Իրավապաշտպան Սաշիկ Սուլթանյանի գործով հերթական դատական նիստում այսօր որպես վկա հարցաքննվեց Մրազ Բրոյանը։ Նա Արագածոտնի մարզի Շամիրամ եզդիաբնակ համայնքի ղեկավարն է։ Պատասխանելով դատավորի հարցին, թե իրեն ինչ է հայտնի այս գործի մասին, համայնքապետը պատասխանեց․ «Այս հարցը․․․ընդդիմադիրներն են իրեն ասել, ինքը չի ուզում ասի, որ իրեն ասել են։ Սա է իր բանը։ Վարչապետի ընդդիմադիրներն են իրեն ասել, որ․․․դե պարզ է, նախարար իրեն չեն տա, կամ վարչության պետ կտան, կամ կիսապետ, բաժնի պետ։ Իմ խնդրանքն է, որ դատարանն ու դատախազը ներող լինեն։ ԱԱԾ-ում ինչ ասել եմ՝ ցուցմունքս չեմ փոխելու։ Ինքն ուրիշի ասածն է կատարել։ Ուղղակի խնդրում եմ, որ այս հարցը տուգանքով լուծվի»։
Հիշեցնենք, որ «Մարդու իրավունքների եզդիական կենտրոն» հ/կ ղեկավար, իրավապաշտպան Սաշիկ Սուլթանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը)․ Հայաստանում ապրող եզդիների իրավունքների խախտումների մասին խոսելը որակվել է որպես ազգային թշնամանքի հարուցում։ Սուլթանյանն իրեն մեղավոր չի ճանաչում․ պնդում է, որ իր 2020թ․-ի հարցազրույցը, որի հիմքով էլ հարուցվել է քրեական գործը, թարգմանել են սխալ, խեղաթյուրել, օրինակ՝ հետեւյալ բնորոշումները․ «Հայերը եզդիներից վերցրել են հողերը, բիզնեսները, տները։ Օլիգարխների հետ եմ, որոնք ծանոթներ ունեն կառավարությունում եւ ոստիկանությունում։ Հայերը ծիծաղում են եզդիների վրա եւ թույլ չեն տալիս մշակույթ զարգացնել․․․Ղարաբաղի պատերազմի ժամանակ, շովինիստական շարժման ժամանակ, հայերից կոչեր են հնչել, որ եզդիները ՀՀ-ում չպետք է ապրեն, եւ այդ ժամանակ եզդիներ գնդակահարվեցին․․․»։
Այս նախադասությունների վերաբերյալ վկան պնդեց․ «Նման բան չկա, ինքը գլուխը դրել է ցավի տակ։ Ինքը չի ուզում ասի, թե ով է իրեն ասել, բայց ես գիտեմ։ 30 տարի համայնքապետ եմ, չգիտե՞մ մարդկանց ոնց են խաբում, ինչ են անում․․․»։
Մեղադրող-դատախազը հետաքրքրվեց՝ գյուղի մշակութային, տնտեսական կյանքն ի՞նչ վիճակում է։ «Մշակույթի տուն ունենք, գործում է, ամեն ինչ էլ ունենք։ Համայնքի բյուջեից, կողքից ֆինանսավորվում է։ Խմելու ջուր ունենք։ Մենակ գազ չկա, մնացած ամեն ինչը տեղն է։ Ճանապարհների վիճակը․․․երեւի չկա մի հատ տեղ, որ ասֆալտ չլինի»,-պատասխանեց Մրազ Բրոյանը։
Կարդացեք նաև
Դատախազը նաեւ հետաքրքրվեց՝ տեղական իշխանությունների հետ շփումներում եզդի բնակչության հանդեպ խտրականություն նկատե՞լ է։ Համայնքապետը պատասխանեց․ «Ոչ։ Ոչ մեկին կուտ եմ տվել, ոչ էլ կուտ եմ կերել»։
-Ձեր համայնքի եւ հայ բնակչությամբ համայնքների միջեւ տարբերություն նկատե՞լ եք։
-Ոչ։ Ամեն մեկն իր արարքի համար պետք է պատասխան տա։ Մեղքս գալիս է, ուղղակի խնդրում եմ՝ իմ խնդրանքը հաշվի առեք։ Իր մեղքն այն է, որ կուտ է կերել։
-Ձեր համայնքում կա՞ն եզդիներին ունեզրկելու, հողամասերից զրկելու հետ կապված ապօրինություններ։
-Ընդդիմադիրներն ուզեցել են․․․նման բան չի եղել, բացառվում է։
-90-ականներից ձեզ հայտնի՞ է դեպք, որ ազգությամբ եզդին ցանկացել է համայնքապետի թեկնածու լինել, եւ իրեն արգելել են։
-Նոր եմ լսում նման բան։
-Այս ընթացքում եղե՞լ է դեպք, որ ձեզ ազգությամբ պայմանավորված՝ թույլ չտան համայնքապետի թեկնածու լինել։
-Ոչ։
-Դպրոց ունե՞ք, եզդիերեն դասավանդում, դասագրքեր կա՞ն։
Այո։
-Ձեր բնակչության համար կրթություն ստանալու խոչընդոտներ կա՞ն։
-Ոչ։
-Ձեզ հայտնի՞ են դեպքեր, որ նորանկախ Հայաստանում հայերի կողմից եզդիների սպանություններ, գնդակահարություններ են եղել։ Խոսքը ազգությամբ պայմանավորված սպանությունների մասին է։
-Չեմ լսել, նոր եմ լսում։
-1988թ․-ին ՀՀ-ում Արցախի ազատագրման հետ կապված շարժում սկսվեց։ Եզդիներն ի՞նչ մասնակցություն ունեցան։
-Այն, ինչ հայերը։ Մենք էլ ենք մասնակցել կռվին, ի՞նչ տարբերություն։
-Երբ լսեիք, որ այդ շարժումը շովինիստական է անվանվում եւ միայն հայերի համար է, ի՞նչ վերաբերմունք կունենայիք։
-Ոնց ասեմ․․․Միսն առանց ոսկորի չի լինում։ Կային տարրեր, որոնք ասում էին, բայց նրանք քանակ ու որակ չէին կազմում։ Սեպ չէին խրում։
-Ձեր համայնքի բնակիչները երբեւէ դիմե՞լ են հարցով, որ հայերի կողմից վախի մթնոլորտում են ապրում։
-Ոչ։
-Դուք ձեր ապագան ՀՀ-ում տեսնո՞ւմ եք։
-Ոնց հայերի ապագան, այնպես էլ մերը։
-Սաշիկ Սուլթանյանի հարցազրույցը լսե՞լ եք։
-Ես ԱԱԾ քննիչին էլ եմ ասել՝ սա սարքած գործ է։ Ինքը կուտը կերել է, հիմա էլ կիսագողական է գնում՝ չի ուզում ասի, թե ով է իրեն կուտը տվել։ Կանչել եմ իրեն մոտս, ասել եմ՝ էս ի՞նչ ես ասել։ Ասեց՝ դե եսիմ է․․․ինքը չի ուզում այդ մարդուն ծախի։ Այդ մարդուն մի ծախի, բայց գոնե դու հասկացի։ Իրեն մի բան են խոստացել ընդդիմադիրները․․․վարչապետին քցեն աթոռից։
-Հայաստանում եզդիների իրավունքների խախտումներ, ունեզրկում, նման դեպքեր ձեզ հայտնի՞ են։ Ի՞նչ կասեք հարցազրույցում արտահայտված նման մտքերի մասին։
-Որ ինքն իմանար այսօր այստեղ է նստելու, նման բաներ չէր ասի։ Գիտեր, թե իշխանությունը գնալու է, ինքն էլ իրեն լավ է զգալու։ Սա ինչ կա չկա՝ սարքած է։ Նման բան չկա։ Հայերը ՀՀ-ում ոնց որ ապրում են, նույնն էլ եզդիներն են։ Իրեն կուտ են տվել։
-Ի՞նչ նկատի ունեք կուտ տալ, խոստանալ ասելով։
-Ասել են՝ գալիս ենք իշխանության, դու էլ եսիմ որտեղ վարչության պետ․․․նախարա՞ր էին տալու(վկան խոսքն ընդհատումներով է ձեւակերպում-․հեղ․)
-Ձեզ որտեղի՞ց է հայտնի դա։
-Չկա եզդի, որին չճանաչեմ, նրա ծնողներին էլ եմ ճանաչում։ Պապս ողջ Կովկասի եզդիների առաջնորդն էր։ Ես էդ բաները շատ լավ գիտեմ։ Ասել եմ՝ այ տղա, ո՞վ է քեզ նման բան ասել, ասա՝ ես գնամ խնդրեմ։ Ասաց՝ չէ,՜ նման բան չկա։ Էդ մարդիկ ուզեցել են եզդիներին խառնեն էս ամեն ինչի մեջ։ Մեր հայերն են եղել՝ ընդդիմադիրները, պարզ չի՞։
-Ո՞ր անձանց մասին է խոսքը։
-Չգիտեմ, չի ասել։
-Այդ դեպքում որտեղի՞ց եք ենթադրում։
-Դուք չգիտե՞ք։ Եզդին կարո՞ղ է ՀՀ-ում վարչապետ դառնալ, կներեք։ Պարզ հայերենով ասացի։
-Այսինքն, ըստ ձեզ, Սաշիկ Սուլթանյանի հարցազրույցի նպատակն էր եզդիական համայնքը վայրիվերումների ենթարկե՞լ։
-Իրեն ասել են, ինքն էլ չի հասկացել՝ ասել է։ Եթե ինքն իրեն դրդած անձանց անունները տար, հիմա այստեղ չէր լինի։
Ապա հարցեր հղեցին Սաշիկ Սուլթանյանի պաշտպանները։
-Որտեղի՞ց իմացաք, որ ընդդիմադիրներն են իրեն ասել։
-30 տարի է՝ քաղաքականության մեջ եմ։
-Այսինքն, ենթադրություն է։
-Իմ ենթադրության եթե ոչ հարյուր, ապա 90%-ը ճիշտ է։
-Ըստ ձեզ, Սաշիկ Սուլթանյանը դիտավորյա՞լ է այդ հարցազրույցը տվել, ուղղորդե՞լ են։
-Ուղղորդել են, ասել են։
-Դուք ԱԱԾ-ո՞ւմ եք իմացել, որ Սաշիկ Սուլթանյանը նման հարցազրույց է տվել։
-Այո։
-Եղե՞լ է դեպք կամ որեւէ մեկը ձեզ ասե՞լ է, որ այդ հարցազրույցի պատճառով հայերի եւ եզդիների միջեւ վեճը վերածվել է բռնության ՀՀ-ում կամ որեւէ տեղ։
-Ոչ։
-Տեղյա՞կ եք, թե ինչով է զբաղվում Սաշիկ Սուլթանյանը։
-Ոչ։
-Ասացիք, որ ՀՀ-ում եզդին չի կարող դառնալ վարչապետ։ Ի՞նչ նկատի ունեիք։
-Նկատի ունեմ, որ իրեն կուտ են տվել, ի՞նչ գործ ունի՝ մտել է խառնում է եզդիներին։ Այ դա եմ ասում։
Դատավոր-նկատի ունի՝ ազգությամբ եզդին կարո՞ղ է դառնալ վարչապետ։ Եթե ոչ, ըստ ձեզ, ինչո՞ւ։
-Որովհետեւ ազգային ժողովն է վարչապետ ընտրում։ Եթե մեծամասնությունը եզդիներ լինեն․․․հասկանալի չի՞։
Այսքանով այս վկայի հարցաքննությունն ավարտվեց։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ