Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտում այսօր տեղի է ունեցել 44-օրյա պատերազմում զոհված ՀՖԿՍՊԻ շրջանավարտ, «Շվաք» ազգային մարտարվեստի ֆեդերացիայի նախագահ Սեւակ Մնացականյանի անվան կրթամրցանակի հանձնման արարողությունը:
Ինստիտուտից մեզ տեղեկացրին, որ մրցույթին մասնակցել են մարմնակրթական միակ բուհի տարբեր կուրսերի յոթ ուսանողներ: Հավակնորդին ընտրելու համար հաշվի են առնվել ոչ միայն ուսանողների առաջադիմությունը, սպորտային, մասնագիտական եւ կամավորական ակտիվությունը, այլեւ Սեւակ Մնացականյանի գործունեության վերաբերյալ գիտելիքները:
Կրթամրցանակին արժանացել է Սյունե Սահակյանը, իսկ հավատարմագիրը նրան հանձնել է ինստիտուտի ռեկտոր Դավիթ Խիթարյանը: Տեղեկացանք նաեւ, որ միջոցառմանը ներկա են գտնվել Սեւակի հարազատները, մարտական եւ մարզական ընկերները:
Միջոցառումն անցկացվել է «Հայ Ձմեռ պապ» լրագրողական բարեգործական հիմնադրամի հետ համատեղ, իսկ կրթամրցանակի հովանավորը ամերիկահայ բարերար Իրեն Ծատուրյանն է:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ