Լրահոս
Օրվա լրահոսը

«Երեկ այդ էակն ասել է այն, ինչի համար իրեն բերել են իշխանության». Էդուարդ Շարմազանովը՝ Նիկոլ Փաշինյանի ասուլիսի մասին

Հունիս 28,2022 13:40

«Երեկվա ասուլիսը պատահականություն չէր, օրինաչափությունների, նախագծված ծրագրի հստակ շարունակությունն է եւ ես զարմանում եմ, որ մարդիկ դեռ զարմանում են. ինչի՞ց եք զարմանում, ո՞ւմ վրա եք զարմանում, ո՞ւմ քաղաքականության վրա եք զարմանում: Երեկ այդ էակն ասել է այն, ինչի համար իրեն բերել են իշխանության. 2018 թվականին նրան բերել են իշխանության, երկու խնդիր լուծելու համար. Արցախի հանձնում, հակահայկական լուծում, ազգային արժեքների եւ ինստիտուտների քայքայում, ինչպես Բոլթոնն էր ասում՝ հրաժարում պատմական կաղապարներից, եւ երկրորդ՝ Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորի փոփոխություն»,- այսօր «Հայելի» մամուլի ակումբում կայացած ասուլիսում հայտարարեց ԱԺ նախկին փոխխոսնակ, ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը՝ խոսելով Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությունների մասին:

Ըստ բանախոսի, երեկ Նիկոլ Փաշինյանը իր ստուգարքը աշխարհաքաղաքական, «միգուցե նաեւ ՆԱՏՕ-ական պատվիրատուների մոտ ստացավ», ասաց՝ «շեֆ, ամեն ինչ ըստ պլանի գնում է, ես հերթով հանձնելով գնում եմ, հիմա էլ հանձնելու եմ Բերձորն ու Աղավնոն, գերիների հարցում ռուսներն են մեղավոր եւ այդպես շարունակ»:

Ըստ Էդուարդ Շարմազանովի, Նիկոլ Փաշինյանը Հայաստանը տանում է հերթական կապիտուլյացիայի, քայլերի տրամաբանությունն էլ իր համար պարզ էր դեռ 2018 թվականից: Այս պարագայում, իրեն հետաքրքիր է այն մարդկանց կարծիքը, ովքեր միամտաբար կամ ցույց են տալիս, թե միամտաբար դեռ պաշտպանում են «սրանց». «Երեկ ինքը երեք վատ լուր հաղորդեց. այն, որ Արցախը հանձնվում է, դա գիտենք: Լոռեցի եմ, բայց այդքան էլ միամիտ չեմ, որ հույսեր փայփայեմ Արցախի իշխանությունների հետ, բայց որ Արցախի իշխանությունները, կոնկրետ՝ նախագահի աթոռին բազմած անձնավորությունը խոսում է արցախահայության շահերից, հիմա ճիշտ ժամանակն է՝ Արայիկ Հարությունյան անուն-ազգանունով Արցախի նախագահի աթոռին բազմած անձը հստակ ասի՝ համաձա՞յն է Նիկոլի երեկվա ասուլիսում հնչած հայտարարությունների հետ: Ինքը գտնո՞ւմ է, որ Նիկոլի երեկվա այն գնահատականը, որ ԼՂԻՄ տարածքից դուրս տարածքները, այդ թվում Լաչինի միջանցքը, Բերձորն ու Աղավնոն հանձնվելու են Ադրբեջանին ու արդեն կա գաղտնի պայմանավորվածություն, ճիշտ է: Ինքը դրան ինչպե՞ս է վերաբերվում»:

Էդուարդ Շարմազանովը նաեւ Արցախի քաղաքական ուժերին կոչ արեց՝ անկախ իշխանական եւ ընդդիմադիր հայացքներից՝ գնահատական հնչեցնեն եւ Արցախի նախագահի աթոռը զբաղեցնող անձից պահանջեն հստակ կարծիք արտահայտել Նիկոլ Փաշինյանի ասածների վերաբերյալ:

Արցախի թիվ մեկ սպառնալիքը Թուրքիայից եւ Ադրբեջանից հետո, բանախոսի գնահատմամբ, այս «կապիտուլյանտ ռեժիմն է»: «Նիկոլ Փաշինյան անուն-ազգանունով այս անձնավորությունը, հիշում ե՞ք, որ 2018 թվականի դեկտեմբերի 18-ին, առանց թուղթ ու գրիչի հանձնեց Սյունիքի մի շարք տարածքներ, որ ասաց՝ բանավոր պայմանավորվածությամբ հանձնում ենք, երբ ընդդիմադիր պատգամավորները հարցնում էին՝ ի՞նչ իրավունքով, նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ նախատեսված չէր, ինքն ասաց՝ այլընտրանքը պատերազմն էր, հանձնեցի, որ պատերազմ չլիներ: Հիմա, ժողովուրդ ջան, այդ էդպես, ձեզ պատերազմով վախեցնելով՝ հերթով տալիս է»,- ասաց Էդուարդ Շարմազանովը՝ հիշեցնելով, որ այն ժամանակ ասում էր, թե հանձնում է, որ պատերազմ չլինի, իսկ հիմա ասում է՝ Ադրբեջանը լեգիտիմ պատճառ է ման գալիս պատերազմի համար:

Այս պարագայում, Էդուարդ Շարմազանովը չի հասկանում, թե ինչո՞ւ էր Փաշինյանը գնում ու «մոսկվաներում Ալիեւի հետ բաժակ չխկացնում»՝ երկու ստորագրություն դնելով, Շառլ Միշելի մոտ ժամերով ի՞նչ էին քննարկում: Ինքը հստակ արձանագրում է՝ իրադարձությունները գնում են նույն սցենարով, ինչ որ 2020 թվականի 44-օրյա պատերազմից առաջ. «1,5 տարի ինքն ու Ալիեւը խաղեր տվեցին, տվին-առան, ջան-ջիգյար, կառուցողական, սեփական կետ, Դուշանբեի վերելակ, հետո՝ Տավուշյան դեպքեր, 72 Մարտական խաչ, մինչ այդ՝ «Արցախը Հայաստան է» պրովոկացիոն հայտարարություն, իսկ սեպտեմբերին Ալիեւի եւ Փաշինյանի միջեւ տեղի ունեցավ կոմպրոմատների պատերազմը, որին հաջորդեց իրական պատերազմը»:

Էդուարդ Շարմազանովը Նիկոլ Փաշինյանին է հիշեցնում նաեւ 2021 թվականի արտահերթ ընտրությունների իրենց օրակարգը՝ «խաղաղություն եւ ապագա կա» ու ասում, որ երեկ «Նիկոլը բացահայտ ընդունել է՝ իր խաղաղության օրակարգը ձախողված է կամ ինքը նպատակային խաբել է հայությանը» եւ հավելում, որ խաբում են նրան, ով ցանկանում է, որ իրեն խաբեն:

Նիկոլ Փաշինյանի ասուլիսի երրորդ գլխավոր արձանագրումն, ըստ Շարմազանովի, այն է, որ «Արցախի հարցը հորով-մորով անելուց հետո Նիկոլ Փաշինյանը Հայաստանը դնելու է թուրքական վիլայեթի տակ», ինչի միակ աշխարհաքաղաքական խոչընդոտը ՌԴ-ն է ու երեկ ինքը «գերիների հարցը գցեց ռուսների գրպանը»: Նա ուշադրությունն է հրավիրում այն ռուս պաշտոնյաների վրա, ովքեր «թեւերը գցել են Նիկոլի վրա եւ կարծում են, որ հակառուս Փաշինյանը հիմա հանկարծ դարձավ ռուսամետ»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930