2020 թ. պատերազմից հետո էլ Ադրբեջանը շարունակում է ակտիվորեն զինվել, եւ այդ մասին պարբերաբար հայտարարում է Իլհամ Ալիեւը երկրի զինուժի հետ հանդիպումների ժամանակ: Օրերս այցելելով Արցախի օկուպացված Քարվաճառի շրջան՝ հայտարարեց, թե Բաքուն ամենաարդիական զինատեսակների ձեռք բերման պայմանագրեր է կնքել: Նրա խոսքով՝ այդ պայմանագրերն արդեն իրականացվում են, Ադրբեջան են բերվում նոր զենք եւ արդիական զինտեխնիկա: Վերջինս նաեւ հպարտացավ, որ Արցախի օկուպացված շրջաններում Ադրբեջանի զինուժի նոր ստորաբաժանումներ են ձեւավորվում, եւ չմոռացավ խոսել 44-օրյա պատերազմի մասին՝ մեկ անգամ եւս փորձելով ինքն իրեն եւ ադրբեջանցի զինծառայողներին համոզել, որ իրենք են ապահովել ճակատամարտի ելքը, այլ ոչ թե Թուրքիան՝ ջիհադիստ ծայրահեղական զինյալների հետ միասին: Նա նույնիսկ ներկայացրեց ակնհայտ սուտ տեղեկություն, թե, իբր, ադրբեջանցի զինվորները չեն փախել մարտի դաշտից: Քարվաճառ կատարած այցի ժամանակ Ալիեւն ավելի «առաջ գնաց» իր դատողություններում եւ հայտարարեց, թե միջազգային հարաբերություններում կարեւոր դերը պատկանում է ուժի գործոնին:
Արված վերջին արտահայտությունը բացահայտում է Հայաստանի հետ ընթացող բանակցություններում Ադրբեջանի որդեգրած մարտավարությունը: Նա ձգտում է ուժի դիրքերից խոսել բանակցային սեղանի շուրջ՝ փորձելով առաջ տանել միայն իր երկրին ձեռնտու թեզերը: Սակայն Բաքվի առաջնորդն ուշ թե շուտ ստիպված է հասկանալ, որ բանակցությունների սեղանին զենքը չի գործելու, այլ՝ պատմաիրավական հիմքերը եւ փաստերը: Սեղանի շուրջ արդիական զենքերը չեն «խոսում»: Ի դեպ, դրանք որոշիչ չեղան նաեւ Արցախի խնդրի հանգուցալուծման հարցում, եւ պատերազմի հետեւանքով ոչ միայն չլուծվեց Արցախի հիմնահարցը, այլեւ ավելի խորացավ՝ Ադրբեջանի ու դաշնակից ուժերի միջոցով Արցախի նորանոր տարածքներ օկուպացնելու, կատարված ռազմական հանցագործությունների հետեւանքով:
Սպառազինվելուն զուգահեռ՝ Ադրբեջանն իր բանակն ամբողջությամբ տանում է Թուրքիայի զինուժի, ասել է թե՝ ՆԱՏՕ-ի չափանիշների ներքո եւ վերջինիս հետ փորձում ձեւավորել Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան ռազմական համագործակցության վեկտորը:
Այսօր Բաքուն եւ Անկարան ավելացնում են տարածաշրջանի լարվածությունը, քանի որ այդ զորավարժությունները եւ ՆԱՏՕ-ի չափանիշների տակ Ադրբեջանի զինված ուժերի տեղափոխումը մեկ նպատակ ունեն՝ տարածաշրջանում Թուրքիայի ազդեցության մեծացում, որին վաղ թե ուշ պարտադրված է լինելու պատասխանել նաեւ Ռուսաստանը:
Կարդացեք նաև
Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում: