Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանի կառավարության կայացրած որոշումների վերաբերյալ անհանգստանալու շատ պատճառներ ունենք. Ֆիդանկա Բաչեվա-Մաք Գրեյթ

Հունիս 28,2022 15:28

«CEE Bankwatch Network» ՀԿ-ների միջազգային ցանցի ՎԶԵԲ-ի քաղաքականության պատասխանատու Ֆիդանկա Բաչեվա-Մաք Գրեյթը (լուսանկարում) այսօր «Ամուլսար. Մարդու իրավունքների խախտումներ եւ շրջակա միջավայրի նկատմամբ անփույթ վերաբերմունք ոսկու որոնման գործընթացում» նոր զեկույցի ներկայացման ժամանակ ասաց, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարության կայացրած որոշումների վերաբերյալ անհանգստանալու շատ պատճառներ ունեն:

Նրա խոսքով, վերջին որոշումներից մեկը հանքարդյունաբերության վերաբերյալ օրենսդրության փոփոխությունն է, որի շրջանակներում ցույցերը համարվում են ֆորս մաժոր եւ ոչ՝ խոչընդոտում հանքարդյունաբերության համար. «Հայաստանը շատ կոնվենցիաներ է ստորագրել, որով պարտավորվում է հարգել իր քաղաքացիների իրավունքները: Այս խնդիրները ներկայացվել են ՄԱԿ-ի կառույցներին, որոնք որոշակի առաջարկություններ են արել ՀՀ կառավարությանը»:

Ֆիդանկա Բաչեվա-Մաք Գրեյթ

Ֆիդանկա Բաչեվա-Մաք Գրեյթի դիտարկմամբ, Հայաստանի տնտեսությունում հանքարդյունաբերության բաժինը ընդամենը 3 տոկոս է, այնինչ տուրիզմի մասնաբաժինն ավելի մեծ է. «Հետազոտություն ենք կատարում՝ ինչպես կարող է հանքարդյունաբերությունն ազդել տնտեսության այլ հատվածների վրա եւ ինչպես է սա կապված մարդու իրավունքների հետ: Նրանք, որոնք ստանում են բավարար օգուտներ հանքարդյունաբերությունից, նույն մարդիկ չեն, որոնք ստիպված են լինելու վնասները հատուցել, եւ, հետեւաբար այս ծրագրի շրջանակներում որոշումներ կայացնելիս պետք է լինի հավասարակշռություն, թե՛ օգուտների թե՛ վնասների միջեւ, եւ թե ում կողմն է լինելու կառավարությունը: Նրա՞նց կողմն, ովքեր լավ օգուտ են ստանալու, թե՞ նրանց՝ ովքեր հետագայում պետք է կրեն վնասների ծանրությունը՝ թե՛ տուրիզմի հատվածում, թե՛ շրջակա միջավայրում եւ, թե՛ առողջապահության: Շատ կարեւոր է, որ կառավարությունն այս հարցերին ուշադրություն դարձնի, որովհետեւ նրանք, որոնք վնասներ են կրելու, իրավունքներ ունեն՝ կյանքի, առողջության, շրջակա միջավայրի, հողի, ջրի հետ կապված»:

Միջազգային փորձագետը կարծիք հայտնեց, որ Հայաստանի կառավարությունը բավարար ուշադրություն չի դարձրել այս մարդկանց իրավունքներին եւ բավարար քայլեր չի կատարել այդ իրավունքները պաշտպանելու՝ իր իսկ վավերացրած միջազգային պարտավորություններին համապատասխան:

Նազելի Վարդանյան

Իրավաբան-բնապահպան Նազելի Վարդանյանը մտահոգություն հայտնեց, որ հեղափոխությունից հետո հանքարդյունաբերության ոլորտում օրենսդրական առումով մի քանի քայլ հետ ենք կատարել: Նրա համոզմամբ, այսօր քաղհասարակության ներկայացուցիչը դարձել է մի գործիք բիզնեսի ու պետության միջեւ:

«Ինչ-որ մի տեղ հանքաարդյունաբերության թույլտվություն են, կամ կիսաթույլտվություն են տալիս, հետո տեսնում են՝ մարդիկ ինչպե՞ս են արձագանքում: Մարդիկ բողոքում են եւ որքան շատ են բողոքում՝ այնքան իշխանությունների դիվիդենտները բարձրանում են: Կամ՝ ինչ-որ սոցիալական խնդիր են լուծում՝ մի դպրոց են վերանորոգում, մի գոմ, հետո ինչ-որ հիմնադրամի գումար են փոխանցում եւ ստանում են լրացուցիչ թույլտվություններ ու արտոնություններ»,-ասում է նա:

Նազելի Վարդանյանը «խայտառակ» փոփոխություն է համարում «Ընդերքի մասին» օրենսդրության այն կետը, թե քաղաքացիների պայքարը կդիտվի որպես պետության դեմ պայքար:

«Եթե մենք պայքարում ենք ընկերության դեմ կամ հանուն մեր առողջ շրջակա միջավայրի, կնշանակի մենք պետության դեմ ենք պայքարում, որովհետեւ այդ անհնազանդության դեմ ծրագրերը որակել են պետության դեմ պայքար: Այսինքն՝ մարդիկ, որոնք ուզում են առողջ շրջակա միջավայրում ապրել կամ իրենց բնակատեղին պահպանել, դառնում են պետական հանցագործություն կատարած անձինք»,-ասաց տիկին Վարդանյանը:

Նա, անդրադառնալով Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ ստեղծված հանքարդյունաբերության ռազմավարությանն ասաց՝ «ՀԲ-ն չգիտեմ ինչի համար է փող տվել: Հանուն բիզնեսի փոփոխություն են անում, հանուն բիզնեսի մարդկանց զրկում են հողի սեփականությունից, լսումների մասնակցությունից: Հանրությանը զրկում են սեփականության իրավունքից»:

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930