Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Խախտւած չափանիշների աղէտալի հետեւանքները. Դերենիկ Մելիքյան

Հունիս 28,2022 14:38

Թեհրանի «Ալիք» թերթի գլխավոր խմբագիր Դերենիկ Մելիքյանի հոդվածը

ԽՕՍՔ ԽԱԽՏՒԱԾ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ԱՂԷՏԱԼԻ ՀԵՏԵՒԱՆՔՆԵՐԸ…

2018 թւականի ապրիլի թաւշեայ յեղաշրջումից ի վեր խախտւել են բոլոր կարգի ու բնագաւառների ազգային ու պետական չափանիշներն ու քիչ թէ շատ ընկալեալ ստանդարտները՝ ինչպէս Հայաստանում, այնպէս էլ աշխարհասփիւռ հայութեան համար…

Ահաւասիկ, խախտւած գլխաւոր չափանիշները՝ փաստերով.-

1.Յեղաշրջմանը յաջորդող ամիսներին (նոյնիսկ շաբաթներին եւ օրերին) ի սկզբանէ խախտւեցին կենցաղային-հասարակական գէթ մինչ այդ ընդունւած չափանիշները.
ա-Փոխադարձ ատելութեան դրսեւորումների տեղիք տալով՝ պառակտում հասարակայնութեան մէջ՝ «սեւ-սպիտակներ…», «նախկիններ-ներկաներ» եւ…
բ-Հայոց հաւատամքի եւ ազգային համախմբման խորհրդանիշ՝ Առաքելական Եկեղեցու դէմ վայրի յարձակում եւ թիւ 1 սպասաւորների անպատկառ թիրախաւորում՝ թաւշեայ յեղաշրջմանը մասնակից աղանդաւորների կողմից:

2.Անմիջապէս խախտւեցին Հայաստան-Սփիւռք քիչ թէ շատ կառուցողական հիմքի վրայ ձեւաւորւած փոխգործակցային կապերը: Այնուհետեւ «Հայրենադարձութիւն» արհեստական ու պոպուլիստական անւանափոխութեամբ փոշիացրին Սփիւռքի նախարարութեան ձեռքբերումներն, ու մինչ օրս անգործութեան իբրեւ արդիւնք՝ սփիւռքեան հատւածների միջեւ եւս պառակտման սերմերի տարածմամբ զբաղւեցին…

3.Կրթա-մշակութային քիչ թէ շատ պետական հոգածութիւնը վայելող կարեւորագոյն այս բնագաւառների վարկաբեկմանը տանող ապազգային ոտնձգութիւններ. զորօրինակ՝ գենդերային-սեռային հաւասարութիւնների եւ նմանատիպ «ազատութիւնների» ներմուծումն յատկապէս կրթօջախներից ներս եւ մասնաւորաբար Հայոց Ցեղասպանութեան խնդրում տւեալ կառոյցներում թուրքական ժխտողականութեան կերպարի արդարացումը, որպէս տասնամեակների պայքարի արժեզրկում:

4.Միտումնաւոր խախտւեցին ի սկզբանէ արտաքին քաղաքականութեան ու այդ գծով դիւանագիտական խելամիտ ու համեմատաբար կայացած ստանդարտները. անմիջական արդիւնքն եղաւ այն, որ աշխարհով մէկ բարձրաձայնւում-ցուցադրւում էին ՀՀ նոր իշխանաւորների որդեգրած հակա-ռուսական ու հակա-իրանական հապշտապ ու այսպէս ասած՝ արեւմուտքի օրիենտացիան…

5.Ծրագրաւորւած եւ արագօրէն խախտւեցին ՀՀ Սահմանադրական եւ դատա-իրաւական մինչ այդ թէկուզ թերի ու ոչ-կատարեալ, բայց կայացած համակարգերը, ոչ թէ այդ թերիներն ու քիչ-շատ անարդարութիւնները փարատելու, այլեւ այդ համակարգերը ամբողջապէս գործադիր իշխանութեանը ենթարկեցնելու նպատակի համար… (դատարանների շրջափակում ու մինչ օրս սարքած ու յարուցած դատերն ու խոստացւած դատաստանների անկատարութիւնը)…

6.Ի հետեւանս 4-րդ կէտի չափանիշների խախտումների, ամենակոպիտ կերպով ու այսօր արդէն կարելի է ասել՝ կանխամտածւած քայլերով խախտւեցին շուրջ քառորդ դար պահպանւած ու պաշտպանւած պետական հեղինակութիւնն ու սուբիեկտայնութիւնը՝ Արցախի հարցի կարգաւորման խնդրում միջազգային հարթակներում ու յատկապէս թուրք-ադրբեջանական հակահայկականութիւնը վնասազերծելու առումով… Արդիւնքում՝ Ադրբեջանի հետ միասին, ԵԱՀԿ-ի Մինսկի անդամ երկրները (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա), որոնք մինչ 2018 թւական, Արցախի հարցի կարգաւորման համար բաւարարւում էին Հայկական Զինւած ուժերի վերահսկողութեան տակ գտնւող նոյնիսկ 2 շրջանի վերադարձմամբ հետեւաբար եւ Արցախի ինքնորոշման իրաւունքի ճանաչմամբ, այսօր իսկ չեն բաւարարւում ողջ Արցախի օկուպացմամբ ու դեռ աւելին՝ Հայոց Սիւնիքն ու ընդհուպ մինչեւ Երեւանը համարում են ադրբեջանական…:

7.Անցնող 4 տարիների ընթացքում եւ յատկապէս յետպատերազմեան ժամանակաշրջանում աւելի ակներեւ դարձան մարդկային իրաւանց, խօսքի ու մամուլի ազատութիւնների նւազագոյն չափանիշների խախտումները։ Այսօր արդէն տասնեակ քաղբանտարկեալներ կան կալանաւորւած, իշխանութեան հետ քաղաքական հայեացքների տարբերութեան պատճառով։ Իսկ ընդդիմադիր խաւերի ակտիւութեան ֆոնին, խիստ ակտիւացել են ոստիկանական եւ փաստօրէն՝ ուժային որոշակի կառոյցները, որոնք ցաւօք՝ բռնի ու բիրտ ուժի կիրառման դերակատարները հանդիսացան։ Սրանց զուգահեռ հետաքրքիր ու միաժամանակ զաւեշտալի էր նոյն ոստիկանական ուժային կառոյցների միլիոնաւոր դոլարների պարգեւավճարները!!!…

8.Համընդհանուր սոցիալ-տնտեսական, երկրի պաշտպանական ու անվտանգային իրավիճակը եւս համակարգային չափանիշների խախտման ենթակայ է դարձել, որը արդիւնքն է կադրային-վարչագիտական ու կառավարման անգրագէտ ու ապիկար քաղաքականութեան։

Այս կարեւոր ու էական բնագաւառների թւարկւած անմխիթար իրավիճակը հետեւանքն է ուղղակիօրէն օրէնսդրական համակարգի անգործութեան։ Եւ շատ ցաւալի է՝ երբ ՀՀ Սահմանադրական չափանիշների համաձայն՝ Պառլամենտական համակարգով ղեկավարւող երկրում նոյնինքն՝ Ազգային ժողովը, յար եւ նման Դատական համակարգի, ղեկավարւում է անձնիշխանական «օրինաչափութեամբ» եւ ուղղակիօրէն կատարում է գործադիրի, այսինքն վարչապետի քմահաճոյքները։

9.Ձախորդ հետեւանքների առաջացման միտումնաւոր, ծրագրաւորւած ու կանխամտածւած լինելու փաստացիութիւնը այսօր իսկ անհերքելի է, երբ ազգովի ականատեսը դարձանք թէ՛ թուրք-ադրբեջանական սանձազերծւած ագրեսիա-պատերազմի, եւ թէ՛ դրանից բխող մարդկային ու տարածքային աղէտալի կորուստների ու հայրենազրկումների՝ արցախեան հայրենի հողերի 75%-ի եւ դեռ ՀՀ-ի սուվերեն տարածքների ներուժ ու ներգործօն կորուստների դառնագոյն իրողութեանը…

10.Իսկ զուգահեռ վերոգրեալի, համազգային աղէտը «արդարացնելու» համար պարտւած եւ անձնատուր իշխանաւորները 2021-ի յունիսին ձեռնամուխ եղան նոր թաւշեա՜յ «ընտրութիւնների», որտեղ ցայտուն կեղծիքներով իսկ խախտեցին ընտրական չափանիշ-ստանդարտները եւս, հետագայի հաշւին ապահովելու համար թուրք-ադրբեջանական ոճրագործութիւնների վրայ աչք փակած եւ ինչպէս միշտ արցախեան գլխացաւանքից ազատւել փորձող արեւմտա-եւրոպացիների քարոզչական հովանաւորութիւնները…: Եւ միթէ չէ, որ նոյն հովանաւորումները ջանադրաբար շարունակւում են մինչ օրս՝ «հիանալով փաշինեանական ժողովրդավարութեան առաջընթացով» (ԱՄՆ-ի, Եւրոմիութեան եւ Անգլիայի դեսպանների յայտարարութիւնները…):

11.Իսկ Արցախ նւիրող, հինգ հազար լուսաւոր կեանքեր արհամարհող ու դրա կրկնապատիկ՝ մի ողջ սերնդի ճակատագիր խեղող բախտախնդիրների համար ի՜նչ հոգ՝ հայոց համազգային Պահանջատիրութիւնից ու Հայոց Ցեղասպանութեան հետեւանքների փարատումից հրաժարւելն ու դեռ համայն հայութեանը համոզելը, որ խաղաղարար թուրքի ու ադրբեջանցու հետ հնարաւոր է ու անհրաժեշտ՝ հաշտութեան պայմանագիր կնքելը: Սրանով էլ ահա, ակնյայտօրէն մտադրւած են խախտել Հայոց աւելի քան հարիւրամեայ պայքարի ու պահանջատիրութեան, ազգապահպան ու պետականութեան հիմքերն ամրացնող արժեհամակարգը…

12.Եւ վերջապէս Հայոց աշխարհի ու ողջ հայութեան համար մղձաւանջային այսօրեայ իրավիճակն ակամայ յիշեցնում է պատմական, բայց 200-ամեայ վաղեմութիւն ունեցող մի այլ մղձաւանջ, որն էլ հայոց ինքնութեան պահպանման ռահվիրա՝ Խաչատուր Աբովեանի կողմից բնութագրւել է որպէս «Վէրք Հայաստանի»…

Սակայն, կրկին պատմական հանգամանքների եւ անհրաժեշտութիւնների օրինաչափութեամբ «Աբովեանական Վէրքերը» հետագային սպիացել են Նալբանդեանների ու Րաֆֆիների «Խենթերի» դեղատոմսերով, որոնք էլ փրկարար չափանիշներն են եղել մեր ինչպէս գոյատեւման, այնպէս էլ՝ որպէս ազգ յարատեւման համար։

Արդարեւ, այսօր իսկ արդիական է, պարտաւորեցնող ու խիստ օրինաչափ՝ համազգային կամքի ցուցադրմամբ դիմագրաւել Հայոց նորագոյն սպառնալիքներն ու յաղթահարել ծանրագոյն մարտահրաւէրները՝ ի խնդիր աշխարհասփիւռ հպարտ հայի ու համաշխարհային ընտանիքի կողմից յարգւած հզօր ու յաղթական Հայաստանի վերականգնման…

«ԱԼԻՔ» ՕՐԱԹԵՐԹԻ ԳԼԽԱՒՈՐ ԽՄԲԱԳԻՐ
ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930