Լրահոս
Օրվա լրահոսը

«Բարոյական չէ պնդելը, թե ես անբարյացակամ վերաբերմունք ունեմ»․ եզդի հոգեւորականը՝ Սաշիկ Սուլթանյանի մասին

Հունիս 28,2022 15:17

Իրավապաշտպան Սաշիկ Սուլթանյանի գործով հերթական դատական նիստում այսօր որպես վկա հարցաքննվեց «Հանրային ռադիոյի» խմբագիր, թարգմանիչ Հասան Թամոյանը։ Նա այն թարգմանիչն է, որը նախաքննության ընթացքում թարգմանել է Սաշիկ Սուլթանյանի՝ իրաքյան ԶԼՄ-ին տված հարցազրույցը։

Հիշեցնենք, որ «Մարդու իրավունքների եզդիական կենտրոն» հ/կ ղեկավար, իրավապաշտպան Սաշիկ Սուլթանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (Ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը), որով Հայաստանում ապրող եզդիների իրավունքների խախտումների մասին խոսելը որակվել է որպես ազգային թշնամանքի հարուցում։ Սուլթանյանն իրեն մեղավոր չի ճանաչում․ պնդում է, որ իր հարցազրույցը, որի հիմքով էլ հարուցվել է քրեական գործը, թարգմանել են սխալ, խեղաթյուրել, օրինակ՝ հետեւյալ բնորոշումները․ «Հայերը եզդիներից վերցրել են հողերը, բիզնեսները, տները։ Օլիգարխների հետ եմ, որոնք ծանոթներ ունեն կառավարությունում եւ ոստիկանությունում։ Հայերը ծիծաղում են եզդիների վրա եւ թույլ չեն տալիս մշակույթ զարգացնել․․․Ղարաբաղի պատերազմի ժամանակ, շովինիստական շարժման ժամանակ, հայերից կոչեր են հնչել, որ եզդիները ՀՀ-ում չպետք է ապրեն, եւ այդ ժամանակ եզդիներ գնդակահարվեցին․․․»։

Հասան Թամոյանը դատարանին հայտնեց, որ Սաշիկ Սուլթանյանին ճանաչում է մոտ տասը տարի, եւ իրենց հարաբերություններում երբեւէ խնդիր չի եղել․ «Նա խելացի, աշխատող, նախաձեռնող երիտասարդ է, ես որեւէ խնդիր չունեմ։ Ես թարգմանել եմ, դա է միայն։ Մանրամասները հիմա չեմ հիշի, ժամանակ է անցել»։

Մեղադրող դատախազը հետաքրքրվեց, թե եզդիերենի իմացության ի՞նչ փորձ ունի վկան։ «Քառասուն տարի աշխատում եմ «Հանրային ռադիոյում», որտեղ եզդիերենով ծրագիր կա։ Նախկինում այդ բաժինը քրդերեն էր։ Երեսուն տարի եզդիերեն հաղորդումների բաժնում եմ աշխատում, հիմնադիրն եմ։ Ամեն տարի եզդի ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ եմ իրականացնում։ Մի գիրք հրատարակել ենք Սաշիկ Սուլթանյանի ֆինանսավորմամբ, ինչի համար շնորհակալ եմ։ Հանրայինով նաեւ շաբաթվա լուրերն եմ կարդում եզդիերեն, «ֆեյսբուքում» վարում եզդիերեն հեռարձակման ժամը։ «Եզդիերեն լեզու եւ գրականություն» դասագրքի հեղինակն եմ։ Ես լավ մասնագետների ձեռքի տակով եմ անցել եւ այդ մասին հպարտությամբ եմ փաստում։ Այս ամենը թույլ է տալիս ասելու, որ լեզվի մասնագետ եմ»,-պատասխանեց Հասան Թամոյանը։

-Ձեր թարգմանությունների հետ կապված դժգոհություններ լսե՞լ եք։

-Այո, բնականաբար։ Ես ինքս քանիցս գրել եմ, որ եզդիերենը պետք չի աղավաղել։ Եզդիերենը հարուստ եւ ճկուն լեզու է, անգամ կենցաղում պատշաճ պետք է խոսել։ Այսօր քառասունից ավելի դպրոցներում եզդիերեն է դասավանդվում։ Աշխարհի ոչ մի երկրում նման բան չկա, որ եզդիերենով դասագիրք, ռադիոծրագիր լինի։ Եթե մեկը փորձի ասել, որ որեւէ այլ երկրում նման բաներ կան, կուրախանամ, բայց նման բան չկա։ Սա միակ միջավայրն է, որում մենք կարող ենք գոյատեւել։ Միակ բանը, որ ինքներս ենք թերանում, դա չուզենալն է սեփական լեզուն սովորելը։ Թե չէ խոչընդոտ չկա։

-Ձեզ դատարան հրավիրելու նպատակն այն է, որ վիճարկվել է ձեր կատարած աշխատանքը, ասվել, որ ոչ բարիդրացիական հարաբերությունների մեջ եք եղել Սաշիկ Սուլթանյանի հետ։ Պաշտպանական կողմը պնդել է, որ դուք կոմպետենտ անձ չէիք՝ այդ թարգմանությունն անելու համար։

Պաշտպանական կողմն ուղղեց, որ «թշնամական» բառը չի օգտագործվել, այլ կիրառվել է «ոչ բարիդրացիական» արտահայտությունը։

«Ինձ համար զարմանալի է, որ այսօր այս կարգավիճակում եմ։ Ես հոգեւորական եմ՝ շեյխ, եւ անգամ բարոյապես իրավունք չունեմ իմ համայնքի հանդեպ ոչ բարիդրացիական հարաբերություններ ունենալ։ Հակառակը։ Մեր համայնքի հազվագյուտ կրթված երիտասարդներից է Սաշիկ Սուլթանյանը։ Ինչի՞ մասին է խոսքը։ Եթե ունեն ապացույց, որ մեր միջեւ կա ոչ բարյացակամ փոխհարաբերություն, ապա զարմացած եմ։ Մենք ի՞նչ խնդիր կարող էինք ունենալ։ Վերջին 2-3 տարում անգամ չենք տեսել իրար։ Վերջին անգամ տեսել եմ, երբ նա ԱԺ-ում պատգամավորի օգնական էր։ Այլ բան է, եթե ես դիտողություն անեմ, որ եզդիերենն անաղարտ պետք է պահվի։ Կներեք, անբարոյականություն է պնդել, թե ես որպես հոգեւորական, կարող եմ անբարյացակամ վերաբերմունք ունենալ իմ համայնքի որեւէ անդամի հանդեպ։ Ոչ միայն ամբաստանյալի դեպքում, այլեւ շատ այլ դեպքերում սոցցանցում գրել եմ, որ եզդիերենում այդպես չի հնչում, որ շարահյուսությունն այդպիսին չէ»,-պնդեց Հասան Թամոյանը։

-Երբ Դուք Սուլթանյանի կողմից եզդիերենի ոչ ճիշտ օգտագործման համար համացանցում դիտողություններ եք արել, դա ազդե՞լ է նրա հարցազրույցը թարգմանելու վրա։

-Ոչ։ Քառասուն տարի ամեն օր ես թարգմանական, խմբագրական աշխատանք եմ անում։ Ես որպես լեզվի մասնագետ եմ իմ պնդումներն արել։ Եթե դա կարող է թշնամություն համարվել, ապա կներեք, դա ինձ համար հասկանալի չէ։

 

Սաշիկ Սուլթանյանի պաշտպան Արա Ղազարյանը հետաքրքրվեց՝ եթե Սուլթանյանի հարցազրույցի հետեւանքով հայերի եւ եզդիների միջեւ բախում լիներ, վկան այդ մասին տեղեկացված կլինե՞ր։ Մեղադրող դատախազը հարցի դեմ առարկեց՝ ասելով, որ Հասան Թամոյանը դատարան է հրավիրվել որպես թարգմանիչ․ «Դեռեւս նախաքննության փուլում պաշտպանական կողմը վիճարկել է Թամոյանի թարգմանությունը։ Նա գնահատողական դատողությունների եւ մեղադրանքին առնչվող հանգամանքների համար չի հրավիրվել»։ Դատախազի առարկությունը չընդունվեց, եւ Հասան Թամոյանը հարցին պատասխանեց․ «Բնականաբար կիմանայի, բայց նման բան չի եղել։ Սաշիկը խելոք, հանգիստ, կիրթ մարդ է։ Չմտածեք, թե եկել եմ իրեն պաշտպանելու, ուղղակի այդպես է»։

Արա Ղազարյան-Հնարավո՞ր է, որ թարգմանիչն ընտրի բառ, որն իմաստով սխալ չէ, բայց բառը կարող է այլ իմաստ ունենալ, խստացնել կամ մեղմացնել բովանդակությունը։

Հասան Թամոյան-Դա սուբյեկտիվ մոտեցում է։ Եթե մարդը լեզվին լավ է տիրապետում, թարգմանում է այնպես, որ ոգին պահպանվի։ Եթե լեզվին չի տիրապետում, գուցե սխալվի։ Բացահայտ սխալ թարգմանություն, չեմ կարծում, որ լինի։

Արա Ղազարյան-Սուլթանյանը նկատել է մի քանի բառեր, որոնք խստացրել են միտքը, դրանց փոխարեն այլ բառեր կարող էին լինել։ Մենք չենք գտնում, որ դա դիտավորյալ է, այլ գտնում ենք, որ ցանկացած թարգմանիչ կարող է բախվել այդ խնդրին։

Հասան Թամոյան-Կներեք, բայց ինձ համար զարմանալի է, որ պաշտպանը տեսախցիկների առաջ խոսում է եզդիերենի մասին։ Չի կարելի։

Արա Ղազարյան-Ես եզդիերենի մասին չէի խոսում։

Սաշիկ Սուլթանյան-Ես օգտագործել եմ եզդիերեն բառ, որն ունի երկու իմաստ՝ կրակել եւ գնդակահարել։

Հասան Թամոյան-Բառը երկու արմատ ունի։ Ձեր ասած բառը գնդակահարելն է։ Այլ բան է, որ դուք բառն այլ կերպ եք հասկացել։

Սաշիկ Սուլթանյան-Մեկ այլ նախադասությունում նույն բառն ինչո՞ւ եք որպես «կրակել» օգտագործել։

Հասան Թամոյան-Որովհետեւ տան վրա կրակելն ուրիշ է, տան վրա գնդակահարելը՝ այլ բան։ Տան վրա չեն կարող գնդակահարել, կարող են կրակել, իսկ մարդուն կարող են գնդակահարել։ Եթե բառը տեղին չի օգտագործվում, թարգմանիչը պարտավոր է ճիշտ թարգմանել։

Սաշիկ Սուլթանյան-Խոսքը նրա մասին է, թե առօրյայում ինչ իմաստով է օգտագործվում, թեկուզ՝ սխալ։

Հասան Թամոյան-Դա խոսում է լեզվի ցածր իմացության մասին։

Սաշիկ Սուլթանյան-ՀՀ-ում ապրող եզդիների քանի՞ տոկոսն է տիրապետում լեզվին այնպես, ինչպես դուք։ Քանի՞ տոկոսը կարող է սխալվել։

Հասան Թամոյան-Լեզվի իմացության մակարդակն իսկապես ցածր է։ Դա չի նշանակում, թե եզդիերենում համարժեքը չկա։ Եթե մարդը սխալ է խոսում, թարգմանիչը պետք է ճիշտ թարգմանի։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930