Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր իրական կոչումը մեր հանդիսատեսն է շնորհում»

Հունիս 29,2022 13:00

«Մուշ» պարային անսամբլը 22 տարեկան է

Հուլիսի 3-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում կկայանա «Մուշ» պարային անսամբլի ստեղծման 20-ամյակին նվիրված մենահամերգ, գեղարվեստական ղեկավարը եւ պարերի բեմադրողը ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալակիր Արթուր Հակոբյանն է։ «Մուշ» պարային անսամբլը հիմնադրվել է 2000 թվականին։ Այս տարի հիմնադրման 22-ամյակն է, բայց հաշվի առնելով կորոնավիրուսի հետ կապված համաճարակի դժվար ժամանակաշրջանը, նշվում է 20-ամյակը։ «Քանի որ չհասցրեցինք 20-ամյակ նշել պանդեմիայի շրջանում, ոչ թե նշում ենք 20-ամյակը, այլ կարելի է ասել՝ անում ենք Պարի տոն, Ազգագրական պարի տոն, որտեղ մասնակցում են «Մուշ» պարային անսամբլի շուրջ 400-450 երեխաներ ու պատանիներ»,-մեզ հետ զրույցում նշեց Արթուր Հակոբյանը։ Երեկոյան կկայանա «Մուշ» պարային անսամբլի գալահամերգը, իսկ ցերեկային սեանսին կմասնակցեն «Մուշ» պարային անսամբլի մանկական խմբերը, որոնք կողջունեն, կշնորհավորեն անսամբլի ստեղծման 20-ամյակը։


Հակոբյանը պատմեց, թե ինչ բարդ պայմաններում է ստեղծվել «Մուշը». «Դավիթաշենի արվեստի դպրոցի տնօրեն երջանկահիշատակ Արմինե Քոչարյանը ինձ հրավիրեց եւ ասաց, որ պետք է պարային խումբ ունենանք, քանի որ բոլոր համայնքներում կային պարային խմբեր, բացի Դավիթաշենից։ Որոշեցինք ստեղծել անսամբլ, այդ ժամանակ Դավիթաշենի թաղապետն էր Ռուբեն Գեւորգյանը: Նա ասաց, որ ես սկսեմ, ինքը կաջակցի։ Ես խոստացել էի, որ խումբը 2 տարի հետո տանելու եմ արտասահման ու դափնեկրի կոչումով ետ ենք գալու։ Եվ իրականում 2002 թվականին անսամբլին (մոտ 30 երեխա) տարա Հորդանան, 16 համարով համերգ ենք տվել, զավեշտալին այն է, որ վերջին պարին պատրաստվել ենք գնացքի մեջ։ Բայց շքեղ համերգ կայացավ։ 2003-ին էլ կազմավորվեց «Արմեններ» անսամբլը։

Առաջին 6 ամիսը ոչ մի աշակերտ չկար, միայն եղբորս տղան էր, 6 ամիս գալիս էինք փորձի 12 երաժիշտների հետ, որոնց պահում էինք զուտ նրա համար, որ ներս մտնողը տեսնի՝ այդտեղից երաժշտության ձայն է գալիս, այդտեղ ժողգործիքներ կան։ Նույնիսկ մի անգամ տնօրենը տեսավ՝ մի հոգու հետ եմ պարապում, կանչեց ու ասաց՝ Արթուր, փակի գնա, մեղք ես, 12 երաժիշտ ես պահում… Բայց ներքուստ հավատում էի, որ կայանալու է այդ խումբը, միշտ ասում էի, տիկին Քոչարյան, պահը գալու է, որ տեղ չեք ունենալու երեխա ընդունելու համար։ Տիկին Քոչարյանը ծիծաղեց՝ որ օրը այդ պահը գա, ես դիմում կգրեմ, դուրս կգամ։ Կարծեմ 2010, 2011 թիվն էր, երբ արվեստի դպրոցի ընդունարանում գործերն էին ընդունում, եկավ տիկին Քոչարյանը եւ ասաց` 80 հոգին անցել է, բայց դահլիճում էլ տեղ չկա։ Այդ ժամանակ ես հիշեցրեցի իր ազատման դիմումի մասին, մի լավ ծիծաղեցինք։ Ու եկավ այդ պահը, որ արդեն տեղ չկար, չէինք հասցնում, փորձերը երեկոյան էինք ավարտում»:

Թե ինչու է անսամբլը «Մուշ» կոչվում, մեր զրուցակիցը այս մասին էլ ասաց. «Նախ, ինքս մշեցի եմ, եւ երկրորդ` եղբորս տղան, որ իմ առաջին պարողն էր, չնայած անունը Հակոբ է, բայց փոքր ժամանակ Մուշիկ էինք ասում: «Մուշ» պարային անսամբլն աշխարհի շուրջ 40 պետությունների 65-70 քաղաքներում համերգներ է տվել, նպատակը եղել է՝ հայկական ժողովրդական ազգագրական պարը լավագույնս ներկայանալի լինի աշխարհին։ Արդեն մի քանի տարի է, որ Դավիթաշենում հիմնադրվել է «Մուշ» պարային դպրոցը, որտեղ պարապում են «Մուշ» պարային անսամբլի շուրջ 12 խմբեր»։
Արթուր Հակոբյանը հիշում է, որ Պարի դպրոցի բացման առիթով վերջապես ժամանակ եղավ հաշվել պատվոգրերը՝ 300 պատվոգիր, այդ թվում նաեւ՝ հայաստանյան համերգների, մրցույթ-փառատոների։ Վերջերս Գյումրիում տեղի ունեցավ «Շիրակի էսքիզներ» հանրապետական մրցույթ-փառատոնը, որտեղ «Արմեններ» պարային անսամբլը գրավեց պատվավոր առաջին հորիզոնականը։ «Դա նպատակ է, ոչինչ հեշտ չի տրվում, մենք երկար ենք աշխատում, եւ բնական է՝ քրտնաջան աշխատանքը տալիս է իր արդյունքները։ Իսկ որակը գնահատում են ժյուրին եւ հանդիսատեսը»,-հավելում է Արթուր Հակոբյանը։ Ի դեպ, նա վերջերս Հայաստանի Վանուշ Խանամիրյանի անվան պարարվեստի գործիչների միության կողմից արժանացել է վաստակավոր պարուսույցի կոչմանը, ինչպես նաեւ Վրաստանի պարարվեստի գործիչների միության վաստակավոր գործիչի կոչում է ստացել։ «Մեր իրական կոչումը մեր հանդիսատեսն է շնորհում, ամենաբարձր կոչումը այն է, որ մենահամերգից 1 ամիս առաջ արդեն տոմս գոյություն չի ունենում»,-ընդգծում է նա։

Արև ԲԱՐՍԵՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
28.06.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930