Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի ԱԳՆ-ն Երևանին խորհուրդ է տվել հրաժարվել Մինսկի խումբը «վերակենդանացնելու» ջանքերից

Հունիս 28,2022 16:41

Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է երեկ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած մի շարք հայտարարությունների՝ խորհուրդ տալով Մինսկի խմբի ձևաչափը «վերակենդանացնելու փոխարեն կոնկրետ քայլեր ձեռնարկել»:

«Եթե Երևանն իսկապես խաղաղություն է ուզում, ապա անհրաժեշտ է քաղաքական կամք դրսևորել և հստակ քայլեր ձեռնարկել խաղաղության ուղղությամբ և ոչ թե ժամանակ ծախսել վերակենդանացնելու մի ձևաչափ, որի արդյունավետությունը եղել է ցածր, և որի անդամները հիմա բացահայտ հայտարարում են դրա անհնարին լինելու մասին»,- ասվում է հայտարարության մեջ:

Ադրբեջանի ԱԳՆ-ն կարծում է, որ մեղադրանքները Հայաստանի ղեկավարի կողմից, թե Ադրբեջանն այս տարիների ընթացքում Հայաստանի շրջափակման քաղաքականություն է վարել, «չի տեղավորվում որևէ իրավական կամ բարոյական շրջանակում»: Ավելին, չնայած «ադրբեջանական տարածքներում Երևանի իրականացրած բարբարոսություններին», պատերազմի ավարտից հենց Ադրբեջանն է, որ ընտրել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գիծը:

«Հենց Ադրբեջանի նախագահն է առաջարկել ստորագրել խաղաղության պայմանագիր հետպատերազմյան փուլում՝ միջազգային իրավունքի նորմերի խիստ պահպանմամբ: Բաքուն անգամ Երևանին է տրամադրել այն հիմնարար սկզբունքները, որոնց վրա պետք է հիմնվի համաձայնագիրը: Եթե Ադրբեջանը պատերազմ ուզեր, ինչպես պնդում է Փաշինյանը, այդ քայլերը, թերևս չէին պահանջվի: Եթե Ադրբեջանը պատերազմ ուզեր, նա ջանքեր չէր ներդնի վերականգնելու Հայաստանի կողմից 30 տարի ավերված տարածքները»,- ասվում է հայտարարության մեջ:

ԱԳՆ-ից ասել են, որ ադրբեջանական կողմը ոչ միայն խոսում է սահմանազատման, տարածաշրջանում հաղորդակցությունների և խաղաղության պայմանագրի ստորագրման մասին, այլ իրականացնում է դրանք իր գործողություններով և հստակ քայլերով:

«Տարիներ շարունակ հենց ադրբեջանական կողմն է ասել, որ տարածաշրջանում նորմալ հարաբերությունների ձևավորումը և բոլոր հաղորդակցությունների բացումը շահավետ է Հայաստանի համար: Այն հանգամանքը, որ հայկական կողմն ի վերջո գիտակցել է դա, և վարչապետը հայտարարել է, որ «հաղորդակցությունների բացումը շահավետ է Հայաստանի համար», ուշադրության արժանի փաստ է՝ որպես Հայաստանի ղեկավարության նոր մոտեցում: Հայաստանի կողմից փաստերի ընդունումը կարծես թե որոշակի ժամանակ է պահանջում: Հույս ունենք, որ Հայաստանի կողմից Զանգեզուրի միջանցքի (որն արդեն իրականություն է դարձել) արդյունավետության գիտակցումը շատ ժամանակ չի պահանջի»,- ասվում է հայտարարության մեջ:

Ադրբեջանի ԱԳՆ-ն նաև հայկական կողմին մեղադրել է եռակողմ հայտարարությունները խախտելու մեջ: «Ինչ վերաբերում է եռակողմ հայտարարություններին, ակնհայտ է, թե կողմերից ով է իրականացնում փաստաթղթով ստանձնած պարտավորությունները, ով՝ ոչ: Հայաստանը, կոպտորեն խախտելով փաստաթղթի պահանջները, Ադրբեջանի տարածքներ է ուղարկում դիվերսիոն ուժեր, իր անօրինական զինված խմբավորումները դուրս չի բերում մեր տարածքներից, երկար ժամանակ է ձգձգում է հաղորդակցությունների բացումը, կոպտորեն խախտում է եռակողմ հայտարարությունների իրականացումը»,- կարծում է Ադրբեջանի ԱԳՆ-ն:

Անդրադառնալով Փաշինյանի հայտարարությանը, թե Բաքուն է բոյկոտում տարբեր մակարդակի հանդիպումները, ԱԳՆ-ից ասել են. «Հայաստանի վարչապետը, որևէ հստակ դեպք չհիշատակելով, հայտարարել է, որ «ադրբեջանական կողմն առնվազն մեկ անգամ բոյկոտել է հանդիպումը: Եթե սկսենք թվարկել հետպատերազմյան շրջանում միջազգային միջնորդների առաջարկած հանդիպումները, որոնք Հայաստանը տարբեր պատրվակներով խախտել է, կամ խաթարել է դրանք սկսվելուց 1-2 ժամ առաջ տարբեր տեսակի սադրանքներով, ապա ցուցակը շատ երկար կլինի»,- ասվում է հայտարարության մեջ:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930