Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը Aravot.am-ի խնդրանքով անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի առցանց ասուլիսում արված հայտարարություններին, մասնավորապես Բերձորի եւ Աղավնոյի հանձնման վերաբերյալ լուրերի հաստատմանը, նշեց. «Չեմ կարծում, որ սա պետք է ինչ-որ մեկի համար անակնկալ լիներ, որովհետեւ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության շրջանակներում Նիկոլ Փաշինյանն արդեն իսկ ստորագրել էր այդ հայտարարության տակ` գիտակցելով, որ հասարակության այն հատվածը, որ ժամանակին ծանոթացել էր այդ փաստաթղթի հետ, շատ լավ գիտեր, թե ինչ է սպասվում 3 տարի հետո: Ուղղակի այստեղ ամբողջ խնդիրն այն է, որ այդ փաստաթղթի 6-րդ կետի պարագայում հնարավորություն կար ի շահ մեզ խաղացնելու, քանի որ այնտեղ բառախաղ կար: Բայց իրենք հանգիստ նստեցին, սպասեցին այն գործողություններին, որին գնաց Ալիեւը:
Ամբողջ հարցն այն է, որ Նիկոլ Փաշինյանն իր առցանց մամուլի ասուլիսում կրկին առանց ամաչելու ստեց, թե իբր Բերձորում մարդ չի ապրում, այնտեղ մի քանի հարյուր մարդ է ապրում, ընտանիքներ, ես ինքս գիտեմ, որ կան մի քանի տասնյակ դպրոցահասակ երեխաներ, կան ավելի փոքր տարիքի երեխաներ, այնպես որ դա լկտի սուտ էր: Աղավնոյում բավականին շատ բնակիչներ կան, գյուղը համարյա ամբողջովին բնակեցված է, եւ ես անընդհատ կապի մեջ եմ բնակիչների հետ: Քիչ առաջ էլ էի խոսում իրենց հետ: Հետաքրքիրն այն է, որ այնտեղ որեւէ մեկը խուճապի մեջ չէ: Իրենք ասում են, որ չեն գնալու, չեն պատրաստվում որեւէ իր տեղափոխել իրենց տնից: Ասում են` դե թող գա Նիկոլ Փաշինյանն ու իրենցից խլի իրենց տունն ու հայրենիքը»:
Արցախի ԱԺ պատգամավորը զարմանում է. «Նիկոլ Փաշինյանը նույնիսկ Սուսի մասին տեղյակ չէր, ինքը մի սիրուն սուտ էլ ասաց: Ընդ որում, Բերձորին միտումնավոր Լաչին էր ասում, որպեսզի ադրբեջանցիների ականջը շոյի: Ասաց նաեւ, որ բերձորցիների խնդիրները ՀՀ կառավարության միջոցներով լուծել են, ինչը, բնականաբար սուտ է, իսկ Աղավնոյի բնակիչների հարցը Արցախի իշխանությունները կլուծեն: Ինքը ստորագրել է ամեն ինչ նոյեմբերի 9-ին, էդ մարդու խոսույթից երեւում է, որ այդ թեմային այլեւս չի անդրադարձել: Բերձորի միջանցքով ձգվող հատվածի 2500 մետրի վրա է գտնվում Աղավնոն, եւ միանշանակ չէ, որ Աղավնոն այդ հայտարարության կետով պետք է հանձնվի ադրբեջանական կողմին, ուղղակի ինքը սիրուն`բանավոր պայմանավորվածության հիման վրա հանձնում է, եւ այդ ամենից կարելի է հետ կանգնել միայն իր իշխանության չլինելու դեպքում»:
Մետաքսե Հակոբյանը հավելում է. «Մենք մեկ ամսվա ընթացքում փորձում էինք հասկանալ՝ այս իրողության դեպքում որոնք պետք է լինեն մեր քայլերը: Հայաստանի իշխանությունների ձեռամբ, իրենց շնորհիվ, մենք ընդհանրապես ձայնազուրկ ենք դարձել, հնարավորություն չունենք որեւէ հարթակում մեր ձայնը լսելի դարձնել, որեւէ գործողության մասնակից լինել, եւ իրենք բոլոր պատնեշները մեր առջեւ դրել են` հնարավորություն չտալով գոնե Արցախին հօգուտ ինչ-որ բան անել: Այսօր օրվա ընթացքում կրկին կփորձենք հասկանալ, թե որոնք կլինեն մեր քայլերը, որովհետեւ կանխավ սպասում էինք, մեկ ամիս անընդհատ քննարկում էինք ու հասկանում էինք, որ բացարձակ մենակ ենք, ու այս խնդիրը, որ մեր առաջ ծառացել է, մեր լուծելու խնդիրն է»:
Կարդացեք նաև
Արցախցի պատգամավորը առանձնացրեց նաեւ Փաշինյանի արտահայտած մի քանի այլ մտքեր. «Ինքը մի միտք ասաց, որը շատ կարեւոր է փաստելը եւ հասկանալը, թե ինչի է տանում այս մարդն ընդհանրապես: Ինքը երկու անգամ հատուկ նշեց, որ այլեւ հնարավոր չէ անվտանգություն երաշխավորել, եւ դա վերաբերվում էր նաեւ Հայաստանի Հանրապետությանը: Այսինքն` ինքն իր բերանով հերքեց նաեւ իր ասած նախկին ճաճանչափայլ մտքերը, այսպես կոչված խաղաղության օրակարգը: Այդ մարդը պարզ ասաց, որ պետք է նախապատրաստվել պատերազմի: Դրան զուգահեռ նա նշում է ի լուր Ադրբեջանի, միջազգային հանրության, որ գոյություն չունի Հայաստանի բանակ: Նա նախապես նշում է, որ թշնամու բոլոր պահանջները մոտ ապագայում կատարվելու են, ինչին հաջորդեց նաեւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարի հայտարարությունը, որ Հայաստանը այլընտրանք չունի, եւ Զանգեզուրի միջանցքը լինելու է: Ինքը գնում է այդ օրակարգով, որն այլեւս պարտադրված է Հայաստանին: Եվ այս խղճուկ իշխանությունները ոչինչ չունեն անելու, իրենք անելու են այն, ինչ իրենց ասվում է:
Եվ մի միտք ասաց, որին պետք է ուշադրություն դարձնել, որ աղետից հետո պետք է մեր մտածողությունը փոխենք, եւ շատ ծանր թեմաների մասին ենք խոսում, ես համարյա թե մեջբերում եմ իր ասածները` սահմանների դեմարկացիա, Լաչինի միջանցքի երթուղու փոփոխություն, որը իր հետ սպառնալիքներ է բերում: Մարդը իր բերանով ասում է, որ այդ ամենն իր հետ սպառնալիքներ է բերում,եւ շատ տհաճ թեմաներ են դրանք, սկսեց թվարկել` խաղաղության պայմանագիր, Ղարաբաղի հարց, Ղարաբաղի կարգավիճակ, այնուհետեւ հակասեց իր վերեւի մտքին` բայց մեծ հաշվով անվտանգության մասին ենք խոսում: Սա խեղկատակություն է, սա չի կարող երկրի ղեկավարը լինել, որը վայրկյանների ընթացքում երկու` իրար հակասող միտք է ասում:
Այս մարդը վստահ է, որ առջեւ կանգնած է ինքնագիտակցության եւ կրթական ցածր մակարդակ ունեցող հասարակություն, ինքն այդպես է դիտում բոլորիս: Եվ իր բառախաղի միջոցով, անմեղ աչուկներ ընդունելով` այնպիսի տպավորություն է ստեղծում, որ ինքն ամեն բան անում է, բայց իրականությունը սա է: Եվ դեռեւս ամիսներ առաջ ասած իր միտքը, որ փաստացի ասում էր`Արցախը հանձնել ենք, որ խաղաղություն լինի.․․ Բայց փաստացի դա էլ այդպես չէ: Այսինքն` Հայաստանը հիմա շատ ավելի լրջագույն խնդիրների առաջ է կանգնել, քան կանգնած էր մինչ պատերազմը: Արդեն Թուրքիան է զգուշացնում, որ Զանգեզուրի միջանցքը լինելու է, հակառակ դեպքում Հայաստանը խնդիրներ կունենա: Ասում են` պատերազմ է լինելու, եթե Զանգեզուրի միջանցքը չտաք: Եվ այս միտքը, որ երեկ էլ իր խոսքի մեջ շատ կարճ ասաց` Լաչինի միջանցքի հարցը պիտի լուծենք: Մի խոսքով, եթե այս իրողության հետ Հայաստանի ժողովուրդը հաշվի չնստի, մեղմ ասած, ինչքան էլ ցավոտ է ինձ համար սա ասելը, երանի է տալու 2020թ սեպտեմբեր-հոկտեմբերին»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ