Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Պուտինի, Ալիեւի եւ Էրդողանի համար ԵԱՀԿ Մինսկի խումբը սպառնալիք է

Հունիս 29,2022 12:00

Անկարան ու Բաքուն ձգտում էին հատկապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շարքում «գործընկեր» գտնել՝ ձեւաչափը քայքայելու հարցում եւ գտել են այդ «գործընկերոջը»

Դեռ մինչեւ 2020թ. 44-օրյա պատերազմը՝ արդեն իսկ անվիճելի փաստ էր, որ Անկարան ու Բաքուն ամեն ինչ անում են արգելափակվելու ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը: Տարիներ շարունակ նպատակասլաց եւ հետեւողականորեն Բաքուն ու Անկարան միմյանց ձայնակցելով՝ դժգոհում էին ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունից, եւ ակնհայտորեն «գործընկեր» էին փնտրում իրենց քարոզչական թեզը գործնականում կյանքի կոչելու համար:

Անկարայի ու Բաքվի նպատակը պարզ էր. նրանք ձգտում էին հատկապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շարքում «գործընկեր» գտնել՝ այս ձեւաչափը քայքայելու հարցում եւ գտան, այդ «գործընկերը»՝ Մոսկվան էր: Ռուսաստան-Արեւմուտք լարվածությունը դեռ գագաթնակետին էլ չէր հասել, Մոսկվան էլ իր շահերից ելնելով ձգտում էր իրագործել Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան եռակողմ ձեւաչափում իր՝ որպես հիմնական մրցավարի դերի հաստատումը:

44-օրյա պատերազմը որպես փաստ՝ ապացույցն է այն բանի, որ Բաքուն ու Անկարան ԵԱՀԿ Մինսկի խումբը Մոսկվայի աջակցությամբ արդեն իսկ արգելափակել էին, եւ ինչպես Էրդողանն ու Ալիեւն էին պատկերացնում ու այդպես բազմիցս էին հայտարարում՝ «միայն Մոսկվան կարող է ղարաբաղյան խնդիրը լուծել»:
Եվ «լուծեցին»…

Ուկրաինայում պատերազմից հետո, երբ գագաթնակետին են հասել Ռուսաստան-Արեւմուտք հարաբերությունները, արդեն իսկ ակնհայտ էր, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի հարթակը, որը թերեւս վերջին հարթակն էր, որտեղ Մոսկվայի հետ շփվում էին արեւմտյան երկրները, արդեն չի կարող գործել: Այո՛, Արեւմուտքն, այսպես ասած՝ պաշտոնապես փակեց Մոսկվայի առջեւ դուռը ԵԱՀԿ ՄԽ-ում՝ Ուկրաինայում պատերազմից հետո: Բայց մի՞թե այդ ձեւաչափի գործունեությունն ավելի վաղ Մոսկվան արդեն իսկ գործնականում չէր արգելափակել, երբ Արցախում 44-օրյա պատերազմից հետո լծվեց եռակողմ բանակցությունների ու համաձայնությունների կնքմանը կողմերի հետ՝ չմոռանալով Թուրքիայի քմահաճությունների բավարարումը: Էլ ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնի ստեղծում, էլ առանձին բանակցություններ՝ Անկարայի հետ արդեն ոչ միայն ԼՂ խնդրի շուրջ, այլեւ՝ Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի ստորագրման տարբեր հարցերով:

Այնպես որ, ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության արգելափակումը իրականացել է դեռ Ուկրաինայում պատերազմից շատ առաջ, եւ Ռուսաստանից վերջին ամիսներին ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության մասին երբեմն-երբեմն հնչող հայտարարությունները, մեղմ ասած, ծիծաղելի են:

Թերեւս, Մոսկվայի անկեղծության աստիճանը ստուգելուն էր ուղղված օրեր առաջ Վաշինգտոնից մի խիստ ուշագրավ հայտարարություն: Չնայած Ուկրաինայի դեմ պատերազմի պատճառով Միացյալ Նահանգները խզել է հարաբերությունները Ռուսաստանի հետ, սակայն Ղարաբաղի հարցում պատրաստ է շարունակել համագործակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբում՝ հանուն խնդրի խաղաղ ու տեւական կարգավորման, «Ազատությանը» տված բացառիկ հարցազրույցում հայտարարեց ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդը։ «ԱՄՆ-ը շարունակում է ասել, որ մենք աջակցում ենք Մինսկի խմբի համանախագահության գործընթացին: Մենք շարունակում ենք հավատալ, որ դա շատ կարեւոր ձեւաչափ է՝ հատկապես Լեռնային Ղարաբաղի հարցում։ Եվ կարեւոր է, որ մենք տարբեր ձեւաչափեր պահպանենք՝ փորձելով առաջ տանել խաղաղությունը: Եվ մենք կշարունակենք դա անել առաջիկայում»,- նշել էր նա: Հարցին՝ համագործակցելո՞վ Ռուսաստանի հետ, Դոնֆրիդը պատասխանել էր. «Այո՛։ Ռուսաստանը Մինսկի խմբի համանախագահ է: Այնպես որ, այո՛: Ֆրանսիան, ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը կշարունակեն այդ ձեւաչափը»։

Իսկ հստակեցմանը, թե կա եւս մեկ խոչընդոտ, Ալիեւն ասում է` «կարիք չկա, շնորհակալություն», Քերըն Դոնֆրիդն ասել էր. «Դե, Ադրբեջանը չի աջակցում Մինսկի խմբի համանախագահության գործընթացին։ Միացյալ Նահանգներն աջակցում է, եւ մենք մասնակցում ենք այդ գործընթացին եւ կշարունակենք մասնակցել»։

Ի դեպ, փոխպետքարտուղարին լրագրողը հիշեցրել էր Փաշինյանի ելույթներից մեկը, որում նա նշել էր, թե Հայաստանի միջազգային գործընկերներն ակնկալում են, որ Երեւանը մի փոքր իջեցնի նշաձողը Ղարաբաղի կարգավիճակի հարցում՝ ապահովելու համար ավելի մեծ միջազգային կոնսոլիդացիա Հայաստանի ու Ղարաբաղի շուրջ։ Լրագրողը հարցրել էր՝ արդյո՞ք Վաշինգտոնը այդ գործընկերների շարքում է, եւ ի՞նչ է նշանակում նշաձողի իջեցում՝ մինչեւ ո՞ւր: ԱՄՆ փոխպետքարտուղարը խուսափել էր հստակ պատասխանել, սակայն ընդգծել՝ թեեւ Հայաստանը ցավոտ անցյալ է ունեցել հարեւանների հետ, սակայն այսօր տարածաշրջանում նշմարվում է հաշտեցման եւ խաղաղության հասնելու հնարավորություն. «…Իմ հանձնառությունն է ասել, որ մենք Միացյալ Նահանգներում ցանկանում ենք օգնել ձեզ՝ հասնել դրան: Եվ ես կարող եմ Ձեզ հավատացնել, որ մենք դա կանենք»։

Այսպես, Վրաստանից, ապա՝ Ադրբեջանից Հայաստան ժամանած ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական եւ եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդի ուղերձները Երեւանում հստակ էին՝ ԱՄՆ-ը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շարքում է, այդ ձեւաչափը կարեւոր դեր է խաղում Լեռնային Ղարաբաղի հարցում, եւ ԱՄՆ-ը հավատարիմ է մնում այդ գործընթացին։

Հաջորդը՝ հանուն ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման ԱՄՆ-ն ու Ֆրանսիան, ըստ էության, որպես համանախագահող պետություններ, պատրաստ են վերականգնել այս ձեւաչափն ու նորից նստել Մոսկվայի հետ մեկ սեղանի շուրջ։ Այստեղ ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյայի խոսքը հստակ էր. «Դուք ենթադրեցիք, որ այդ համատեքստում ԱՄՆ-ը դադարեցրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության գործընթացը։ Դա ճշգրիտ չէ։ ԱՄՆ-ը շարունակում է ասել, որ մենք աջակցում ենք Մինսկի խմբի համանախագահության գործընթացին: Մենք շարունակում ենք հավատալ, որ դա շատ կարեւոր ձեւաչափ է հատկապես Լեռնային Ղարաբաղի հարցում։ Եվ կարեւոր է, որ մենք տարբեր ձեւաչափեր պահպանենք՝ փորձելով առաջ տանել խաղաղությունը: Եվ մենք կշարունակենք դա անել առաջիկայում»: Ու հատկանշական է, որ ԱՄՆ փոխպետքարտուղարը բացահայտեց, որ այս մասին նա խոսել է նաեւ Բաքվում Ալիեւի հետ. «Ես ընդարձակ զրույց եմ ունեցել նախագահ Ալիեւի հետ։ Այն ընդգրկում էր բազմաթիվ թեմաներ, եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների թեման նրանցից մեկն էր»:

Միամիտ կլինի կարծել, թե ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան Երեւանում իր անձնական տեսակետն է հայտնել՝ ԵԱՀԿ Մինսկի խմբում Վաշինգտոն-Մոսկվա շփումների վերականգնման հնարավորության մասին: Պարզ է, որ դա Երեւանում պաշտոնական Վաշինգտոնի դիրքորոշում էր, որի հասցեատերը Մոսկվան էր:

Մոսկվան արագ արձագանքեց ամերիկացի պաշտոնյայի ուղերձին: Արագ, բայց զավեշտալի մի պատասխան հնչեց, որն իրականում բացահայտում է Ռուսաստանի իշխանությունների նպատակները: Պարզվեց, Մոսկվան կասկածում է ամերիկյան իշխանության ներկայացուցչի կողմից արված հայտարարության անկեղծության մեջ…

Մոսկվան կասկածում է, որ ԱՄՆ հայտարարությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում աշխատելու պատրաստակամության մասին, անկեղծ է, անցյալ շաբաթ կայացած ճեպազրույցում ասաց Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Ես կցանկանայի ինձ թույլ տալ կասկածել Քարեն Դոնֆրիդի հայտարարության անկեղծության մեջ: Եթե Վաշինգտոնն ու Փարիզն իսկապես կարեւոր համարեին Մինսկի խմբի բացառիկ միջնորդական ձեւաչափը, ապա իրենց թույլ չէին տա արհամարհել բոլոր մասնակից պետությունների կողմից հավանություն ստացած մանդատը»,-նշել էր Զախարովան: Վերջինս հիշեցրել էր, որ ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան փետրվարի 24-ին միակողմանիորեն, առանց խորհրդակցությունների խզել են կապերը Մինսկի խմբի ռուս համանախագահի հետ: Այդպիսով, ըստ Զախարովայի, եռանախագահների աշխատանքներին անուղղելի հարված է հասցվել: «Չկա երաշխիք, որ նման անպատասխանատու գործողությունները չեն կրկնվի: Ձեւացնել, թե ոչինչ տեղի չի ունեցել, պարզապես չի ստացվի: Պետք է հաշվի նստել նոր իրողությունների հետ»,- ասել է Զախարովան: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան այնպես էին հաշվարկել, որ Ռուսաստանին կմեկուսացնեն, բայց սխալվեցին իրենց հաշվարկներում եւ «իրենք իրենց մեզնից մեկուսացրին», մինչդեռ արտաքին աշխարհը չի սահմանափակվում Եվրատլանտիկայով:

Զախարովան կրկնել է, թե իրենք շահագրգռված են Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործում եւ չեն կարող թույլ տալ, որ «առանձին արտաքին դերակատարների քաղաքականացված քայլերը» խաթարեն տարածաշրջանում կայունության եւ խաղաղության վերականգնման՝ առանց այդ էլ բարդ ջանքերը. «Հետագայում էլ մեզնից կախված ամեն ինչ կանենք՝ լիարժեք իրականացնելու այն պարտավորություններն ու առաջադրանքները, որոնք արձանագրվել էին երեք երկրների առաջնորդների հայտարարություններում»:

Այսինքն, ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը համարում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործության վերագործարկումը կխաթարի տարածաշրջանում կայունության եւ խաղաղության վերականգնման Մոսկվայի «ջանքերը»: Այլ կերպ ասած՝ Մոսկվայից ասացին՝ «թողեք մենք աշխատենք Երեւանի ու Բաքվի հետ, մի խանգարեք մեր խաղաղասիրական ջանքերին»:

Հետեւաբար` արձանագրենք, որ Վաշինգտոնից Մոսկվային Ղարաբաղյան խնդրով բանակցությունների վերականգնման առաջարկ արեցին հրապարակավ, իսկ Մոսկվան, քանի որ իրականում չի ցանկանում ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության վերականգնում, հրապարակավ պատասխանեց՝ «մենք չենք հավատում, որ ԱՄՆ-ն անկեղծ է…»:

Այստեղ կարեւոր է հարցը, իսկ ինչո՞ւ Մոսկվան այս փուլում չի ցանկանում ղարաբաղյան թեմայով բանակցությունների վերականգնում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Մի պարզ պատճառով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության վերականգնում նշանակում է Արցախի կարգավիճակի շուրջ քննարկումներ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի մշակած սկզբունքների շրջանակներում, այդ թվում՝ ազգերի ինքնորոշման սկզբունքի հարգմամբ:

Իսկ Մոսկվան Բաքվի ու Անկարայի գծած ծրագրի շրջանակներում՝ այլ դաշտ է տարել «քննարկումները»: Դրանք Մոսկվայի հովանու ներքո ընթանում են եռակողմ պայմանավորվածությունների շրջանակում, ինչը բխում է Անկարայի ու Բաքվի շահերից:
Բոլորովին սպասելի էր, որ նույն ճեպազրույցում Զախարովան ԱՄՆ իշխանության ներկայացուցչի անկեղծության «կասկածելուց» անմիջապես հետո շեշտեց, թե Մոսկվան պատրաստ է ամենամոտ ժամանակներում ընդունել հայ-ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովի երկրորդ նիստը: Սա այն հարցն է, որի մասին Մոսկվայից գրեթե հիշեցնում են ամեն շաբաթ ու բացահայտ ցույց են տալիս, որ շտապում են համաձայնություններ ձեռք բերելու հարցում: Զախարովան հայտնել էր, որ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հարցերով հանձնաժողովի հերթական նիստը տեղի կունենա մոտ ժամանակներս Մոսկվայում: «Պարբերաբար առաջ եկող միջադեպերը, Ադրբեջանի եւ Հայաստանի սահմանային առանձին շրջաններում առաջ եկող խնդիրները հաստատում են սահմանազատման հարցերով հանձնաժողովի լիարժեք եւ մշտական աշխատանքների անհրաժեշտությունն ու արդիականությունը»,- ասել էր Զախարովան՝ մեկնաբանելով հայ-ադրբեջանական սահմանին օրերս տեղի ունեցած միջադեպը, ինչի հետեւանքով զոհվել էր մեկ հայ զինծառայող:

Ամփոփումը՝ վաղվա համարում:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 28.06.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930