Արագածոտնի փոխմարզպետ Էդգար Փարվանյանը վստահեցնում է, որ արդեն երկու տարի է՝ գազալցակայան չունի: Այն օտարվել է իրենից, պատկանում է իր հետ կապ չունեցող Մարտիրոս Մարտիրոսյանին:
Հիշեցնենք, որ հունիսի 19-ին Նիգավանում տեղի ունեցած կրակոցներին նախորդել է մի քանի օր շարունակվող վիճաբանություն, որն, ըստ լրատվամիջոցների, եղել է Էդգար Փարվանյանին պատկանող գազալցակայանում:
Թեեւ դեպքի հաջորդ օրը Էդգար Փարվանյանը հերքում էր իր ազգակցականների մասնակցությունը, այսօր արդեն հաստատում է, որ հորեղբոր երկու տղաներն են մասնակցել, բայց ում զանգով են գնացել, կամ ինչ դերակատարություն են ունեցել միջադեպին՝ չի կարող ասել:
Էդգար Փարվանյանը Aravot.am-ին հայտնեց, որ հորեղբոր երկու տղաները Ապարանի կրակոցների դեպքով արդեն հարցաքննվել են, ունեն վկայի կարգավիճակ:
Կարդացեք նաև
«Գոյություն ունի անմեղության կանխավարկած: Եկեք չխախտենք, առանց այն էլ թեժացած, մարդիկ ոգեւորված, էմոցիոնալ են: Չգիտակցելով՝ ով, ինչ ուզում, խոսում է՝ հաշվի չառնելով նախաքննական մարմինների աշխատանքը: Բանսարկությունների մակարդակի նման արարքներ անել, թույլ տալ իրենց նման արտահայտություններ ու քայլեր անել, դա ունի ընդամենը մեկ վերնագիր՝ ուղղորդում: Իրենք գիտեն՝ իրենց ով է ուղղորդում ու այդ անգիր արած տեքստերը ընդամենը ուղղորդված տեքստեր են: Երբ եկան, որտեղից եկան, ում միջոցով եկան, ուր գնացին, ով նախապատրաստեց, ժամը քանիսին նախապատրաստեցին, ով տուն գնաց, տնից ինչ վերցրեց եկավ: Նրանց ուղղորդում են, իրենցից սլաքները հեռացնելու համար: Ես չեմ կարող փակագծեր բացել՝ անմեղության կանխավարկածը հաշվի առնելով, բայց կադրերը վերցրեք, այդ կադրերում գտնվող մարդկանց ուսումնասիրեք, հլը տեսեք՝ որտեղ են աշխատում, որտեղից եկան, ով ուղղորդեց, ով ասաց՝ եթե չգնաք, աշխատանքից կազատենք: Ուղղորդել են, թե վեճին գնալու, թե ցույցերին մասնակցելու, այդ ամենը մի կետից է: Այդ ամենը պետք է պարզվի, մոտ 100 հոգանոց դեպք է, նախ այդքան մարդու պետք է գտնեն, որովհետեւ այնտեղ կան մարդիկ, որոնք հրաժարվում են, որ այնտեղ են եղել: Էս ամենը ժամանակատար աշխատանք է»,- ասաց փոխմարզպետը:
Մեր զրուցակիցն ասաց, որ լավ է ճանաչում այս գործով կալանավորված Հայկ Հովհաննիսյանի հորը, բայց չցանկացավ ասել, թե ինչ կապ ունեն. «Ես իրենց հորն եմ լավ ճանաչում, Գառնիկին: Մենք ապարանցի ենք, բոլորս իրար շատ լավ ճանաչում ենք՝ փոքրից մեծ: Ես չգիտեմ՝ իմքայլական է, թե այլ կուսակցական»:
Անդրադառնալով հունիսի 25-ին Ապարանում զինված միջադեպի զոհերի ու վիրավորների հարազատների ցույցին՝ պարոն Փարվանյանն ասաց. որ միջադեպի մասնակիցների հարազատներից շատ քչերն էին մասնակցում.
«Ես կատարվածի համար մեղքի զգացողություն ունեմ այնքանով, որ ճանաչում եմ զոհվածներին, իսկ ով որ կազմակերպել էր այդ երթը, նախ հարազատներից շատ քիչ մարդիկ էին էդտեղ, մնացածն ինչ-որ կազմակերպությունների աշխատողներ էին, որոնք վայրկյաններ հետո գնացել են էդտեղից, ու վստահ եմ, որ բոլորն էլ զղջում են իրենց էդ անիմաստ արարքի համար»:
Մեր դիտարկմանը՝ այսինքն` բողոքի ցույցն անիմա՞ստ էր, մեր զրուցակիցը պատասխանեց․ «Միանշանակ»:
Մեր դիտարկմանը, թե վիրավորների ու մահացածների հարազատները արդար դատաքննություն են պահանջում, մտավախություններ ունեն, ասաց. «Իսկ ո՞վ է խոչընդոտելու արդար քննությանը… Չենք կարող, ի սեր Աստծո, չենք կարող խոչընդոտել: Ինձ թույլ էլ չեմ տա որեւէ ձեւի միջամտել: Ընդհակառակը՝ փորձում եմ օգտակար լինել նախաքննական մարմնին հնարավորինս շուտ բացահայտել: Այս երկրում այլեւս նման մեթոդներով որեւէ աշխատանք առաջ տանել բացառված է: Մանիպուլյացիա է, մարդկանց ուշադրությունը գրավելու ակցիա էր, էլի»:
Անդրադառնալով ցույցի մասնակիցների պահանջին՝ Փարվանյանները պետք է հեռանան ընտանիքներով Ապարանից, որ իրենք հանգիստ ապրեն, Էդգար Փարվանյանն ասաց. «Չկա նման բան, ճշտե՞լ եք՝ ցույցի մասնակիցներն ով են: Ոչ ոք իրավունք չունի նման բան ասել: Կիսում եմ իրենց վիշտը, հասկանում եմ այդ էմոցիաները, վիշտը շատ ծանր է: Շատ լավ ճանաչել եմ նրանց, մանավանդ Տիգրանին, Տիգրանի հորը, իրենք էլ՝ մեզ: Շատ- շատ եմ ափսոսում, բայց դա չի կարող որեւէ ձեւի որեւէ մեկի կողմից հայտարարվի կամ մեկնաբանվի պահանջներ մեզ, մեր ազգականներին, մեր ազգին: Ոչ ոք այդ իրավունքը իրենց չի տվել: Այ իրենց հրահրողներին պետք է իրենք վտարեն Ապարանից: Մավրն իր գործն արել է, մավրին է պետք գտնել»:
Մեր դիտարկմանը, թե նախորդ իշխանության օրոք, եթե պաշտոնատար անձի հետ ազգակցական կապ ունեցող մեկը նման աղմկահարույց դեպքի մասնակից լիներ, պաշտոնյան հաջորդ օրը հրաժարական կտար, իսկ դուք պատրաստվո՞ւմ եք հրաժարական ներկայացնել, ի պատասխան ասաց. «Ես քաղաքական նման խնդիր իմ առջեւ չունեմ դրված, բայց եթե լինի նման խնդիր, առանց վարանելու հրաժարական կներկայացնեմ»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
“Թեեւ դեպքի հաջորդ օրը Էդգար Փարվանյանը հերքում էր իր ազգակցականների մասնակցությունը, այսօր արդեն հաստատում է, որ հորեղբոր երկու տղաներն են մասնակցել, բայց ում զանգով են գնացել, կամ ինչ դերակատարություն են ունեցել միջադեպին՝ չի կարող ասել:”
Ես առավոտին պարզ առաջարկ մը ունիմ. եթէ մէկը արդէն յստակ սուտ խօսեր է՝ նոյն նիւթին վերաբերեալ մեզի նոր պատասխաններ չբերել այդ նոյն մարդէն.
Վստահ եմ դուք ալ կ’ուզէիք ունենալ վստահելի լրատուամիջոց, վստահելի աղբիւրներով, չէ՞.
Հա, նաեւ կ’ազատէինք վարչապետի ուղեղային ձաբռտուքներէն։