Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանին պետական դավաճանության գործով առաջին ատյանի որոշման դեմ բողոքարկողների՝ դատավորին ինքնաբացարկի միջնորդությունը մերժվեց

Հունիս 28,2022 16:52

ՀՀ վերաքննիչ դատարանում նախագահությամբ` դատավոր Կարեն Բիշարյանի, այսօր քննվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ պետական դավաճանության հոդվածով առաջին ատյանի դատարանի՝ քրեական գործ չհարուցելու որոշման օրինականությունն ու հիմնավորվածության ստուգումը։

Ապրիլի 13–ին ԱԺ–ում Նիկոլ Փաշինյանի՝ «այո, կարելի էր կանխել պատերազմը, եւ կունենայինք նույն արդյունքը, բայց առանց զոհերի» հայտարարությունից հետո, զոհված զինծառայողների ծնողները քրեական գործ հարուցելու մասին միջնորդություն էին ներկայացրել դատախազություն․ ծնողները ճանաչվել են տուժողների իրավահաջորդներ, պահանջում են որպես մեղադրյալ ներգրավել Նիկոլ Փաշինյանին։

Փաստաբան Հակոբ Մարտիրոսյանն ու ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հանցագործության մասին հաղորդում էին ներկայացրել՝ պահանջելով քրեական գործ հարուցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից կատարված առերեւույթ պետական դավաճանության փաստի առթիվ։ Փաստաբանը պնդում է՝ Նիկոլ Փաշինյանը կատարել է առերեւույթ ծանր հանցագործություն, պետական դավաճանություն, արարք՝ նախատեսված քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով։ Մարտիրոսյանը պնդեց՝ քրեական հետապնդման մարմինները թույլ են տվել խախտումներ, եւ նշեց՝ հանցագործության հատկանիշներ է տեսնում դրա մեջ։

Այսօրվա դատական նիստում բողոքաբերները դատավոր Կարեն Բիշարյանին ինքնաբացարկի միջնորդություն էին ներկայացրել՝ դատավորի կանխակալության հիմքով։

Արծվիկ Մինասյանն ասաց, որ դատավորի կանխակալ մոտեցումն արտահայտվում է նրանում, որ փաստի ուժով տուժող հազարավոր զոհվածների հարազատները որեւէ ձեւով չներգրավվեցին այդ գործընթացի մեջ ոչ որպես շահագրգիռ կողմ, ոչ որպես տուժող․ «Եվ դա ձեր որոշումն էր, եւ հետեւողականորեն այդ որոշումն արտահայտվեց նաեւ հետագայում փակ նիստ անցկացնելու ձեր որոշմամբ։ Փոխանակ հնարավորություն տրվի, որպեսզի գործի հանգամանքները հնարավորինս լիարժեք ներկայացվեն, ձեր կողմից ակնհայտ կողմնակալ վարքագիծ դրսեւորվեց, զրկելով մեզ այն հնարավորությունից, երբ իրավական փաստարկ է ներկայացնում դատախազությունը, որտեղ մենք մատնանշում ենք, թե ինչու այս իրավական փաստարկը չի կարող հիմք հանդիսանալ»։

Մինասյանի ներկայացմամբ՝ ԲԴԽ-ի կողմից ներկա կազմով ներկայացվող դատավորի թեկնածուները անպայման քաղաքական իշխանության հովանավորման եւ ճնշման տակ են․ «Եվ ձեր թեկնածությունն այնտեղ հայտնվելու եւ երեկ արտահերթ նիստում, երբ չկար ձեր հարցի քվեարկությունը, այն հետաձգվել է, պայմանավորում եմ այս դատական գործընթացի ձեր կողմից ներկայացվող արագացման վիճակում, որպեսզի մինչեւ քվեարկությունը դուք կայացնեք անցանկալի որոշում մեզ համար եւ հարազատների համար»։

Դատավորը հետաքրքրվեց՝ առաջին ատյանում դատական գործի հանգամանքների մանրամասները դատավորին ներկայացնելու նպատակը դատավորին՝ որպես նախագահող դատավորի կանխակալության մեջ մեղադրելու հետ ի՞նչ կապ ունի։

Փաստաբան Մարտիրոսյանն ի պատասխան ասաց՝ կապ ունի այն բանի հետ, որ համանման փաստական հանգամանքներում մյուս դատարանը գնահատական է տալիս գործի հանգամանքներին,պահանջում են, քննարկման առարկա են դարձնում, որ նյութեր չեն ներկայացրել եւ այլն․«Ձեր կողմից որեւէ բան չի արվել․․․ձեր կողմից պարզաբանմանն ուղղված սույն դատաքննության ընթացքում բոլոր մեր հարցումները դուք խոչընդոտել եք»։

Դատախազները եւս իրենց դիրքորոշումն արտահայտեցին։ Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ, ու վերադառնալով՝ մերժեց ինքնաբացարկի միջնորդությունը։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930