Երկու երկրների միջեւ խորհրդարանական համագործակցությունը երկար տարիների պատմություն ունի: Ես պատրաստ եմ շարունակելու խորհրդարանական համագործակցությունը` որպես Հայաստան-Լատվիա, Լիտվա, Էստոնիա բարեկամական խմբի ղեկավար: Այս մասին ասել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը հունիսի 28-ին Հայաստանում Լիտվայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեի հետ հանդիպման ժամանակ:
Արսեն Թորոսյանը Հայաստանի եւ Լիտվայի հարաբերությունների զարգացման գործում կարեւորել է խորհրդարանների բարեկամական խմբերի սերտ համագործակցությունը:
Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար: Շնորհավորելով Արսեն Թորոսյանին խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար նշանակվելու կապակցությամբ` դեսպանը հույս է հայտնել, որ առաջիկայում հնարավոր կլինի կազմակերպել երկու երկրների բարեկամական խմբերի անդամների հանդիպում: Նրա կարծիքով` փոխադարձ այցերն ու անմիջական շփումները նոր շունչ կհաղորդեն միջխորհրդարանական համագործակցությանը:
Արսեն Թորոսյանն էլ հավելել է, որ միջխորհրդարանական ձեւաչափը լավագույն հարթակն է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկման համար:
Կարդացեք նաև
Բարեկամական խմբի ղեկավարը երախտիքի խոսք է ուղղել Լիտվայի Հանրապետությանը` համավարակի դեմ պայքարում ցուցաբերած աջակցության, բժշկական թիմի օգնությամբ մարդկային կյանքեր փրկելու, ինչպես նաեւ պատվաստանյութեր նվիրաբերելու համար: ԱԺ պատգամավորը խոսել է ԵՄ-ում, ինչպես նաեւ միջազգային տարբեր կառույցներում փոխգործակցության խորացման անհրաժեշտության մասին:
Քննարկվել են նաեւ մի շարք այլ ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորությունները:
ԱԺ