Այսօր վերաքննիչ դատարանում` նախագահությամբ դատավոր Կարեն Բիշարյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ պետական դավաճանության հոդվածով քրեական գործ չհարուցելու առաջին ատյանի որոշման դեմ փաստաբան Հակոբ Մարտիրոսյանի եւ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի ներկայացրած բողոքի քննության ավարտն էր։
Դատարանը որոշեց Արծվիկ Մինասյանի եւ Հակոբ Մարտիրոսյանի ներկայացրած վերաքննիչ բողոքը մերժել։
Ապրիլի 13–ին ԱԺ–ում Նիկոլ Փաշինյանի՝ «այո, կարելի էր կանխել պատերազմը, եւ կունենայինք նույն արդյունքը, բայց առանց զոհերի» հայտարարությունից հետո, զոհված զինծառայողների ծնողները քրեական գործ հարուցելու մասին միջնորդություն էին ներկայացրել դատախազություն․ ծնողները ճանաչվել են տուժողների իրավահաջորդներ, պահանջում են որպես մեղադրյալ ներգրավել Նիկոլ Փաշինյանին։
Հիշեցնենք, որ փաստաբան Հակոբ Մարտիրոսյանն ու ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հանցագործության մասին հաղորդում էին ներկայացրել՝ պահանջելով քրեական գործ հարուցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից կատարված առերեւույթ պետական դավաճանության փաստի առթիվ։ Փաստաբանը պնդում է՝ Նիկոլ Փաշինյանը կատարել է առերեւույթ ծանր հանցագործություն, պետական դավաճանություն, արարք՝ նախատեսված քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով։ Մարտիրոսյանը պնդում է՝ քրեական հետապնդման մարմինները թույլ են տվել խախտումներ, եւ նշեց՝ հանցագործության հատկանիշներ եմ տեսնում դրա մեջ։
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ առաջին ատյանի դատարանը՝ նախագահությամբ Կարեն Ֆարխոյանի մերժել է Արծվիկ Մինասյանի եւ Հակոբ Մարտիրոսյանը հայցն ընդդեմ գլխավոր դատախազության անգործության։ Հայցվորի ներկայացմամբ՝ հանցագործության մասին հաղորդումն առանձին քննության առարկա չի դարձել, դատախազությունը հաղորդումը մասնատել է՝ մի մասով ուղարկել է ԱԱԾ քննչական դեպարտամենտ՝ Շուշիի անկման եւ Արցախի հարավային ուղղությամբ կատարված իրադարձությունների վերաբերյալ քրեական գործի, իսկ մի մասով՝ ՀՔԾ-ում քննվող՝ Մովսես Հակոբյանի կողմից ասուլիսում արված հայտարարությունների առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ