Իտալիայի մայրաքաղաքում երեկ մեկնարկած հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի U20 առաջնության առաջին օրվանից հետո Հայաստանի հավաքականի երեք անդամներ 55 կգ քաշային Հոմերոս Առաքելյանը, 87 կգ՝ Վիգեն ՆԱզարյանը եւ 130 կգ՝ Ալբերտ Վարդանյանը, այսօր բրոնզե մեդալի համար գոտեմարտելու իրավունք են նվաճել: Սակայն, ինչպես տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի կայքէջը, Հոմերոս Առաքելյանը վնասվածքի պատճառով չի կարող մտնել մրցագորգ:
Այսօր ավագ մարզիչ Արմեն Բաբալարյանի սաներից եւս հինգը ներգրավվել է պայքարի մեջ, որոնցից երկուսը վաղը գոտեմարտելու են չեմպիոնական տիտղոսի համար: Հետաքրքրական է, որ մեր երկու ըմբիշների մրցակիցներն էլ ներկայացնելու են Վրաստանը: 60 կգ քաշային Սուրեն Աղաջանյանը կիսաեզրափակչում մեծ առավելությամբ հաղթել է ադրբեջանցի Նիհատ Զահիտ Մամմադլիին եւ ոսկին վիճարկելու է Դմիտրի Խաչիձեի հետ, իսկ Աշոտ Խաչատրյանը նախավերջին փուլում հաղթեց ուկրաինացի Մարիան Գոլուբովսկուն ու վճռորոշ գոտեմարտում ուժերի չափելու է Նիկա Բրոլաձեի հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ