«Այս փաստաթղթի վճարման նպատակը ո՞րն է, կարող է՞ դատախազն ասել: Վճարման նպատակը մեզ համար շատ կարեւոր է: Դատախազն ասում է՝ լատինատառ ու ինչ-որ բաներ է ասում, ի՞նչ է ասում, անհասկանալի է: Ես հայերենից բացի ոչ մի այլ լեզվի չեմ տիրապետում, դատավարությունը հայերեն լեզվով է»,- այսօր դատարանում «Սիլվայի» գործով դատավարության ժամանակ ասաց Արմեն Գեւորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանը՝ խոսելով դատախազի հրապարակած փաստաթղթի մասին:
Նա հավելեց, որ ըստ Քրեական դատավարության օրենսգրքի, դատախազն իրավունք չուներ հրապարակեր այդ փաստաթուղթը, բայց դատարանը թույլատրեց, պաշտպանական կողմի սխալն էլ եղավ այն, որ սկզբից չկանխեց դրա հրապարակումը: Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններ Հայկ Ալումյանն ու Հովհաննես Խուդոյանը համաձայնեցին Լուսինե Սահակյանի դիտարկումների հետ՝ նախաքննական մարմինը պատշաճ փաստաթղթեր չի ուղարկել դատարան, ուստի, դրանք առհասարակ չպետք է հետազոտվեն: Լուսինե Սահակյանը դատարանին հորդորեց խտրական վերաբերմունք չդրսեւորել եւ թույլ չտալ քրեական դատավարության օրենսգրքի խախտումներով ինչ-որ ապացույց հանդիսացող փաստաթղթերի հրապարակում:
Հիշեցնենք, այս գործով դատարանը գտնվում է ապացույցների հետազոտման փուլում: Դատախազը փաստաթուղթ էր հրապարակում, ըստ որի, փոխանցումներ են կատարվել որոշակի հաշվեհամարների՝ որոշակի ժամանակահատվածում: Լուսինե Սահակյանը պնդեց, որպեսզի դատախազը շատ հստակ պատասխաններ տա, թե ո՞վ, ե՞րբ եւ ի՞նչ նպատակով է այդ փոխանցումները կատարել՝ սահմանված կարգով:
Արմեն Գեւորգյանն էլ հայտարարեց, որ հրապարակված փաստաթղթերն ինքն առաջին անգամն է տեսնում ու սկզբունքային է, թե արդյոք անգլերեն նշված տերմիններում ինքը, դատախազը եւ դատարանը նույն բանն են հասկանում, թե՞ տարբեր բաներ, քանի որ թարգմանությունները էական նշանակություն կարող են ունենալ պաշտպանության հետագա կազմակերպման համար: Նա նաեւ հավելեց, որ փոխանցման նպատակում նշված անգլերեն բառակապակցությունը հինգ տարբեր բացատրություն ունի եւ դատարանին հորդորեց՝ իրեն հստակ ասել, ինքը հասկացե՞լ է, ի՞նչ նշանակություն ունի փոխանցման նպատակում նշված անգլիալեզու բառակապակցությունը: Դատավոր Աննա Դանիբեկյանն ասաց, որ դատարանը չի մեկնաբանում ապացույցների բովանդակությունը:
Կարդացեք նաև
Լուսինե Սահակյանին վրդովվեցրեց նաեւ այն, որ դատարանը պաշտպանական կողմի հայտարարություններին չարձագանքեց, դիրքորոշում չհայտնեց հրապարակված փաստաթղթի վերաբերյալ, ավելին, դատախազին առաջարկեց շարունակել հրապարակել ապացույցները: «Եթե ես մյուս նիստին ձեզ հետ անգլերեն խոսեմ, դուք ինձ կասեք շարունակե՞ք»,- գործընկերոջ վրդովմունքը կիսեց Հայկ Ալումյանը: Հայկ Ալումյանը միջնորդեց թարգմանիչ ներգրավվել: Լուսինե Սահակյանն էլ հստակեցրեց, որ թարգմանությունն էական է նրա համար, որպեսզի հանրությունը հասկանա, որ «այդ կինը (Սիլվա Համբարձումյանը-Ն. Գ.), երբ խոսում է որ ինքը ինչ-որ կաշառքներ է տվել, սուտ է ասում, որովհետեւ այստեղ գրված է, որ ինքը պարտք է վերադարձնում, բայց դուք այս թուղթը հրապարակում եք եւ ասում եք՝ անցնենք առաջ. բա ասում էիք, դատախազներն էլ շահագրգիռ էին, որ հրապարակային դատավարություն լինի, հանրությունը հասկանա, թե ինչի՞ մասին է խոսքը, բա ապահովեք դա»:
Նա դատարանին հորդորեց՝ ձեւական դատավարություն չանել ու հայտարարեց՝ քանի որ դատարանն իրեն թույլ է տալիս խախտել քրեական դատավարության օրենսգիրքը, ինքն էլ թույլ կտա խախտում կատարել եւ հայտարարել, որ այս գործի «մեխ» հանդիսացող այդ փաստաթղթի վրա գրված է, որ Սիլվա Համբարձումյանը պարտք է վերադարձրել ընկերությանը, թե ո՞ր ընկերությանը, արդեն թարգմանության ժամանակ պարզ կդառնա:
Դատախազ Պետրոս Պետրոսյանն էլ հայտարարեց, որ փաստաթղթի ոչ հայալեզու գրառումների վերաբերյալ որեւէ տարակարծություն լինել չի կարող, որ հիմք լինի, թե դատավարությունը հայերենով չի իրականացվում: Նա հայտարարեց, որ իրեղեն ապացույց է հետազոտվում եւ էական չէ, թե դրա վրա ինչ լեզվով գրառումներ կան, քանի որ դա որեւէ նշանակություն չունի: Օտարալեզու գրառումների թարգմանության առիթով թարգմանիչ ներգրավվելուն, մեղադրողներն առարկություն չունեն, բայց որ փաստաթուղթը պետք է հետազոտվի՝ անխուսափելի են համարում: Դատախազը նաեւ հայտարարեց, որ հրապարակված փաստաթուղթը փոխառության մարման մասին է, մնացած մանրամասներին դատավարության ընթացքում դեռ կանդրադառնան:
Լուսինե Սահակյանը հինգ րոպե ընդմիջում խնդրեց՝ իր պաշտպանյալի հետ հարց քննարկելու, քանի որ միջնորդություն ուներ: Դատարանը մերժեց: Պաշտպանն առարկեց՝ ասելով, որ միջնորդությունը պետք է այս փուլում ներկայացնի: Լուսինե Սահակյանի եւ դատավոր Աննա Դանիբեկյանի միջեւ վիճաբանություն սկսվեց, արդյունքում, դատավորը պաշտպանին արգելեց լքել նիստերի դահլիճը: Դատարանը չպատասխանեց պաշտպանի հարցերին՝ ասելով, որ նա իրավասու չէ դատարանին հարցեր տալ:
Նիստը շարունակվեց: Պաշտպանները կրկին առարկեցին, քանի որ մեղադրողը ներկայացնում է օտարալեզու գրառումներով ապացույցներ: Այս անգամ մեղադրողը միջնորդեց թարգմանիչ ներգրավվել, որպեսզի խուսափեն խնդիրներից:
Նիստի վերջում Աննա Դանիբեկյանը բավարարեց կողմերի միջնորդությունը. փաստաթուղթը թարգմանելու համար թարգմանիչ կներգրավվի եւ փաստաթուղթը կուսումնասիրվի:
Դատարանը նաեւ սանկցիա կիրառեց Լուսինե Սահակյանի նկատմամբ՝ դատարանի օրինական կարգադրությանը չենթարկվելու եւ դատական նիստի կարգը խախտելու համար: Խոսքը, ըստ դատավորի, առանց դատարանի թույլտվության, դատական նիստերի դահլիճում շրջելու մասին է: Լուսինե Սահակյանն առարկեց՝ այլ կերպ չէր կարող իրեղեն ապացույցին ծանոթանալ, մանավանդ, որ դատարանն էլ ընդմիջում չհայտարարեց ու թույլ չտվեց, որ պաշտպանական կողմը քննարկի հետագա քայլերի հաջորդականությունը, ուստի, ինքը դա ստիպված էր անել դատարանի դահլիճում:
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ