ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի եւ ԲԴԽ նախագահի լիազորությունները դադարեցրած Ռուբեն Վարդազարյանի միջեւ տեղի ունեցած խոսակցության ձայնագրությանն անդրադարձավ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որն այսօր պատասխանում է լրատվամիջոցների հարցերին։ Հարցին՝ արդյոք չի՞ կարծում, որ ձայնագրության բովանդակությունը ստվերում է դատաիրավական բարեփոխման ամբողջ գործընթացը եւ համակարգում ներքին կարգով հարցեր լուծելու պրակտիկան շարունակվում է, Փաշինյանը պատասխանեց՝ այո, կարծում եմ։
«Ասում են՝ մեր խմբակցության կողմից է ընտրվել Գագիկ Ջհանգիրյանը։ Ռուբեն Վարդազարյանն էլ մեր իշխանության ժամանակ է դարձել ԲԴԽ նախագահ։ Եվ ձայնագրությամբ իր հետ կապված էլ խնդիրներ կան։ Մեր ամենամեծ խնդիրը դատական համակարգն է, մենք այստեղ իրական հաջողություններ չունենք։
Անկախ դատական համակարգը մեր իդեալն է, մենք իրոք ուզում ենք որ ՀՀ-ում անկախ դատական համակարգ լինի, կան բազմաթիվ ազնիվ դատավորներ։ Դատական համակարգում խմբավորումներ կան, կլաններ կան, հովանավորություններ կան։ Նույն Ռուբեն Վարդազարյանը չէ՞ր 2019-ին հարցազրույց տալիս, ասում՝ որ պահին վարչապետն ասի հրաժարական տուր, ես կտամ, հետո հայտարարություն անում կառավարության դեմ։ Բա դատական համակարգի նկատմամբ վարչապետի քննադատություններից հետո ինչո՞ւ հրաժարական չէր տալիս»։
Դիտարկմանը՝ ձայնագրությունում ակնարկվում է, որ Ջհանգիրյանը երկրի բարձրագույն իշխանության կողմից առաջադրանք է ստացել, Փաշինյանը պատասխանեց՝ երկրի բարձրագույն իշխանությունը արտահայտել է եւ շարունակում է արտահայտել իր մտահոգությունները դատական համակարգում տեղի ունեցողի եւ առկա իրավիճակի նկատմամբ․ «Բայց դա չի նշանակում, որ մենք պետք է դադարենք անկախ դատական համակարգի բարեփոխումների գործընթացը։ Չկա մի պետություն, որտեղ մի գործողությունով դատական համակարգում փոփոխություններ են լինում»։
Կարդացեք նաև
Փաշինյանն ասաց, որ կա ձայնագրություն, դա պատշաճ քննության կարժանանա։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ