները հաստատ հողին են հանձնելու հող հանձնողին»։ Փաշինյանի հայտարարությունից հետո Արցախի կառավարությունից չեն կապվել գյուղապետի հետ: «Դե, երեւի լուրջ բան չկա, գոնե ես լուրջ չեմ ընդունել իր ասածը»: Գյուղապետն ասաց նաեւ, որ իրենց չեն առաջարկել գյուղը հանձնելուց հետո Հին Շեն, նոր Շեն տեղափոխվելու մասին․ «Մենք չենք զիջելու, մեր հայրենիքը մետր քառակուսիով չենք չափում, որ ասենք` մեր տները կփոխանակենք ուրիշ տներով, մենք կանգնելու ենք վճռական։ Իր հայտարարությունից հետո բնակիչների հետ էլ եմ զրուցել, բոլորն էլ վճռական են տրամադրված»։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930