Եվ ինչ էր այդ առիթով մտածում Օգոստինոս Երանելին
410 թվականին Հռոմեական կայսրությունում, ավելի ճիշտ՝ դրա Արեւմտյան մասում ռազմաքաղաքական աղետ էր տեղի ունեցել: Վեստ-գոթերի ջոկատները՝ Ալարիխի գլխավորությամբ մտել էին մայրաքաղաք, վառել էին, թալանել, սպանել, բռնաբարել… կարճ ասած՝ արել էին այն ամենը, ինչ անում են բարբարոսները: Կայսրությունում անկումնային, պարտվողական տրամադրություններ էին՝ եթե «հավերժ քաղաքը» չի կարողացել դիմակայել, ապա ի՞նչ կլինի մնացածի հետ:
Բնականաբար, քննարկում էր գնում, թե ով է այդ ամենում մեղավոր: Կողմերի դիրքորոշումները հասկանալու համար, պետք է հիշել, որ կայսրությունն անցումային փուլ էր ապրում. հինը՝ հեթանոսականը, իր լավ ու վատով, աստիճանաբար հեռանում էր, իսկ նորը՝ քրիստոնեականը, դեռ վերջնականապես չէր հաստատվել: Ինչպե՞ս էին աղետը բացատրում «նախկինները»՝ հեթանոսները: Նրանք ասում էին, որ դա իրենց աստվածների վրեժխնդրությունն է ճիշտ ճանապարհից շեղվելու համար: Քրիստոնյաները վերացրեցին կայսրի եւ հին աստվածների պաշտամունքը, այն փոխարինեցին սխալ հավատով, եւ ահա խնդրեմ՝ արդյունքը տեսնում ենք: Ձեր Քրիստոսը կարողացա՞վ պաշտպանել Հռոմը՝ հարցնում էին հեթանոսները:
Քրիստոնյաների, հատկապես Արեւելքում ապրողների բացատրությունը ճիշտ հակառակն էր. աղետը Աստծո պատիժն էր: Հին Հռոմը ծանր ժառանգություն էր թողել: Եվ ամեն ինչ սկսվել էր 4 դար առաջ, երբ Երուսաղեմում նախկին ռեժիմի կառավարիչ Պոնտացի Պիղատոսը թույլ էր տվել, որ խաչեն Տիրոջը, իսկ հետո հեթանոսները մի քանի դար շարունակ դաժանորեն հետապնդում էին քրիստոնյաներին: Նույնիսկ ձեւականորեն քրիստոնեական դառնալուց հետո Հռոմն, ըստ էության, մնում էր հեթանոսական: Ահա պարտության պատճառը: Քրիստոնյաների մեծամասնության շրջանում տարածված այդ կարծիքի համաձայն՝ Հռոմն այլեւս անհույս է, իսկ հավատի նոր արեւը ծագելու է Արեւելքից՝ «Երկրորդ Հռոմից», այսինքն՝ Կոնստանդինոս Ա-ի հիմնած քաղաքից:
Կարդացեք նաև
Սակայն Հյուսիսային Աֆրիկայում, ավելի ստույգ՝ Կարթագենի մոտ գտնվող Հիպոն քաղաքում ծառայում էր մի եպիսկոպոս, որը մերժում էր թե՛ «նախկինների» եւ թե՛ «ներկաների» բացատրությունը: Խոսքը, բնականաբար, բոլոր ժամանակների ամենանշանավոր քրիստոնյա աստվածաբաններից, փիլիսոփաներից մեկի՝ Օգոստինոս Երանելու մասին է: Նա մի կողմից լատինական, կարելի է ասել հռոմեական մշակույթի, փիլիսոփայության ներկայացուցիչ էր, մյուս կողմից՝ խստաբարո քրիստոնեական վարքի ջատագով: «Երկրորդ Հռոմի», ինչպես նաեւ քրիստոնեական կայսրության գաղափարները նրան խորթ էին: Խնդիրների լուծումը Օգոստինոսը տեսնում էր քաղաքականության եւ բարոյականության միաձուլման մեջ:
Օգոստինոսի՝ այդ խնդրին վերաբերող աշխատությունը կոչվում է «Աստծո քաղաքի մասին»՝ «De civilitate Dei», որը գուցե ավելի ճիշտ կլինի թարգմանել ՝ «Աստծո պետության մասին»: Քննադատության հիմնական թիրախը, բնականաբար, հեթանոսներն են: Այդ ե՞րբ են ձեր աստվածները Հռոմին օգնել, որ հիմա օգնեին, -հարցնում է փիլիսոփան, – ի՞նչ է, մինչեւ 410 թվականը քաղաքը հարձակումների եւ ասպատակությունների չէ՞ր ենթարկվում: Եվ հետո, ձեր՝ հեթանոսներիդ բարքերը որեւէ բանով ավելի լավը չեն, քան վեսթ-գոթերինը: Հռոմի պատմությունն ընդհանրապես բռնությունների եւ արհավիրքների շղթա է: Ի վերջո, փիլիսոփան հանգում է եզրակացության, որ հեթանոսական աստվածներ ընդհանրապես գոյություն չունեն:
Մյուս կողմից, բյուզանդական քարոզչությունը, թե Աստված պետք է քրիստոնյաներին պաշտպանի, Օգոստինոսը նույնպես մերժում էր: Աստված ոչ մեկին այս կյանքում ոչ մի բարիք, երջանկություն կամ պաշտպանություն չի խոստացել: Հնարավոր չէ տառապանքը հաղթահարել սրով կամ ուժով, այն պետք է անսասան կերպով ընդունել ու վերապրել (զգացվում է ստոիկների փիլիսոփայության ազդեցությունը): Հետեւաբար, Աստծուն պետք է փնտրել ոչ թե երկրային բարիքների՝ խաղաղության, բարեկեցության եւ կայունության համար, այլ բացառապես ի՛ր՝ Աստծո համար:
Այստեղից՝ աշխատության հիմնական գաղափարը: Ամբողջ պատմությունը հիմնված է երկու «քաղաքների», «պետությունների»՝ երկրային (մեղավոր) եւ աստվածային: Չարիքի աղբյուրը մարդկային բնությունից շեղվելու, այն խեղաթյուրելու մեջ է, երբ մարդը երես է թեքել Աստծուց եւ գոռոզացել է՝ ինչ-որ «ազատություն» փնտրելով: Դրա մեջ է Օգոստինոսը տեսնում բոլոր աղետների պատճառը, իսկ անհատական եւ հասարակական մեղքերի հաղթահարման մեջ՝ դրանցից խուսափելու ճանապարհը: Եվ այս հարցում աշխարհիկ եւ հոգեւոր իշխանությունները պետք է աշխատեն՝ ձեռք ձեռքի տված:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
28.06.2022
իսկ մինչեւ այդ դարու վերջը այլեւս արեւմտեան հռոմէական կայսր (եւ փաստացի կայսրութիւն) չկար…