Լրահոս
Օրվա լրահոսը

Ռեժիսորական «հանդգնություն», որ փոխհատուցվեց ճաշակով ու հաջողությամբ

Հունիս 29,2022 13:30

Դավիթ Հարությունյանը յուրովի է մեկնաբանել Թենեսի Ուիլյամսի «Կատուն շիկացած տանիքին» պիեսը

Պատանի հանդիսատեսի թատրոնում կայացավ հերթական պրեմիերան` ըստ Թենեսի Ուիլյամսի «Կատուն շիկացած տանիքին» պիեսի, բեմադրական աշխատանքները սկսվել էին դեռեւս 2021 թվականի դեկտեմբերից: Այս գործի համար Ուիլյամսը մրցանակներ է ստացել, այդ թվում` Փուլիցերյան: «Կատուն շիկացած տանիքին» պիեսն առաջին անգամ բեմադրել է «Օսկարի» եւ «Ոսկե Գլոբուսի» բազմակի դափնեկիր, թատրոնի եւ կինոյի ամերիկացի ռեժիսոր, սցենարիստ եւ պրոդյուսեր Էլիա Կազանը` 1950-ականների կեսերին:

Ընդհանրապես Ուիլյամս բեմադրելը որքան էլ մոդայիկ է, այնքան էլ պատասխանատու, որովհետեւ չնայած հաջողված գրական հիմքին` ռեժիսորական ոչ համարժեք մոտեցումը կամ անհաջող ընտրված դերասանական կազմը կարող են պատճառ լինել բեմադրության տապալման: Երեւանի Պատանի հանդիսատեսի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ այս բեմադրության ռեժիսոր Դավիթ Հարությունյանը յուրովի է մեկնաբանել հայտնի ու աշխարհի տարբեր բեմերում բազմիցս խաղացված այս գործը:

Ներկայացման մեջ զբաղված Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասաններ Սիրանուշ Լազյանի, Անդրանիկ Հակոբյանի, ՀՀ վաստակավոր արտիստներ Արտաշես Շահվերդյանի, Անահիտ Բաբելյանի, Արա Մաթեւոսյանի, նաեւ Սամվել Դանիելյանի, Շուշան Ղազարյանի ու Սամվել Օհանյանի համոզիչ եւ երբեմն զգացմունքային խաղի ու իր ռեժիսորական լուծումների շնորհիվ Դավիթ Հարությունյանը հրաշալի բենադրություն է ստացել: Բնականաբար, հաջողության մեջ ներդրում ունեն բեմադրող նկարիչ Գարեգին Եվանգուլյանը, զգեստների դիզայներ Լիլիթ Մելիքյանը եւ թատրոնի գեղարվեստական խորհրդատու, ՀՀ ժողովրդական արտիստ Հրաչյա Գասպարյանը: Մարդկային ձեւախեղված հարաբերություններ, ընտանեկան դրամա, SOS` սիրո ու պարզ մարդկային երջանկության կորստի համար: Սրանք թեմաներ են, որոնք բոլոր ժամանակներում հուզել են մարդկությանը եւ արծարծվել համաշխարհային գրականության ու արվեստի գլուխգործոցներում:


Իհարկե, բարդ եւ պատասխանատու է մոտենալ մի նյութի, որը նաեւ էկրանավորվել է, եւ ժամանակին ֆիլմում խաղացել են այնպիսի մեծություններ, ինչպես Էլիզաբեթ Թեյլորն ու Հոլիվուդի սյուներից մեկը համարվող Փոլ Նյումանը: Ամեն դեպքում, Դավիթ Հարությունյանը ստեղծագործական «հանդգնություն» է ցուցաբերել հիթային համարվող այս գործը բեմադրելով, ինչը լիովին արդարացվել է. փաստը` շատ յուրահատուկ ու շատ ստացված ներկայացումն է: Թենեսի Ուիլյամսի «Կատուն շիկացած տանիքին» պիեսի բեմադրությունը Դավիթ Հարությունյանի պրիզմայով եւ հետաքրքիր մեկնաբանությամբ շատ «հյութեղ» է ստացվել:

Հիշեցնենք, որ շնորհալի ռեժիսոր Դավիթ Հարությունյանը բեմադրել է նաեւ մի շարք ներկայացումներ ինչպես Երեւանի տարբեր թատրոններում, այնպես էլ Հալեպում, մաս կազմել հեռուստատեսային եւ կինոնախագծերի: Նա նաեւ Հայաստանի թատերական գործիչների միության «Արտավազդ» մրցանակի դափնեկիր է:

«Երկարատեւ սահմանափակումներից հետո` քովիդ եւ այլն, արվում է առաջին մեծամասշտաբ գործը»,- պրեմիերայի օրն ասաց թատրոնի տնօրեն Էմին Թորոսյանը: Նա հավելեց, որ նման ստեղծագործությունը ոչ միայն Պատանի հանդիսատեսի, այլեւ ցանկացած թատրոնում բարձր նշաձող է, լուրջ հայտ` թատերական արվեստում: Հավելեց, որ առաջիկայում պատրաստվում են բեմադրել նաեւ Վիլյամ Շեքսպիր, Ռոալդ Դալ եւ Պիեռ Կոռնեյլ:

«Թենեսի Ուիլյամսը մեծ տրամաչափի դրամատուրգ է, ցանկություն եմ ունեցել մեր թատերախմբով, մեր հնարավորություններով անդրադառնալ այս պիեսին, շատ հուզված ենք, դերասաններն էլ են ասեղների վրա: Հուսով եմ, որ մեր արած աշխատանքը կարդարացնի իրեն եւ կարձագանքի ձեր հոգիներում եւ սրտերում»,- ասաց Դավիթ Հարությունյանը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Գլխավոր լուսանկարում՝ Դավիթ Հարությունյանը

«Առավոտ» օրաթերթ
28.06.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930