Լրահոս
Օրվա լրահոսը

Սյունիքի մարզպետի 24 ժամյա բանակցությունների արդյունքում՝ կապանցի հանքագործները դադարեցրին գործադուլը. (ֆոտոշարք, տեսանյութ)

Հունիս 27,2022 23:59

Հունիսի 27-ին, ժամը 23.00-ից վերսկսվել են Կապանի նախկին լեռնահարստացման կոմբինատի՝ «Չաարատ Կապան» ընկերության աշխատանքները։ Այն հնարավորություն դարձավ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի 24 ժամյա անընդմեջ, համարյա չընդհատվող բանակցությունների արդյունքում։

Հիշեցնենք, որ հունիսի 24-ից ընկերության 70 հանքագործ անժամկետ գործադուլ էին հայտարարել՝ պահանջելով աշխատավարձի բարձրացում, լուծել առողջապահական ապահովագրության խնդիրը, ապահովել աշխատանքի անվտանգության կանոնները եւ այլն։ Կիրակի մի քանի րոպեով բողոքավորները փակել էին Երեւան-Մեղրի միջպետական ճանապարհը։ Գործադուլավոր հանքագործերից 4 հոգի՝ երեք օր է, ինչ հացադուլ էին հայտարարել։

Կիրակի երեկոյան գործադուլավորների ներկայացուցիչներին ընդունել էր Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, խոստացել աշխատակիցների պահանջները ներկայացնել ընկերության ղեկավարությանը՝ լուծումներ գտնելու համար։ Նախ, մարզպետին ու ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետ Ալիկ Մամիկոնյանին բողոքավորները ներկայացրին 9 կետից բաղկացած պահանջագիր՝ սկսած աշխատավարձի բարձրացումից մինչեւ գլխավոր տնօրեն Դավիթ Թովմասյանին աշխատանքից ազատում։

Կեսգիշերն անց Ռոբերտ Ղուկասյանն ու Ալիկ Մամիկոնյանը հանդիպեցին «Չաարատ Կապան» ընկերության ղեկավարությանը։ Գլխավոր տնօրեն Դավիթ Թովմասյանը նշեց, որ բոլոր պայմանները բաժնետերերի կողմից ընդունելի են , բացի այս պահին աշխատավարձի բարձրացումն ու գլխավոր տնօրենին ազատումը։

Երկուշաբթի առավոտյան հանքագործները փակեցին ընկերության մուտքը՝ թույլ չտալով այլ աշխատակիցների մտնել կոմբինատ։ «Ասում են՝ դոլարի կուրսը ընկել է, չեն կարող աշխատավարձը բարձրացնել, բա ո՞ր բարձր էր, ինչու չմտածեցին գոնե մի 5000 դրամով աշխատավարձը բարձրացնել»,-նշեցին գործադուլավորները Aravot.am-ի հետ զրույցում։

Կեսօրին մոտ, «Չաարատ Կապան» ընկերության  տնօրինությունը տարածեց հայտարարություն՝ տեղեկացնելով, որ անորոշ ժամկետով դադարեցնում են հանքի գործունեությունը։ «Սույն թվականի հունիսի 24-ին ընկերության ստորգետնյա հանքի 3-րդ հերթափոխի աշխատակիցները հրաժարվել են հանք մտնել, ընդ որում նրանց գործողությունները չի կարող դիտարկվել` գործադուլ, հաշվի առնելով, որ գործադուլ հայտարարելու օրենսդրական պահանջը պահպանված չէ։

Տվյալ աշխատակիցների՝ գլխավոր տնօրենին ներկայացրած հիմնական պահանջներից մի մասը ընկերությունը պատրաստակամություն հայտնեց բավարարել, սակայն վերջիններս որեւէ փոխհամաձայնության չգալով, արդեն 3 օր է շարունակում են իրենց սաբոտաժը։ Իհարկե, բոլորս ենք հասկանում ողջ աշխարհում բռնկված տնտեսական ճգնաժամի ծանր հետեւանքները, ընկերությունը եւս անտարբեր չէ իր աշխատակիցների խնդիրներով, սակայն ներկա պահին այդ ճգնաժամը նաեւ բացասական ազդեցություն է թողել ընկերության վրա, հատկապես վերջին ամիսներին հայկական դրամի ԱՄՆ դոլարի նկատմամբ զգալի արժեւորումը, եւ ներկա պահին աշխատավարձերի բարձրացման պահանջն ընկերությունը ի վիճակի չէ բավարարել։

Տվյալ աշխատակիցները, իրենց հակաիրավական գործողություններով, խոչընդոտում են ոչ միայն հանքի, այլ նաեւ ընկերության ողջ տնտեսական գործունեությանը, որը ֆինանսական մեծ վնասներ է հասցրել ընկերությանը։

Ներկա պահին ընկերության ղեկավարության որոշմամբ արտադրության աշխատանքներն անորոշ ժամանակով դադարեցված են եւ դեռեւս պարզ չի՝ աշխատանքները երբ կվերսկսվեն։

Ի հավելում նշենք, որ Չաարատ Կապանը, համարվելով Կապան համայնքի ամենամեծ գործատուն, աշխատանքով է ապահովում շուրջ 1040 բնակչի, ինչպես նաեւ հարյուրավոր կապալառուների, որոնց մեծամասնությունը տեղացիներ են»,-ասված է հայտարարությունում։ Միաժամանակ ընկերության վարչակազմը գործադուլավորներին տեղեկացրել էր, որ կստանան աշխատանքից ազատվելու ծանուցագրերը։

Այս նախազգուշացումից հետո գործադուլավորները շարժվեցին դեպի Սյունիքի մարզպետարան։ Նրանց ներկայացուցիչները կրկին հանդիպելով Սյունիքի մարզպետին՝ նշեցին, որ իրենք պատրաստ են փոխզիջումների, եթե ընկերության տնօրինությունը եւս պատրաստ է ։ Մի քանի ժամ բանակցելուց հետո երկուստեք համաձայնություն ձեռք բերվեց վերսկսել աշխատանքը՝ պայմանով, որ աշխատավարձի վերանայում կլինի հետագայում։ Իսկ այս փուլում՝ ընկերության տնօրինությունը կկիրառի տարեվերջյան պարգեւատրումներ, կլուծի աշխատողների առողջապահական ապահովագրման, ներքին անվտանգության, նոր սարքավորումների եւ արտահագուստի տրամադրման հարցերը։

Ռոբերտ Ղուկասյանն անձամբ այցելելով «Չաարատ Կապան», դիմավորեց հացադուլից դուրս եկող հանքագործներին՝ հորդորելով նրանց անցնելու բուժհետազոտություն։ Հանքագործները իրենց գործընկերներին դիմավորեցին ծափահարություններով։

Գործադուլավորները շնորհակալություն հայտնեցին մարզպետին՝ իրենց աջակցելու եւ ճիշտ ուղղություն ցույց տալու համար։

«Ես աշխատավարձ եմ ստանում, որ ծառայեմ ժողովրդին, որպես հայ տղա, որպես մարզպետ պիտի ծառայեմ հայրենիքն ու հատկապես Սյունիքին։ Ավել-պակաս կներեք, տղերք»,ասաց Ռոբերտ Ղուկասյանը։

Սյունիքի մարզպետը հատուկ շնորհակալություն հայտնեց մարզի ոստիկաններին՝ վերջին 4 օրերին իրականացրած ծառայության համար։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930