Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Մինասյան. «Մենք չպետք է դադարենք բացահայտել նրա սուտը, ասել՝ դու ստում ես միտումնավոր, որովհետեւ չես կարող ժողովրդի երեսին ասել՝ ես եկել եմ քանդելու պետությունը»

Հունիս 28,2022 17:05

ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Գագիկ Մինասյանը «Հայելի» ակումբում անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի երեկվա առցանց ասուլիսում հնչեցրած մտքերին՝ ասաց. «Պիտի արձանագրենք, որ մեր պետությունը, ժողովուրդը օրհասական վիճակում է, որովհետեւ մենք գտնվում ենք մի իշխանության ենթակայության տակ, որն, ըստ էության, իրականացնում է թուրք-ադրբեջանական ծրագիրը: Դրա մասին վաղուց է խոսվում եւ երեկվա այդ ասուլիսի տնազը դրա հերթական ապացույցն էր:

Վարչապետի աթոռը զբաղեցրած անձը հետեւողականորեն փորձում է ժողովրդին համոզել, որ այն, ինչ տեղի ունեցավ, օրինաչափ էր եւ բխում էր իրավիճակի ու նախորդ զարգացումների տրամաբանությունից: Սա բացարձակ սուտ է: Բայց ինքը գիտի Օվերտոնի պատուհանի սկզբունքը: Ինքը իր տեխնոլոգիայի համաձայն, ասում, ասում է, հետո՝ նորից է ասում, կրկին վերադառնում է այդ մտքին ու ժողովուրդը սովորում է դրան: Մենք չպետք է դադարենք բացահայտել իր սուտը, պիտի ասենք՝ ոչ, դու ստում ես ու ստում ես միտումնավոր, որովհետեւ դու չես կարող ժողովրդի երեսին նայել ու ասել. ես թուրք-ադրբեջանական լրտես եմ եւ եկել եմ քանդելու այն պետությունը, որը 30 տարի շարունակ կառուցվել է, այդ 30 տարվա ընթացքում ունեցել է մեծագույն հաջողություններ եւ այդ հաջողությունները կործանվելու են իմ նման թուրք-ադրբեջանական վարձու գործակալի կողմից:

Ինքը երեկ ժամանակի ճնշող մեծամասնությունը տրամադրեց նրան, որպեսզի ապացուցի, որ ինքը ստացել է վատ ժառանգություն: Բերում էր իր խոսքերով՝ փաստեր, դիվանագիտական անհաջողությունների պատմություն, որոնք բացարձակ սուտ են: Ամենատարրական գիտելիքներ ունեցողը գիտի, որ դիվանագիտությունը քո դիրքերի ամրապնդումն է եւ հակառակորդի դիրքերի թուլացումը: Եվ այստեղ հաղթում է այն կողմը, որը կարողանում է բազմաթիվ հանգամանքներ հաշվի առնելով իր դիրքը ամրապնդել: Սա հազարամյակների պատմություն ունեցող տեխնոլոգիա է:

Ի՞նչ էր անում երեկ վարչապետի աթոռը զավթած այդ անձնավորությունը: Ինքը, ըստ էության անում էր հենց այն, ինչը պետք է անի թուրքական, ադրբեջանական դիվանագետը: Այդ գործը ավելի լավ, քան Նիկոլ Փաշինյանը, որեւէ մեկը չի կարողացել իրականացնել: Անգամ, կարծում եմ, Մամեդյարովը, կամ Բայրամովը, կամ, նույնիսկ, Ալիեւը: Ինքը պրոքսի ադրբեջանական իշխանությունների գործակալ է: Ինքը ասում էր բացարձակ ստեր: Նա ասում է այնպիսի ստեր, որ նույնիսկ Ալիեւը չի ասում: Այստեղ մոտենում ենք մի կարեւոր հարցի. արդյոք միայն իր ճակատագրով հետաքրքրված լինելն է, որ իրեն ստիպում է դառնալ ադրբեջանական դիվանագիտության խոսնակը: Կարծում եմ, ոչ: Առավել քան համոզված եմ, որ կա կոմպրոմատ եւ այդ կոմպրոմատի ազդեցության տակ է, որ ինքը ավելի ու ավելի հակահայկական եւ պրոադրբեջանական դիրքորոշում է ցուցաբերում»,-ասաց բանախոսը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930