Լրահոս
Օրվա լրահոսը

«Հռոմի պապը կոչ էր արել, որ յուրաքանչյուր կաթոլիկ իր տանը տեղ տա եզդի փախստական մի ընտանիքի»

Հունիս 29,2022 14:30

Հայաստանի Հանրապետության հիմնադրումից հետո Ուսուբ Բեկը ՀՅԴ ցուցակով ընտրվում է Հայաստանի խորհրդարանի պատգամավոր: Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, եզդիները Հայաստանի առաջին Հանրապետության հռչակման նախօրեին կազմեցին մի քանի զորաջոկատներ, Ուսուբ Բեկի, Ջհանգիր Աղայի գլխավորությամբ: Որպես արի զորահրամանատար, Ջհանգիր աղան արժանացավ Գեորգիեւյան խաչի, իսկ սպարապետ Թովմաս Նազարբեկյանը գրեց. «Նրա անունը կարող է, ոչ, պետք է, պարտադիր պետք է դրվի ոչ միայն եզդի, այլեւ հայ նշանավոր հերոսների անունների հետ միեւնույն շարքում»: Մեր զրույցը իրավաբան, «Մեդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորում ՀԿ խորհրդի նախագահ Ամո Շարոյանի հետ է:

– Պարոն Շարոյան, Ձեր ազգի որոշ ցեղերի գաղթը դեպի Հայաստան արդյո՞ք 9-ից 12-րդ դարերում է եղել:

– Մեր ազգի որոշ ցեղեր Արաբական խալիֆաթի հզորացման ժամանակահատվածում գաղթել են դեպի հյուսիս՝ դեպի հայկական լեռնաշխարհ գաղթածները «Զուկութի», «Օրթըլի» եւ «Հասընի ցեղերն են»: Հետագայում Օսմանյան կայսրության նախաձեւավորման շրջանում ջարդեր եւ հարձակումներ են եղել եզդիների գյուղերի վրա…

– Հայ մեծ լուսավորիչ Խաչատուր Աբովյանը հայերի հանդեպ եզդիների նվիրվածության վերաբերյալ արտահայտել է հետեւյալ միտքը. «Եզդիները իրենց կողքի ժողովուրդներից ոչ մեկին այնպես նվիրված չեն, ինչպես՝ հայերին»:

– Այո՛, անկասկած, մենք՝ եզդիներս, նվիրված ենք հայոց ողջ ժողովրդին, մեր «թթվածինը» Հայաստանն է, մեր հաջողությունը, ձեռքբերումները կապված են Հայաստանի հետ: Հայաստանի առաջին Հանրապետության վարչապետ Սիմոն Վրացյանը մի առիթով հետեւյալն է ասել. «Հայաստանի եզդիների ճակատագիրն անխզելի կապերով մնաց կապված հայության ճակատագրի հետ»: Այս հետեւությունը հիմնականում այն դաժան իրականությունն է, որ ե՛ւ հայ ազգը, ե՛ւ եզդիներն են սարսափելի ճակատագրական օրեր, տարիներ ապրել … Այն բոլոր իրադարձություններն են նրանց ճանապարհներում հանդիպել, որը, ընդհանուր առմամբ, ցեղասպանության դառնագին, սարսափելի ժամանակաշրջան է եղել երկու ազգի համար էլ… Եղեռնը երկուսի (նաեւ այլ փոքրամասնությունների՝ ասորիների, հույների, քրդերի) համար էլ եղել է «սեւ» ճակատագիր՝ կրոնի, ազգային սրբությունների, իրավազրկման, եկեղեցիների ոչնչացման ոլորտում: Ահավասիկ եզդիների կենսատարածք համարվող Շանգալում 21-րդ դարի (2014-ի ամռանը) մեծ ջարդեր եղան եւ ցեղասպանդ: Հազարավոր եզդիներ՝ կանայք, երեխաներ ԻՊ-ի կողմից թալանվեցին, կրոնափոխ եղան, գերի վերցվեցին, բռնի տեղահանվեցին, սպանվեցին դաժանաբար: Անսպասելի էր նաեւ աշխարհի խաղաղասեր հասարակության ու հայերի համար եւ ցավալի Արցախի վերջին պատերազմական տխուր դեպքերը, ուր սահմանամերձ վայրերում զոհվեցին անմեղ հայորդիներ: Նրանց շարքերում մարտնչում էին նաեւ եզդի մեր տղաները, որոնցից շատերը զոհվեցին հանուն հայրենիքի պահպանության: Գիտեք, այս վիշտն ու ցեղասպանությունն էր, որ մեր երկու ազգին միմյանց կապող ուժ էր հանդիսանում եւ միասնական ոգի ավելացնող նվիրվածություն էր: Անկեղծ խոստովանեմ, որ Հայաստանը մեր եզդիներիս երկրորդ հայրենիքն է:

– Ձեր գիրքը կոչվում է «Շանգալի ցավը»: Այն ՀՀ մշակույթի նախարարության հովանավորմամբ է հրատարակվել: Ձեռնարկում ցավալի իրողությունն եք ներկայացրել:

– Մեր եզդի ազգը վերջին տարիներին նորից ենթարկվեց ահավոր ցեղասպանության. 1914թ. օգոստոսի 13-ին Իրաքի Հանրապետության ողջ եզդիաբնակ Շանգալ մարզում: ԻՊ-ի հրեշային խմբերը իրագործեցին այն, ինչը հնարավոր չէր նույնիսկ պատկերացնել զարհուրելի մղձավանջում: Եզդի կանանց, երեխաներին ստրկավաճառները հասցրին մինչեւ Աֆղանստան… Ամենուր այդ օրերին «մահվան շունչն էր տիրում»: Սարսափելի է հիշել նույնիսկ:

– Պր-ն Շարոյան, եզդիների, քրիստոնյա փոքր ազգերի ցեղասպանությունը դատապարտել են ՄԱԿ-ը, ԵՄ-ը եւ այլ միջազգային կազմակերպություններ, պետություններ: Այս մասին Դուք ինչպիսի՞ կարծիք ունեք, արդյո՞ք բավարար է:

– Միջազգային հանրությունը, գերտերությունները պատասխանատու են ոչ միայն իրենց երկրների անվտանգության համար, այլեւ՝ ողջ աշխարհի: Եթե ժամանակին ողջ մոլորակի հասարակությունը դատապարտեր Հայոց ցեղասպանությունը, թուրք ժողովուրդը առերեսվեր իր անցյալին եւ երիտթուրքերի հանցանքը դատապարտվեր՝ այն ժամանակ չէր կրկնվի ոչ Շանգալի եւ ոչ Շուշիի դաժանությունները…
ԱՄՆ-ը որոշել է նոր ռազմավարություն մշակել ԻՊ-ի դեմ պայքարում: Իմ պատասխանն է քաղաքակիրթ մարդկությանը, մինչեւ ե՞րբ…

– Եզդիների դժվարին օրերին եղա՞ն աջակից երկրներ…

– Այո՛, կորստի, վշտի, սպանդի ու գաղթի օրերին (21-րդ դարի «աչքի առաջ» եղան նաեւ անտարբեր երկրներ եւ իսլամիստական կողմնակիցներ) օժանդակող, կարեկցող երկրները եզդի փախստականների «կողքին էին», նրանք աջակցում էին մերոնց: Մեր ժողովուրդը երբեք չի մոռանա ՌԴ-ից, ԱՄՆ-ից, Ավստրալիայից, Ֆրանսիայից, Արցախից եկող օգնությունները, Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կոչ էր արել, որ յուրաքանչյուր կաթոլիկ իր տանը տեղ տա փախստական եզդի մի ընտանիքի: Իհարկե, ճշմարիտ խոսք կա՝ սիրենք մեկս մյուսին, որ Աստված էլ սիրի մեզ: Ափսոս, որ մարդու կյանքը կորցրել էր իր գինը, այն էլ՝ 21-րդ դարում:

– Դուք վերջին տարիներին հանդիպել եք ՀՀ-ում գործող տարբեր երկրների դեսպանությունների ղեկավարների հետ, մեկնել եք տարբեր երկրներ, զրուցել նշանավոր պետական, հասարակական գործիչների հետ:

– Այո, հանդիպել եմ ՀՀ-ում տարբեր երկրների դեսպանատան ներկայացուցիչների, արտերկրում մասնակցել եմ կոնֆերանսների, տարաբնույթ միջոցառումների, մեկնել եմ ԱՄՆ, Գերմանիա… թվով 147 երկրների ներկայացուցիչների առաջ Գերմանիայի Բունդեսթագում ելույթ եմ ունեցել, որը նվիրված էր եզդիների համերաշխությանը եւ միասնությունը: Նշեմ, որ Բեռլինի Բունդեսթագը դատապարտել եւ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Ամենուր իմ հանդիպումներում քննարկել եմ եզդիների հանդեպ իրագործվող ոճրագործությունների բոլոր մանրամասները, որպես իրավաբան ներկայացրել եմ բոլոր հիմնահարցերը:

– Հայաստանում գործում են եզդիական հասարակական կազմակերպություններ, որոնց խնդիրները կամ նպատակները որո՞նք են:

– Այդ կազմակերպությունները բոլորն էլ Հայաստանի հասարակական կազմակերպություններ են: Մեր ՀԿ-ն հիմնադրվել է 2011թ. մարտին: Հայաստանում ապրում է 50-60 հազար եզդի: Մենք ապրում ենք հայերի եւ այլազգիների կողքին շատ համերաշխ եւ խաղաղ՝ եղբայրական հարաբերություններով: Եզդիական յուրաքանչյուր հասարակական կազմակերպություն օգտակար, ուսանելի գործընթացներ է իրականացնում: Մենք մեզ ամուր, ուժեղ ենք զգում, երբ Հայաստանի ընդհանուր վիճակը բարվոք եւ հուսալի ենք տեսնում: Հիմա իմ մտածմունքն այն է, որ Հայաստանի ե՛ւ ընդդիմությունը, ե՛ւ իշխանությունը միմյանց հասկանան, զիջեն իրար եւ հիմնախնդիրները լուծեն հաշտ: Լինելով աստվածապաշտ՝ աղոթքս ուղղում եմ Աստծուն, որ ողջ հայությունը (նաեւ մենք՝ փոքր ազգի ներկայացուցիչներս) ապրենք բարվոք, խաղաղ, երջանիկ… Այս են մեր ազգերին ցանկացել մեր երկու ազգերի երեւելի դեմքերը՝ Անդրանիկ Զորավարը, Ջհանգիր Աղան, Ուսուբ Բեկը, Սիմոն Վրացյանը, Կոմիտասը. նրանց կերպարները մարդասիրության, հայրենասիրության, ազգապահպանման, քաջության ուսանելի օրինակներ են եկող սերունդների համար…

– Պր-ն Շարոյան, եզդիները թեեւ հեռացել են իրենց պատմական նստավայրից՝ Լալըշե Նուրանից, այնուհանդերձ, Դուք ձեր ազգային կրոնական տոները պահպանում եւ նշում եք: Օրինակ, «Այդա Եզդիտը», որը նշվում է որպես աշխարհի արարման հարատեւման տոն:

– «Այդա Եզդիտը» մեր՝ եզդիներիս կողմից նշվում է դեկտեմբերի 13-ից մինչեւ հաջորդ առաջին ուրբաթ օրը, մարդիկ ծոմ են պահում երեքշաբթիից հինգշաբթի օրերին, իսկ ուրբաթ օրը նշում են աշխարհի արարման տոնը: Այս տոնը հինավուրց դարերի խորքից է գալիս եւ մինչեւ հիմա նշվում է:

Զրույցը՝ Լուսինե ԹՈՓՈՒԶՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
28.06.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930