Լրահոս
Օրվա լրահոսը

«Հոկտեմբերի 7-ին, առավոտյան 7 անց 5 զանգեց․ «Մամ ջան, ոնց ես, պապան ոնց ա, ապերը ոնց ա, լավ, մարդ է գալիս», ու․․․»

Հունիս 28,2022 17:36

Այդ վերջին զանգից երկու օր հետո, հոկտեմբերի 9-ին, քարքարոտ Ջաբրայիլում անօդաչուն հարվածում է հրետանավորների 8 հոգանոց խմբին, հրթիռն ընկնում է երկու հոգու վրա, Նարեկը տեղում է զոհվում, նշանառու Հարությունին բեկորային վնասվածքով տեղափոխում են Ստեփանակերտի հիվանդանոց։ Գլխի երկու վիրահատությունից հետո տեղափոխում են Երևան, Աստղիկ կենտրոն։

«Վերջին անգամ Հարութի հետ խոսել եմ հոկտեմբերի 7-ին, առավոտյան 7 անց 5 զանգեց․ «Մամ ջան, ոնց ես, պապան ոնց ա, ապերը ոնց ա, լավ, մարդ է գալիս, ես հետո կկապվեմ»։ Ու հետո ամբողջ օրը փորձում էր կապվել, չէր ստացվում․․․Ամսի 9-ին արդեն մեջս տագնապ է առաջանում, զանգում եմ թեժ գիծ»,- պատմում է Հարությունի մայրը՝ Լալան։

Հարություն Արթուրի Հովսեփյանը Դարակերտ համայնքի 4 զոհերից է։

Լալա- Ալբերտինան մի կողմից սլավոնական ծագում ունի, և Հարությունի արտաքինի մեջ այդ շերտերը կային, մազերը կարմիր էին, մեծանալով դարձել էր շիկահեր։

«Էնքան բաներ ենք բացահայտել, դպրոցում կիթառ է նվագել, չգիտեինք, բանակում էլ թմբկահար էր, սիրել է երգել, դա էլ չգիտեինք։ Աղջիկների հետ շատ էր կապված։ Ընդունակ էր, շատ կոկիկ էր, սիրում էր իր մազերին ուշադրություն դարձնել, մազը պիտի չծռվեր։ Պարապմունքի էլ կոկիկ էր գնում , ֆուտբոլ են պարապել երկու եղբայր։ Անգամ ձկի գնալիս ինտելիգենտի պես, կոստյումով էր գնում»,- պատմում է մայրը։

Իններորդ դասարանից հետո Հարությունը սովորել է Մասիսի քոլեջում, ավտոճանապարհային գծով, բայց, ծնողների խոսքով, իմիջիայլոց, չսիրելով։ Քոլեջից էլ զորակոչվեց՝ դեռ չավարտած։ Սիրում էր համակարգիչ, շատ լավ շախմատ էր խաղում։ Այդ շախմատը ևս տան հիշատակի անկյունում է։

Հարությունի բանակ գնալու ժամանակ եղբայրը ծառայում էր Արարատի զորամասում, դիմում են գրում, որ միասին ծառայեն, մերժվում են։ Դիլիջանի զորամասում էր ծառայում, ինչի համար ուրախ էին մայր ու որդի։

ՄայրԲալա ջան, Արարատում մոծակները շատ են, քեզ կուտեն։

Որդի- Հա, մամ ջան,Դիլիջանից չեմ հրաժարվի։

Հարությունի հայրը՝ Արթուրը, սիրով է պատմում նախնիների, մեծ պապի՝ Վանի Հայոց ձոր գյուղի ջրաղացպան Հովսեփի մասին, որը հսկա մարդ է եղել։ Արթուրի պապը, Հովսեփի փրկված որդի, 1897 թ ծնված Սարգիսը, մասնակցել է անգամ Երկրորդ համաշխարհայինին։

«Ունեցել է 9 երեխա, ողջ կյանքում աշխատել է, հավատք կար մեջը, ոտքով- ձեռքով, կենսախինդ․ ինձ էլ Արտամետի այգիներից էր միշտ պատմել, ինչը շատ է տպավորվել, ապրեց 99 տարի Թեև չորրորդ դասարան էր գնացել, բանաստեղծություններ էր գրել, էդ տետրերը պահում էինք»,- ասում է Արթուրը։

Հայրն առավել սիրով պատմում է որդիների մասին «Առաջին տղաս ծնվել է Նոր տարվա շեմին, անունը՝ Նորայր։ Հարութս ծնվեց 2001 թվականի ապրիլի 15-ին, այդ օրը Զատիկ էր, անունն էլ պարզ է․ էլ չփնտրեցինք , մեզ հնարավորություն տրված չէր ընտրելու։ Ու եղավ՝ Հարություն»։

Լալան պատմում է, որ որդին պատերազմից նկար չունի, շատ փակ էր։ Ընկերներն ասել են, որ շատ է նկարել, բայց պատերազմի դաշտում այդ հեռախոսը կորել է։ Ապառիկ էր գնել- ուղարկել, որդու ընտրած «մի խազ ավելի լավը»։ Երբեք չի մերժել , ոչ մի բան չի մերժել։

«Բացարձակ չի ասել ոչ մի բան, Ջաբրայիլի մասին էլ չենք իմացել, տեղի անուն չի տվել։ Ասում էի մի հատ նկար ուղարկի, դեմքդ տեսնեմ։ Երկու նկար ունի․ աչքերից եմ հասկացել, որ հոգնած է, կարոտը խեղդում էր, թախծոտ էր, 10 ամիս չէինք տեսել, շատ էր նիհարել։ 27-ից ամեն Աստծու օր զանգում, հատ- հատ հետաքրքրվում էր, վատ բան մտքովս չի անցել։ Նկարներից մեկը գեղանկար ենք պատվիրել»,- պատմում է մայրը։

 

«Ամեն ինչ էլ լավ է լինելու, հետ եմ գալու, հո էնտեղ չե՞մ մնալու»

Հարությունի վիրավորվելու մասին մանրամասներ է պատմում վերջերս զորացրված համածառայակից Սոսը․ «Ես Հարութից 6 ամիս առաջ էի եկել բանակ, հրետանային դիվիզիոնի մի մարտկոցում ենք եղել, ես վարորդն էի։ Հարութը շատ լավ հրետանավոր էր, լավ նշանառու, 100 տոկոսով էր ֆիքսում նշանակետը։ Հոկտեմբերի 9-ին, ժամը 12-ի կողմերը հրանոթի շառավղով մեր տեղը բայրաքթարը ֆիքսել էր, հրթիռն ընկավ, հրանոթի հրամանատար Նարեկը տեղում զոհվեց, նշանառու Հարությունը՝ բեկորային վնասվածք ստացավ, ձախ կողմում էր ընկել, գլուխն էր․․․Միանգամից կապ ենք տվել, մաքսիմալ արագությամբ եկան, էլ չենք տեսել, բան չենք իմացել։ Դաժան պատերազմ էր, ամսի 10-ին մեր խրամատի մեջ կրկնակի հրթիռ ընկավ»։

Դարակերտի դասընկեր Հերմինեի հիշողության մեջ Հարությունը «շատ լավ վարք ուներ, ընկերասեր էր, հասնող, շատ կոկիկ էր, անգամ մի քիչ թիթիզ, ակնոցներով»։

22 հոգանոց դասարանի կորուստն է, ծանր և անհավատալի։

Բանակ գնալուց հետո Հարությունի հետ ամենից շատ շփվել է հորեղբոր դուստրը, ավագ դպրոցի աշակերտուհի Մաշան․ «Գրելով էինք խոսում, ինձ շատ բաներ է ասել։ Նկարներ էր ուղարկում, ասում էր՝ միայն քեզ եմ ժպիտով նկարներ ուղարկում։ Ինձ էլ երբեք տեղի անուն չի տվել, բայց մոտավոր իմ մտքով անցնում էր, որ ասում էր ահավոր վիճակ է, քարքարոտ։ Ընդհանրապես վախ չկար իր խոսելու մեջ, ասում էր՝ «Ամեն ինչ էլ լավ է լինելու, հետ եմ գալու․ հո էնտեղ չե՞մ մնալու»։ Վերջին անգամ հոկտեմբերի 8-ին ժամը 8։02 գրել էր «Իմ հետ ամեն ինչ նորմալ է, քեզ լավ նայի, որ մաման էլ հարցնի, ասա՝ կապ չկա, մի բան խաբի»։ Զգում էի, երազ տեսա ամսի 12-ին, սկսեցինք բոլոր հիվանդանոցներում ման գալ»։

Քանի որ ազգանունը սխալ էր գրված՝ հարազատները պատահական են տեղեկանում, «Աստղիկ» հիվանդանոցի ապակեպատ դռներից ներս ճանաչում են վիրավոր Հարությունին, դեմքը վնասված չի լինում։

Արթուրը որդու վիրավորվելուց մեկ ամիս առաջ երազ է տեսել, որ տարօրինակ մի սենյակից մի ծերունի է դուրս եկել։ Հոկտեմբերի 17-ին երազում նույն սենյակում պառկած որդին դուրս է եկել, ասելով՝ ես արդեն հելա։ Հայրը արթնացել ու հասկացել է՝ «Հարութս էլ չկա»։

Լալան մինչև վերջին պահը չի հանձնվել, մտածել է՝ լավ է լինելու, ամեն օր ժամերով որդու ձեռքը բռնած խոսել է հետը, իրեն չեն արգելել։

«17-ին ես մտա, ձեռքը բռնեցի, սիրտը սկսեց արագանալ, աչքը բացեց, դեմքը վնասված չէր։ Վերքը ականջի ու գլխի մեջտեղում էր։ Ամսի 20-ին պապան ինձ գրկեց, ասեց՝ երեխեն էլ չկա»,- հուզմունքով հիշում է Մաշան։

Մայրն անսպասելի մտաբերում է մի մանրուք, որն ուրիշ երանգ է ատացել որդու դեպքից հետո․ «Մեծ տղայիս բանակից գալու հագուստն էի ընտրում, ասաց․ «Մամա, իմ հետ գալու շորերի հետևը թող մեծ խաչ լինի, սև գույնի»։ Վախեցա, պատերազմ –բան չկար»։

Արթուրը հիշում է․ «Երդման արարողությունը Հաղարծինում էր։ Ինքը կյանքն ուրիշ ձև էր սիրում։ Անհնար էր մի բան համոզել՝ եթե չէր ուզում, շատ անհատական էր։ Անհատ էր, անգամ ընկերների հետ հավաքվելու ընթացքում մենակ էր։ Էդ հունվարին որ եկավ, տներն էինք սարքում, մեր բաղնիքի տեղի պահով ասաց, որ իր համակարգչային անկյունը պիտի լինի։ Դարձրինք իր անկյունը»։

Հարությունը վերջին անգամ հունվարի 19-ին էր տուն եկել, Նորայրի բանակից վերադարձի խնջույքին։ Կոնյակի շիշը, որի վրա իր ձեռքով գրել էր՝ «Մինչև իմ գալը խնդրում եմ չբացել», տան իր անկյունի բարձր տեղում է։

Իր պատվիրածի համաձայն, բայց ՝ ընդմիշտ չբացվող։

Անհնարինության աստիճան դժվար է գրել զինվորների մասին։ Նրանց բոլորին միավորում է մի միտք, որն անընդհատ հնչել է պատերազմի ամիսուկեսին՝ համեստ ընտանիքների օրինավոր զավակները։

Հարությունը մեկն է նրանցից։

Գայանե ՄԿՐՏՉՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930