Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք Աղավնոն չենք հանձնում, դուք այդպիսի հարց կարող եք տալ դարակազմիկ նախկին ղեկավարների, որոնց դուք եք սպասարկում». Անդրանիկ Քոչարյանը՝ լրագրողին

Հունիս 28,2022 15:04

«Վարչապետն ասաց՝ հրադադարի պայմանագրում ինչ կետ կար, որը դեռ հիմա կքննարկվի եւ որոշում կկայացվի Արցախի իշխանությունների հետ մեկտեղ. ճանապարհի հնարավորությունների մեծացման եւ օգտագործմանն է վերաբերում, բնականաբար, մեր ռազմավարական գործընկերության ակտիվ մասնակցությամբ»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն՝ անդրադառնալով երեկ Նիկոլ Փաշինյանի արած հայտարարություններին:

Հիշեցնենք, Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Լաչինի միջանցքի երթուղու փոփոխության վերաբերյալ նախնական համաձայնություն կա:

Լրագրողներից մեկը նկատեց, որ ըստ այդ հայտարարության՝ Բերձորն ու Աղավնոն անցնելու են Ադրբեջանի վերահսկողության տակ, բայց Աղավնոյի համայնքապետը հայտարարել է, որ չեն պատրաստվում դուրս գալ գյուղից, Անդրանիկ Քոչարյանն արձագանքեց. «Կյանքը միշտ իր շտկումները կդնի մեր առջեւ եւ մենք պարտավոր ենք միասին այս բարդ ժամանակում անցնել մեր անցնելիք ճանապարհը՝ առաջին հերթին մեր անվտանգության տիրույթն ամուր պահելու տեսանկյունից եւս: Դա վերաբերում է բոլոր այն բարեփոխումներին, որոնք պետք է իրականություն դառնան թե զինված ուժերում, թե ընդհանրապես: Այնպես որ, այստեղ խնդիրները ոչ թե պետք է տարանջատել, այլ՝ մեկտեղել: Դրա մեջ շատ կարեւոր է՝ մենք խաղաղության օրակարգը տեսնում ենք նաեւ երկրի ներսո՞ւմ, թե՞ երկրի սահմաններից դուրս: Դա վերաբերում է նրան, թե երբ համերաշխության մթնոլորտը կդառնա իրականություն երկրի ներսում»:

Լրագրողներից մեկը հարցրեց՝ Աղավնոյի հանձնումն անվտանգության ի՞նչ խնդիր է լուծելու, մանավանդ, որ քաղաքագետները նկատում են՝ Հադրութն ու Շուշին երբեք ԼՂԻՄ տարածքում չեն եղել, բայց հանձնված են, հիմա էլ անընդհատ խոսվում է այլ տարածքների մասին։ Անդրանիկ Քոչարյանը հիշեցրեց, թե ինչ ճանապարհ է անցել Հայաստանն 1990-ականներից, ի՞նչ վիճակ էր 1994թ-ի հրադադարից առաջ եւ հետո ու նկատեց՝ այս անհանգիստ աշխարհում, որպեսզի Հայաստանը կարողանա իր առջեւ դրված խնդիրները հստակ պատկերացնել, առաջին հերթին համերաշխություն է պետք մեր երկրում:

Հայաստանի եւ Թուրքիայի հատուկ բանագնացների հանդիպմանն էլ վերաբերվող բոլոր հարցերն էլ Անդրանիկ Քոչարյանը հորդորեց ուղղել Ռուբեն Ռուբինյանին:

Իշխող ուժի ներկայացուցիչը երկրորդեց Նիկոլ Փաշինյանին՝ ասելով, թե այս պահին պատերազմի վտանգ չկա. «Այս պահին եթե չենք տեսնում սահմանի երկայնքով որոշակի լարվածության օջախներ, բայց միշտ պետք է մեր բոլոր գործողություններով ու մեր բոլոր ռեֆորմների իրականացման տեսանկյունից անենք այնպիսի արագ ու արդյունք տվող գործողություններ, որպեսզի մեր կորուստները 44-օրյա պատերազմից հետո հստակ վերականգնման ընթացք ունենան»:

Լրագրողներից մեկը հարցրեց՝ եթե Աղավնոն չհանձնեն Ադրբեջանին, հնարավո՞ր է պատերազմ սկսվի: Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց. «Ամեն ինչ պետք է անենք, որ պատերազմ չսկսվի։ Դուք անընդհատ խոսում եք պատերազմից՝ մոտեցնելով պատերազմը։ Ես շատ լավ հասկանում եմ՝ ինչու եք դուք այդ հարցը տալիս։ Եկեք այնպես անենք, որ խաղաղություն ունենանք, մեր ժողովրդին խաղաղություն է պետք, որ վերքերը բուժի։ Մենք Աղավնոն չենք հանձնում, դուք այդպիսի հարց կարող եք տալ դարակազմիկ նախկին ղեկավարների, որոնց դուք եք սպասարկում»։

Այլ մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930