Լրահոս
Օրվա լրահոսը

Գնդապետ. «Ռազմաքաղաքական ղեկավարության որոշումով 2020 թ. վերջին ժամկետային զորակոչը մինչեւ օգոստոսի 30-ը կզորացրվի, ու այլեւս Արցախում չենք ունենա ժամկետային զինծառայողներ»

Հունիս 28,2022 15:36

ՀՀ ՊՆ-ում հավատարմագրված լրագրողներն այսօր եղան կենտրոնական հավաքակայանում եւ ծանոթացան զորակոչային գործընթացին:

Վիճակահանության հանձնաժողովի նախագահ, գնդապետ Սահակ Սահակյանը ծանոթացրեց վիճակահանության կարգին եւ տեղեկացրեց, որ վիճակահանության ամբողջ գործընթացը հեռարձակվում է տարածքային ստորաբաժանումներ՝ ծնողների համար:

Լրագրողների հարցին, թե Արցախ զորակոչ իրականացվո՞ւմ է, գնդապետը պատասխանեց. «Ռազմաքաղաքական ղեկավարությունը որոշել է, որ այս պահին Արցախում ծառայությունն իրականացվում է պայմանագրային զինծառայողներով: Մեր վերջին՝ 2020 թվականի ամռան զորակոչի ժամկետային զորակոչը մինչեւ օգոստոսի 30-ը կզորացրվի ու այլեւս Արցախում չենք ունենա ժամկետային զինծառայողներ: Արցախի համար մշակված է ծառայության գրավչության համար լուրջ փաթեթ, այն ներդրված է եւ ըստ դրա պայմանագրային զինծառայողներով համալրվում են ամբողջ Արցախի պաշտպանության բանակի թափուր հաստիքները»,-ասաց սպան:

Գնդապետը հավաստիացրեց, որ դա բավարարում է ծառայությունը կազմակերպելու համար: «Ես ասացի, որ գրավչության լուրջ փաթեթ է ներդրված եւ դրա հիման վրա հիմնականում Արցախի ռեսուրսից համալրվում է պայմանագրային զինծառայողների ուժերով, ինչի նպատակը ժամկետային զինծառայողներին առաջնագծից հանելն է, որպեսզի ժամկետային զինծառայողներով մարտական հերթապահություն չիրականացնենք սահմաններում»:

Aravot.am-ի հարցին ի պատասխան, թե ըստ էության, Հայաստանն այսօր ամբողջությամբ սահման եւ առաջնագիծ է, գնդապետը կրկնեց արդեն ասածը, որ ձգտում են, որպեսզի հնարավորության սահմաններում ժամկետայիններով մարտական հերթապահություն չիրականացվի»:

Aravot.am-ը նաեւ հետաքրքրվեց, թե ինչ ասել է պայմանագրայինների համար գրավչության լուրջ փաթեթ եւ Հայաստանից ցանկություն հայտնողներ կա՞ն: «Այո, կան: Իսկ գրավչության փաթեթը հետեւյալն է: Նա գնում, այնտեղ բնակություն է հաստատում, եթե ապրում է ընտանիքով, բնակարանային պայմանները բարելավվում են, վարձատրության չափը փոխվում է, սոցիալական երաշխիքներն ավելի մեծ են, դրամական ապահովման չափը ավելի մեծ է: Իսկ ով չի ցանկանում մշտական այնտեղ բնակվել, գնում՝ գալիս է»,-եղավ պատասխանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930