Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռուս խաղաղապահները չլինեին, այսօր դու Ստեփանակերտն ու Մարտակերտն էլ էիր տվել թուրքին». Էդուարդ Շարմազանովը՝ Նիկոլ Փաշինյանին

Հունիս 28,2022 14:49

«Ռուս խաղաղապահները չլինեին, այսօր դու Ստեփանակերտն ու Մարտակերտն էլ էիր տվել թուրքին»,- այսօր «Հայելի» մամուլի ակումբում, հակադարձելով՝ երեկ, Նիկոլ Փաշինյանի արած հայտարարություններին, ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը՝ հավելելով, որ Արցախի անվտանգության միակ երաշխավորն այսօր փաստացի ռուս խաղաղապահներն են:

Էդուարդ Շարմազանով

Նա Նիկոլ Փաշինյանին հարց է ուղղում՝ «էդ Հայաստանի 42 կիլոմետրը, որ ադրբեջանցիները 1,5 է մտել են, դրանից ինչո՞ւ չես խոսում, դա է՞լ են ռուս խաղաղապահները մեղավոր, բա որ բանավոր պայմանավորվածության արդյունքում Գորիս-Կապանի 21 կիլոմետրը տվել ես, դրանում է՞լ են ռուս խաղաղապահները մեղավոր»:

Նա ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ պատերազմից հետո, երկու ամիս հայկական բանակը որեւէ սպառազինություն ձեռք չի բերել, արդեն մի քանի ամիս է՝ հայկական բանակը ԳՇ պետ չունի, իսկ պաշտպանության նախարարը ռազմական կրթություն չունի:

Իր գնահատմամբ, Նիկոլ Փաշինյանը «տրոյական ձի է» ու Հայաստանի դարպասները իրենք ներսից բացել են: Շարմազանովը կրկնում է՝ «կամ հայ ժողովուրդը կլինի, կամ Նիկոլ Փաշինյանը»:

Էդուարդ Շարմազանովը դատապարտեց բոլոր նրանց, ովքեր այս ամենի դեմ ձայն չեն բարձրացնում, լռելյայն շարունակում են գումար վաստակել. «Մեր իշխանության ամենամեծ սխալը դա է եղել, որ ձեզ պետական պաշտոններ է վստահել, այսօր էլ լուռ ծառայում եք այս թրքահպատակ ռեժիմին: Իջել եք ջրի հատակը՝ մինչեւ անցնի վտանգը, կարեւորը՝ փող լինի. դե էդպես ջրի հատակում էլ մնացեք, արա: Ոչ սկզբունք եք ունեցել, ոչ բարոյականություն, ոչ ազգային արժեք, մենակ փող»: Նա հիշեցնում է, որ մնայուն միակ արժեքները հայրենիքն ու Աստված են. «Ու պատմության մեջ մնալու եք կամ դավաճան, կամ կարգին հայ, կամ հող ազատագրող, կամ 30 արծաթի մեռած: Իմ բոլոր թերություններով ու սխալներով ես իմ ընտրությունը կատարել եմ. ՀՀԿ-ն ոչ հող հանձնող է, ոչ էլ Ալիեւի առաջ կզող: Դուք հող էլ եք հանձնել, Ալիեւի առաջ էլ եք կզել, 5000 մարդու սպանության պատճառ էլ եք, եկեղեցու վրա էլ եք հարձակվել․․․»:

Այն, որ Նիկոլ Փաշինյանը շարունակում է մնալ իշխանության, Էդուարդ Շարմազանովն ընդունում է՝ բոլորիս մեղավորությունն է եւ պարտությունը: Բայց նա հուսախաբ չի լինում, վստահեցնում է՝ ամեն ինչ անելու են, որ իրավիճակը շտկվի, այլապես, եթե Նիկոլ Փաշինյանը մնաց եւ շարունակեց իր քաղաքականությունը, անգամ իր գոյությունն ինքն անիմաստ է համարում. «Չենք թողելու, սրան տշելու ենք: Ինքը գնալու է, մայիս-հունիսյան շարժումը դա է ապացուցել: Դժվար է լինելու, բայց լինելու է: Ընդդիմությունը լավ է անում, վատ է անում՝ ազնիվ պայքարում է, սա պաշտոնի կռիվ չէ, պաշտոնի կռիվ լիներ, այդ պաշտոնը կպահեինք, բայց ռեւանշ լինելու է՝ ազգային ուժերի ռեւանշ է լինելու եւ Ալիեւի հետ հարաբերություններում, եւ արտաքին քաղաքականության մեջ, եւ Հայաստանի ազգային պետության ստեղծման»: Բայց, բոլոր նրանց ովքեր ձգտում են, որ Հայաստանում քաղաքացիական պատերազմ լինի, զգուշացնում է՝ չեն հաջողելու:

Նաեւ զգուշացնում է՝ Հայաստանում հաջորդ իշխանությունը «կամիկաձե» է լինելու, քանի որ ստեղծված իրավիճակը շտկելու համար շատ ջանք ու աշխատանք է պահանջվելու:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930