Մարզահամալիրի տարածքում գտնվում է work-out գոտի՝ բացօթյա ուժային մարզասարքերով, ինչպես նաև բազմաֆունկցիոնալ մարզահրապարակ՝ նախատեսված մինի ֆուտբոլի, բասկետբոլի, վոլեյբոլի, թենիսի և այլ մարզաձևերի համար։ Նոր մարզահրապարակի կառուցումը հնարավոր դարձավ Գևորկյան ընտանիքի աջակցության և «Իմպուլս Մենեջմենթ Քոմփանի» ընկերության շնորհիվ՝ Դիլիջանի քաղաքային Կենտրոնական զբոսայգու զարգացման ծրագրի շրջանակներում։
Մարզահրապարակի հատուկ ռետինե ծածկույթը, գծանշումները, լուսավորությունն ու մարզասարքերը հնարավորություն են տալիս պարապմունքներ անցկացնել ցանկացած եղանակային պայմաններում՝ անվտանգության բոլոր չափանիշներին համապատասխան:
Միջոցառման շրջանակներում Street Workout Armenia ֆեդերացիան անցկացրեց ուժային մարզումների վարպետության դաս՝ ցուցադրելով բացօթյա մարզասարքավորումների օգտագործման ճիշտ եղանակները։
Կարդացեք նաև
Մարզադպրոցների սաները մասնակցեցին թիմային մարզաձևերի ընկերական հանդիպումների և մրցեցին միմյանց հետ work-out մարզումների գոտում։ Հաղթողները ստացան խրախուսական դիպլոմներ և սպորտային իրեր ու սարքավորումներ։
«Բազմաֆունկցիոնալ բացօթյա մարզահրապարակների կառուցումը առաջին և ամենակարևոր խթանն է մասսայական սպորտի զարգացման և քաղաքներում առողջ ապրելակերպի տարածման համար: Համոզված եմ, որ այս համալիրը խթան կհանդիսանա բոլոր տարիքի քաղաքացիների համար», – նշեց Վազգեն Գևորկյանը։
«Մարզահրապարակի բացման նախագիծը նոր փուլ տեղափոխեց Դիլիջանի քաղաքային զբոսայգու համալիր զարգացման ծրագիրը», – ասաց «Իմպուլս Մենեջմենթ Քոմփանի» ընկերության գործադիր տնօրեն Հրանտ Բաբասյանը։ «Այսպիսի սպորտային տարածքները ոչ միայն օգնում են պահպանել ֆիզիկական առողջությունը, այլև քաղաքը դարձնում են ակտիվ հանգիստն անցկացնելու ավելի հարմարավետ վայր»:
Լիա ՃԱՂԱՐՅԱՆ
Լուսանկարը՝ «Իմպուլս Մենեջմենթ Քոմփանիի»