Լրահոս
Օրվա լրահոսը

«Միակ տեղն ինձ համար Եռաբլուրն է. ինձ խաբելով ապրում եմ». «Փաստ»

Հունիս 28,2022 10:51

Էդգարը ծնվել է Երևանում, իր կյանքի 18 տարին ապրել Նորագավիթում՝ մայրիկի հետ:

«Սիրում էր հայրենիքը, բարկանում էր, երբ թշնամին հայտարարում էր, որ Արցախն իրենն է, ոգևորվում էր, երբ մարզիկները հաղթում էին, և հայկական դրոշն էր բարձրանում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Շուշանիկը:

Իր իսկ խոսքով, հաշմանդամություն է ունեցել, նպաստ ստացել, բայց տղայի բանակ զորակոչվելուց առաջ, չգիտես ինչու, այդ նպաստը «կտրել» են, կարգն այդպես էլ չեն վերականգնել: «Երբ Էդգարը բուժզննում անցավ, պարզվեց, որ ողնաշարի խնդիր ունի: Պարզվեց նաև, որ ոտքերից մեկը մեծ է, մյուսը՝ փոքր: 2020 թ.-ի հուլիսի 6-ին «պավեստկան» եկել էր, պատռեցի, զինկոմիսարիատից նոր փորձաքննություն պահանջեցի: Հաջորդը եկել էր նույն ամսի 18-ին, բայց Էդգարն ինձ չէր ասել: Մի քանի օր հետո նոր իմացա, էլ ոչինչ անել չէի կարող»,-պատմում է Էդգարի մայրիկը: Ստացվում է, որ տղայի ու այս դեպքում նաև մայրիկի առողջական խնդիրները հաշվի չեն առել, և հուլիսի 24-ին Էդգարին զորակոչել են բանակ: Ի դեպ, մայրիկի խոսքով, երբ որդին ցանկացել էր մեքենա վարել, ասել էին, որ ոտքերի հետ խնդիր ունի, չի կարող, բայց բանակ տանելուց նույն խնդիրը հաշվի չէին առել:

Այցելել որդուն չի հասցրել, ներկա չի եղել նաև զինվորական երդման արարողությանը, քանի որ համավարակի շրջանն էր, այցելություններն արգելված էին: Խոսում էին հեռախոսով, որդու առաջին տպավորությունները ծառայությունից շատ լավն էին: «Մի օր խոսում էինք, անընդհատ «վախ» էր ասում, ի՞նչ իմանայի, որ զուգարանից դուրս գալիս առաստաղից պատի ծեփն է ընկել գլխին, վնասվել է: Սրա մասին շատ հետո եմ իմացել իր ծառայակից ընկերներից: Զարմանում եմ, թե ինչպե՞ս են իրեն այդ վիճակում դիրքեր բարձրացրել»,-հավելում է տիկին Շուշանիկը:

«Հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության համար» մեդալով, շնորհակալագրեր ու պատվոգրեր ունի, բայց ի՞նչ անեմ դրանք: Երեխուս փոխարեն այդ մեդալն եմ ստացել: Հիմա ինձ խաբելով ապրում եմ, որքան էլ ուզում եմ հավատամ, որ ինքը երկնքում լավ է, որքան էլ ցանկանում եմ պինդ մնալ, որ իր հոգին այնտեղ խաղաղ լինի, Եռաբլուրում խոսք եմ տալիս, որ ուժեղ եմ լինելու, չեմ դիմանում, տառապանքս սահման չունի: Էս մի երեխեն ունեի, սփոփանք չեմ գտնում, երազում էի իրեն ամուսնացնել, թոռ ունենալ, իսկ հիմա՞… Հիմա աչքիս ոչինչ չի երևում, անգամ տնից դուրս գալ չեմ ուզում, միակ տեղն ինձ համար Եռաբլուրն է»,-եզրափակում է Էդգարի մայրիկը:

Լուսինե ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930