«Ապրելու ձայնը» խորագրով գրական-մշակութային օրերի շրջանակներում երեկ՝ հունիսի 27-ին, Արցախի պետական համալսարանում կայացել է «Արդի գրականությունը և Արցախը» թեմայով հանդիպում-քննարկում:
ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը ողջունելով ներկաներին, կարևորել է նման հանդիպում-քննարկումները, ինչպես նաև բարձր է գնահատել Համազգային հայ կրթական և մշակութային միության գործունեությունը, նշելով, որ շուրջ 100 տարի միությունն իրականացնելով հայանպաստ ու հայապահպան գործունեություն, այսօր էլ շարունակում է մնալ իր դիրքում:
Գրականագետ, «Արմավ» հրատարակչության գլխավոր խմբագիր Արմեն Ավանեսյանի խոսքով՝ 90-ականներին շատ դժվարին իրավիճակ էր ստեղծվել. «Երբ, այսպես ասած, «երկաթե վարագույրը» կործանվեց և արևմտյան տարակերպ մտածողությունները ներթափանցեցին, հայ գրողը մի տեսակ այս հոսքերի մեջ ևս ցայտունային իրավիճակում հայտնվեց, սկսեց շարժումը, սկսվեց նաև քաղաքական պայքարը և հաճախ փողոցներում տեղի ունեցածն ավելի հետաքրքիր էր, քան կոնկրետ գրականությունն ու մշակույթը: Բայց ամեն դեպքում տեղի ունեցավ մեզ համար հրաշալի մի բան՝ հաղթանակը 94 թվականին, որը ցավալիորեն եմ նշում, հայ գրականության մեջ չտարեգրվեց ու չամրագրվեց: Եթե հետ նայենք ու տեսնենք, թե Հայրենական մեծ պատերազմի տարիներից սկսված ու դրանից եկող գրականությանը, պետք է տեսնենք, թե ինչպես տարեգրվեց Սովետական միության հաղթանակը ֆաշիստական Գերմանիայի դեմ»,-ասել է Արմեն Ավանեսյանը, նշելով, որ Արցախյան առաջին պատերազմի արտացոլանքով մի քանի հրաշալի պատմվածքներ ունեցավ Վրեժ Իսրայելյանը, իր կիսատության մեջ ամբողջական վեպ գրեց Լևոն Խեչոյանը, որը գրականագետի համար վիճահարույց է և դարձյալ հաղթանակի ամրագրում և տարեգրում չի դարձել:
«Մեր մտածողությունը կարծես ավելի պոետական է: Պոեզիայում արձագանքներ շատ եղան՝ թե՛ Ներսես Աթաբեկյանի, թե՛ Էդվարդ Միլիտոնյանի, թե՛ Խաչիկ Մանուկյանի ու Հրաչյա Թամրազյանի: Բայց պոեզիան այն տարածականությունը չունեցավ»,-ավելացրեց Արմեն Ավանեսյանը:
Ելույթներ ունեցան նաև ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, բ.գ.դ., պրոֆեսոր Դավիթ Գասպարյանը, Սոկրատ Խանյանը, Զինաիդա Բալայանը, Համազգայինի Լիբանանի ճեմարանի տնօրեն Տիգրան Ջինբաշյանը, Կանդայի «Հորիզոն» թերթի գլխավոր խմբագիր Վահագն Գարագաշյանը: