Վարչապետի վերջին «ասուլիսի» հետ կապված բոլոր հարցերը, այդ թվում՝ ով է լուսաբանել, ով չի լուսաբանել, ով հարց է ուղարկել, ով չի ուղարկել՝ այդ ամենը խամրում է Փաշինյանի ասածների ֆոնին: Ըստ այդմ, Հայաստանն Ադրբեջանին է հանձնելու Բերձոր քաղաքը, ինչպես նաեւ Աղավնո եւ Սուս գյուղերը՝ դրանք շրջանցող եւ Հայաստանն ու Արցախը կապող այլ ճանապարհը պատրաստ լինելուց հետո: (Հետաքրքիր է, ի դեպ, հնարավո՞ր է արդյոք այդ հայտարարությունը չլուսաբանել): Ասվում է, որ հենց դա էլ նախատեսում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը: Հաշվի առնելով, որ նույն փաստաթուղթը նոր ճանապարհի շինարարություն չի նախատեսում ու իմանալով Ադրբեջանի քաղաքականության, մեղմ ասած, «առանձնահատկությունները», կարծում եմ, այս իրավիճակում վտանգ կա, որ Արցախը կհայտնվի շրջափակման մեջ:
Ադրբեջանի ներկայիս քաղաքականության մասին պատկերացում կազմելու հնարավորություն են տալիս նույն «ասուլիսում» Փաշինյանի արված մյուս հայտարարությունները: Նա տեղեկացրել է, որ Ադրբեջանը չեղարկել է Գրիգորյան-Հաջիեւ հանդիպումը եւ չի արձագանքել արտգործնախարարների հանդիպման առաջարկին: «Նրանք նոր պատերազմի լեգիտիմությունն են փորձում ձեւավորել», – միանգամայն ճիշտ եզրակացության է գալիս վարչապետը: Ճիշտ է, հետո ավելացնում է. «Նոր պատերազմն իրենք նկատի ունեն երեք ամսից, թե երեք տարուց, թե երեսուն տարուց, դա ուրիշ խնդիր է»: 30 տարին, իհարկե, իրատեսական ժամկետ չի, իսկ ահա 3 ամսից 3 տարի ժամանակահատվածը, կարծում եմ, ճիշտ է նշվում, եւ պատերազմն այդ ընթացքում գրեթե անխուսափելի է:
Սա էր, կարծում եմ, «ասուլիսի» հիմնական ասելիքը՝ մնացած խոսակցություններն ավելի շուտ հռետորաբանության ոլորտից են, եւ ղարաբաղյան խնդրի, այսպես ասենք, «յուրովի մեկնաբանություն» են: Հետեւաբար, պետք է նախապատրաստվել նոր պատերազմի: Մեր այն համաքաղաքացիները, որոնք կարծում են, թե «ռուսը չի թողնի, որ պատերազմ սկսվի», ցավոք, մոլորության մեջ են: Բացի ամեն ինչից, կարող է այնպիսի իրավիճակ ստեղծվի, որ Ադրբեջանը հնարավորություն ունենա «ռուսին չլսելու»:
Կարծես թե, բոլորը համաձայն են, որ պետք է պատրաստվել պատերազմի՝ առանց խուճապի եւ, մյուս կողմից, առանց «խաղաղության դարաշրջանի» վրա ապավինելու: Ի՞նչ է անում իշխանությունը՝ պատերազմին պատրաստվելու համար, ի՞նչ արդյունքի է ձգտում (բացի «լայքերի» քանակից): Սկզբի համար թերեւս արժե Գլխավոր շտաբի պետ նշանակել: Ո՞ր զենքերով է թշնամին մեր վրա հարձակվելու, ո՞ր զենքերով ենք մենք պաշտպանվելու: Այդ հարցերին պատասխանելն ավելի կարեւոր է, քան ամեն վայրկյան ու ամեն առիթով «նախկինների» մասին խոսելը:
Կարդացեք նաև
Ի՞նչ է անում քաղաքական վերնախավը՝ պատերազմին պատրաստվելու համար, ի՞նչ է անում հասարակությունը:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ